«ԱԱԾ-ն, ի տարբերություն այլ մարմինների, ինքնամաքրում չի արել». Դանիել Իոաննիսյանն անդրադարձել է Սանասարյանի գործին

168.am-ը Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) ղեկավար Դավիթ Սանասարյանի գործի վերաբերյալ լսել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոաննիսյանի դիտարկումները, ով այս խնդրի շուրջ բավական մեծ ակտիվություն է ցուցաբերում սոցցանցում։ 168.am-ի հարցերին ի պատասխան՝ Իոաննիսյանը թեմայի շրջանակում անդրադարձել է նաև հետհեղափոխական Հայաստանում բացված այլ աղմկահարույց գործերի նույնպես։

Դուք մի քանի անգամ հրապարակային պնդել եք, որ Դավիթ Սանասարյանի գործը պատվիրված է, ինչպե՞ս կմեկնաբանեք Ձեր այս համոզումը։

– Ես տեսնում եմ երևույթներ, որոնք չեն կարող լինել այնպիսի քրեական գործում, որն ամբողջությամբ տեղավորվում է ՀՀ օրենսդրության տրամաբանության մեջ։ Օրինակ՝ մենք բոլորս ենք տեսել, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրենը հայտարարել է, որ այդ գործը գնալու է դատարան, այնինչ քրեական գործը չավարտված՝ որևէ մեկը չի կարող կանխատեսել՝ գործը կգնա՞ դատարան, թե՞ չի գնա դատարան։ Ընդ որում, անգամ, երբ նախաքննությունն ավարտվի, դրա որոշողը լինելու են քննիչն ու դատախազը, ոչ թե՝ ԱԱԾ տնօրենը։

Ինքնին քրեական գործը, առհասարակ, եթե փորձում ենք հասկանալ՝ էդտեղ հանցագործություն կա՞, թե՞ չկա, արդեն հասկանում ենք, որ տեղով կասկածահարույց է ընդհանրապես հանցագործության առկայությունը, որովհետև փաստացի այդ պատմության մեջ Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցները բացահայտել են հանցագործություն (այսինքն՝ դիալիզի գնումների ոլորտն ուսումնասիրել են և բացահայտել են հանցագործություն): Եվ նախորդ ուրբաթ օրը Դատախազությունն արդեն արձանագրեց, որ՝ այո՛, այդտեղ կար հանցագործություն, և այո՛, Պետական վերահսկողական ծառայությունը հանցագործություն է հայտնաբերել։

Իրենք այդ հանցագործությունը հայտնաբերել են, որովհետև լավ ծառայողնե՞ր են, թե՞ որովհետև որոշել են այդ շուկայում ինչ-որ բիզնես շահեր հետապնդել, բայց չեն կարողացել, չգիտեմ՝ միգուցե էդտեղ իրոք խնդիր կա։ Բայց այն, որ այդ մարդիկ գնացել-բացահայտել են հանցագործություն, և այդ հանցագործության հիմքով քրեական գործը հարուցվեց այն հրապարակելուց մեկ ամիս անց… Հանցակազմն այնտեղ ակնհայտ է, բայց մի ամիս Դատախազությունից պահանջվեց, որ գործ հարուցվի, այնինչ այն մարդկանց նկատմամբ, ովքեր հայտնաբերել են այդ հանցագործությունը, քրեական հետապնդում է իրականացվում և անգամ խափանման միջոց է ընտրվում կալանավորումը…

Այստեղ խնդիրները շատ են, ինչը հիմք է տալիս կասկածելու, որ այո՛, այս գործն այլ դրդապատճառներ ունի։

Իսկ Ձեր կասկածները կոնկրետ այս գործի՞ն են առնչվում, թե՞ Ձեր այդ ենթադրություններով կասկածի տակ եք դնում նաև հետհեղափոխական Հայաստանում բացված այլ աղմկահարույց գործերը նույնպես։

– Ես չեմ կարող կասկածի տակ դնել հետհեղափոխական կամ նախահեղափոխական Հայաստանում հարուցված քրեական գործերը, որովհետև տարեկան հարյուրավոր- հազարավոր քրեական գործեր են քննվում, և մի գործով խնդիրները հիմք չի պնդելու, որ այլ գործով էլ խնդիրներ կան, եթե, իհարկե, այդ խնդիրները չեն կրում պարբերական բնույթ։ Այս պայմաններում մենք հիմք չունենք պնդելու, որ պարբերական բնույթ կրող խնդիրներ են։ Տեսեք, սա ինչ-որ առումով համակարգի դիմադրություն է կոռուպցիայի դեմ պայքարին, որովհետև ԱԱԾ-ն, ի տարբերություն այլ մարմինների, ինքնամաքրում չի արել։

– Անդրադառնանք մեկ այլ աղմկահարույց գործի՝ «Սպայկայի» տնօրենի դեմ հարուցված գործին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործարարի դեպքում խափանման միջոց է ընտրվում կալանավորումը, բայց Սանասարյանի դեպքում՝ ոչ։

– Ամեն քրեական գործով խափանման միջոց ընտրելուց բազմաթիվ տարբեր հանգամանքներ կան, որոնք պետք է հիմքում դրվեն խափանման միջոց ընտրելուց, և ամեն անգամ դա պետք է ինդիվիդուալ նայել, և նայել, թե որքան է քրեական գործով հիմնավորված խափանման միջոցը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս