
«Կարծում ենք՝ հաշվի կառնեն Վահանյանի ներդրումը մեր շախմատային կյանքում». Սմբատ Լպուտյան

Արդյո՞ք Ռաֆայել Վահանյանը կշարունակի պաշտոնավարել իր անունը կրող դպրոցում. հարցը քննարկումների փուլում է։ 168.am-ի խնդրանքով Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, ՖԻԴԵ-ի «Շախմատը կրթական համակարգում» հանձնաժողովի նախագահ Սմբատ Լպուտյանն անդրադարձավ այս խնդրին՝ նշելով, որ հարցին անդրադարձել են նաև ֆեդերացիայում։
«Քննարկել ենք հարցը նաև պարոն Արայիկ Հարությունյանի հետ։ Մենք կարծում ենք և վստահ ենք, որ այն պատիվը, որն ունի Ռաֆայել Վահանյանը մեր շախմատային կյանքում, անպայման հաշվի կառնեն։ Կարծում ենք, որ բոլորս ուրախ պիտի լինենք, որ ինքը կարող է ծառայել մեր շախմատի զարգացմանը»,- ասաց Ս. Լպուտյանը։
Ի դեպ, լրագրողների հետ զրույցում ԿԳՆ Արայիկ Հարությունյանն էլ նշեց թեմայի շուրջ համատեղ քննարկումների մասին։
Հիշեցնենք, որ մայիսի 7-ին նշանակվել է մրցույթ Շենգավիթի շրջանում գտնվող լեգենդար գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանի շախմատի դպրոցի տնօրենի պաշտոնի համար, որին մասնակցելու իրավունք չունի ինքը՝ դպրոցի հիմնադիր և գործող տնօրեն Ռաֆայել Վահանյանը: Պատճառը Վահանյանի տարիքային շեմն է՝ նրա 65-ամյակը լրացել է:
Հայ գրոսմայստերները բաց նամակով դիմել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ Ռ. Վահանյանի դպրոցի տնօրենի մրցույթի վերաբերյալ:
Զարուհի Դիլանյան