«Ի՞նչ է նշանակում՝ արցախցի, հայաստանցի». ազատամարտիկները՝ Փաշինյանի աներձագի արտահայտության մասին
«Արցախ-Հայաստան տարանջատումը մեր կողմից չի ընդունվում, ի՞նչ է նշանակում՝ արցախցի, հայաստանցի: Սա այս տարիների մեծագույն բաներից մեկն է, որ մեզ պարտադրեցին: Ես չգիտեմ, ո՞վ դա արեց, ի՞նչ նպատակով: Այստեղ ողջունելու որևէ բան չկա: Մենք անընդհատ ասում ենք՝ մի ժողովուրդ ենք, մի պետություն ենք ուզում ունենալ, ու տարանջատում ենք: Սա, միանշանակ, վատ նայվող բան է»,- անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի պատասխանին՝ ասաց «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ Գևորգ Տեր-Գևորգյանը:
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը դիմել էին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ մայիսի 9-ին ընդառաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով:
hraparak.am-ի լրագրողն Արցախի երկու նախագահների դիմում-նամակի մասին կարծիք է հարցրել ԱԺ իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանից՝ Նիկոլ Փաշինյանի աներձագից։
«Խնդիր չկա, ուղղակի արցախցի ա երևի Ռոբերտ Քոչարյանը, իրանց երկրի, այսպես ասած, ներկայացուցչի համար դիմել են, հա՞, երևի։ Չգիտեմ, կամ էլ երևի իրենց ընկերն ա։ Էդ ա միակ բանը, էլի»,- ասել էր նա:
«Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի մյուս անդամ Վովա Առաքելյանն էլ նշեց.
«Դե, եթե Վիտալի Բալասանյանն էլ ասի՝ եթե որևէ մեկն ասի, որ Արցախը Հայաստանի մարզ է, նա չի մտնի Արցախ… Սա գնում, հասնում է մեր թշնամիներին, չէ՞: Արցախը Հայաստանի անբաժանելի մասն է»:
Հիշեցնենք, որ մարտի 30-ին Վիտալի Բալասանյանն անդրադառնալով «Սասնա Ծռերին»՝ ասել էր.
«Նրանք Արցախում համախոհներ չունեն։ Արցախցիները հյուրասեր մարդիկ են։ Ցանկացած անգլիացի, ընդհուպ՝ Թուրքիայից, մենք այստեղ ժամանակ առ ժամանակ ազգությամբ թուրք, ռուս, տարբեր ազգերի ընդունում ենք ու լսում։ Կոչ եմ անում այդ մարդկանց, ովքեր ասում են՝ Արցախի Հանրապետությունը մարզ է՝ չհատեն սահմանը։ Մենք ունենք մեկ հայրենիք, երկու հայկական հանրապետություն, ովքեր ընդունում են այս տարբերակը, մենք պատրաստ ենք բոլորին ընդունել։ Իսկ նրանք, ովքեր կփորձեն կամ փորձում են կոչեր անել, որ պետք է հեղափոխություն անեն, որ պետք է իշխանափոխություն անեն Արցախում, ես նրանց խորհուրդ կտայի ընդհանրապես ձեռնպահ մնալ, և չխառնվել Արցախի ներքաղաքական և արտաքին քաղաքական հարցերին»:
Անի Կարապետյան