
Վրաստանի էլեկտրահամակարգում վթարային անջատման պատճառը դարձել է ուժգին քամին

Նախնական տվյալներով՝ Վրաստանի էներգահամակարգում վթարային անջատման պատճառը եղել է ուժեղ քամին: Այդ մասին հայտարարել է «Վրաստանի պետական էլեկտրահամակարգի» կառավարող խորհրդի անդամ Գեորգի Ամուզաշվիլին Առաջին ալիքի եթերում:
«Իմերեթի» էլեկտրահաղորդման գծի վթարային անջատումը տեղի է ունեցել մայիսի 2-ին Թբիլիսիի ժամանակով 18:11-ին: Էլեկտրամատակարարման հետ կապված խնդիրներ են առաջացել Թբիլիսիում եւ Վրաստանի մի քանի տարածաշրջաններում: Երկու ժամ անց էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել է երկրի ամբողջ տարածքում:
«Նախնական տվյալների համաձայն՝ վթարն առաջացել է սաստիկ քամուց: Դրա հետեւանքով համակարգում անջատվել են երկու ուժային էլեկտրաէներգետիկական տարրեր, եւ միացել է հակավթարային ավտոմատիկան: Դրանից հետո էլեկտրաէներգիայի սպառումը 30 տոկոսով սահմանափակվել է»,- հայտարարել է Ամուզաշվիլին: Նրա խոսքով՝ պատահարի պատճառները մանրամասնորեն կուսումնասիրի հատուկ հանձնախումբը, հաղորդել է Sputnik-ը: