Բաժիններ՝

«Իմ մարմինն անձնական է» գրքում այլասերվածության որևէ նշույլ չկա. Զարուհի Բաթոյան

«Իմ մարմինն անձնական է» գրքում այլասերվածության որևէ նշույլ չկա: Իմ հայտարարությամբ ես դատապարտել եմ հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված միջոցառումը խափանելու փորձն ու կարևորել եմ մարդու իրավունքների ոլորտում աշխատող հ/կ-ների համար անհրաժեշտ ապահով միջավայրի ստեղծումը, որպեսզի բարենպաստ պայմաններում կարողանան աշխատել»,- այս մասին այսօր պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսում հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

«Մարդիկ ուզեն՝ կկարդան, կուզեն՝ ոչ: Յուրաքանչյուր ծնող ինքն է որոշում՝ ինչպես դաստիարակել իր երեխային: Դա դասագիրք չէ, պարտադիր օգտագործման գրքույկ չէ: Ես խրախուսում եմ կրթությունը, իրազեկվածությունը, որը կարող է լինել տարբեր միջոցներով՝ գիրք, սեմինարներ և այլն»,- հավելեց նա:

Նախարարի խոսքով՝ այսօր սեռական բռնության ենթարկված անձանց համար ծառայությունները պետությունը որևէ կերպ չի ֆինանսավորում:

«Չկա ծրագիր, որով պետությունը պաշտպանում է սեռական բռնության ենթարկված երեխաներին կամ անձանց: Ադյո՞ք սա ճիշտ եք համարում: Եվ ինձ ոչինչ չի մնում անելու, քան կարևորել այս կազմակերպության աշխատանքը, և ընդհանրապես, շնորհակալություն հայտնել բոլոր այն կազմակերպություններին, որոնք իրականացրել և շարունակում են իրականացնել պետության գործառույթները»,- նշեց Զարուհի Բաթոյանը:

Հիշեցնենք, որ Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում խստորեն դատապարտել էր «Բուկինիստ» սրճարանում տեղի ունեցածը, երբ փորձ էր արվել խափանել «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» հ/կ-ի կազմակերպած «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսը:

Նա մասնավորապես գրել էր. «Խստորեն դատապարտում եմ այսօր «Բուկինիստ» սրճարանում տեղի ունեցածը, երբ փորձ է արվել խափանել «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» հ/կ-ի կազմակերպած «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսը: Մի գրքի, որի նպատակն է՝ կանխարգելել երեխաների նկատմամբ սեռական բռնությունը։

Քննչական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2017 թվականին քննված սեռական բնույթի 161 հանցագործություններից 101-ը երեխաների նկատմամբ է եղել։

Բռնության դեմ պայքարի ամենաարդյունավետ ճանապարհը կրթությունն է։ Առանց ծնողների և երեխաների իրազեկությունը բարձրացնելու՝ անհնար է պաշտպանել նրանց։

Վերը նշված կազմակերպությունը նախարարության միակ գործընկերն է, որը Հայաստանում մատուցում է մասնագիտացված ծառայություններ սեռական բռնության ենթարկված անձանց: Կազմակերպության ջանքերով 2013 թ. ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարվեցին, և ավելի խիստ պատասխանատվություն սահմանվեց անչափահասների նկատմամբ սեռական բռնության հանցագործությունների համար:

Մեր գործընկեր կազմակերպությունները, որոնք աջակցում են մեզ մեր պարտավորությունները իրականացնելու հարցում, պիտի կարողանան իրենց դժվար աշխատանքն անել մի միջավայրում, որտեղ չկա բռնություն կամ բռնության սպառնալիք իրենց և իրենց ընտանիքի անդամների նկատմամբ:
Բռնությունը չարիք է, իսկ անտեղյակությունը և ապատեղեկատվության տարածումը` պարարտ հող չարիքի արմատավորման համար»:

Նշենք, որ մայիսի 4-ին «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» հ/կ-ն ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ «Բուկինիստ» գրախանութում հրավիրված միջոցառման ընթացքում ներխուժել են մոտ 25 անձ և խափանել «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսը:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս