ԵՄ-ն Հայաստանի հյուսիսային շրջանների ներառական աճին նպաստելու համար կհատկացնի ավելի քան 31 մլն եվրո
Հայաստանի կառավարության և Եվրոպական միության միջև ստորագրված «ԵՄ-ն Հայաստանի համար. տարածքային զարգացում» ֆինանսավորման համաձայնագրով եվրոպական կողմը մեր երկրին կտրամադրի 31,250 մլն եվրո: Համաձայնագիրը հաստատելու մասին ՀՀ նախագահի հրամանագրի նախագիծն ընդգրկված է կառավարության մայիսի 10-ի նիստի օրակարգում:
Համաձայնագրի նպատակն է Հայաստանի հյուսիսային շրջաններում (ՀՀ կառավարության կողմից որպես փորձնական շրջաններ ընտրված Շիրակ, Լոռի և Տավուշ մարզերում) ընդհանուր և բալանսավորված ներառական աճի իրականացումը` խելացի և կայուն գյուղատնտեսության, նորարարական տուրիզմի և ստեղծագործական արդյունաբերության ճյուղերի խթանման միջոցով:
Ծրագրի նպատակներն՝
1) աջակցել և նախնական թափ հաղորդել շուկայահեն վենչուրային ընկերություններին, որոնք տարածքային բնորոշ մարտահրավերների լուծումներ են առաջարկում,
2) թափ հաղորդել արագ աճի հնարավորություն ունեցող փոքր և միջին ձեռնարկություններին՝ ՀԸԳՀ գործիք ստեղծելու միջոցով դրանց սոցիալ-տնտեսական ազդեցության մակարդակը բարձրացնելու համար,
3) խթանել բարենպաստ միջավայր՝ տարածքային վենչուրային ընկերությունների և փոփոխություններ իրականացնողների ազդեցությունն ընդլայնելու համար:
Ծրագրի ներքո դրամաշնորհի միջոցով աջակցություն կտրամադրվի «Հորիզոն-2020» հետազոտությունների և նորարարությունների ԵՄ շրջանակային ծրագրին Հայաստանի մասնակցության համար՝ տարեկան անդամակցության վճարների 50%-ի չափով օժանդակություն տրամադրելու միջոցով` Կրթության և գիտության նախարարության/Գիտությունների ազգային կոմիտեի միջոցով:
Ծրագրով նախատեսված աջակցության որոշ բաղադրիչների իրականացումը կապահովվի Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ), Ավստրիական զարգացման գործակալության (ADA), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) հետ՝ Հարևանության ներդրումային հարթակի միջոցով:
Համաձայնագիրը ֆինանսավորվում է ԵՄ բյուջեից` Եվրոպական հարևանության գործիքի շրջանակներում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 31,250 մլն եվրո:
Համաձայնագրի իրականացման ժամանակահատվածը կազմում է 72 ամիս: