
ԳԴՀ-ն և Ֆրանսիան ավելի ակտիվորեն են մասնակցելու Սերբիայի և Կոսովոյի իշխանությունների երկխոսությանը

Գերմանիան եւ Ֆրանսիան, Եվրամիության հետ միասին, ավելի ակտիվորեն են մասնակցելու Սերբիայի եւ Կոսովոյի իշխանությունների երկխոսությանը: Այդ մասին Արեւմտյան Բալկանների երկրների եւ ԵՄ-ի գագաթնաժողովից հետո հայտարարել է Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչը:
Ապրիլի 29-ին Բեռլինում տեղի է ունեցել Արեւմտյան Բալկանների պետությունների ոչ պաշտոնական գագաթնաժողովը՝ ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցույթամբ: Հրավիրված Էին Ալբանիայի, Բոսնիայի եւ Հերցեգովինայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Սերբիայի, Չեռնոգորիայի եւ Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության ներկայացուցիչները: Դռնփակ հանդիպումը տեւել է մի քանի ժամ՝ մինչեւ գիշեր:
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել առ այն, որ առաջիկա շաբաթներին խոսակցությունը կշարունակվի եւ կհաստատվի երկխոսություն, որն այսուհետեւ էլ կընթանա ԵՄ-ի հովանու ներքո, եւ որին այժմ անմիջականորեն կմասնակցեն Եվրոպայի երկու հանգուցային պետություններ՝ Գերմանիան եւ Ֆրանսիան, որպեսզի ապավովվի դրա որակն ու ինտենսիվությունը»,- ասել է Ջուկանովիչը իր տեսահայտարարության մեջ, որը զետեղված է Facebook սոցցանցում:
«Սա բացառիկ հնարավորություն է, որպեսզի սերբա-ալբանական բարդ հարաբերությունների եւ Սերբիա-Կոսովո հարաբերությունների խնդիրը հաղթահարվի եւ պայմաններ ստեղծվեն երկու պետությունների եվրոպական ինտեգրացման համար»,- նշել է Չեռնոգորիայի նախագահը: Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն՝ ամփոփելով հանդիպման արդյունքները, հայտնել է, որ «քննադատությունների տարափ» է լսել Սերբիայի հասցեին եւ կոսովցի ալբանների չափազանց մեծ պահանջները, բայց տրամադրված է շարունակելու խոսակցությունը եւ երկխոսության ուղիների որոնումը: Նրա խոսքով՝ հաջորդ հանդիպումը կարող է կայանալ հուլիսի 1-ին կամ 2-ին Փարիզում:
Կոսովոյի ղեկավար Հաշիմ Թաչին դժգոհություն է հայտնել Բեռլինի գագաթնաժողովից եւ հայտարարել, որ Սերբիայի իշխանությունները պետք է ճանաչեն Կոսովոն եւ հրաժարվեն երկրամասի հյուսիսում սերբերով բնակեցված տարածքների նկատմամբ կրկնակի սուվերենության մոդելների գաղափարից: Նա պաշտպանել է կենտրոնական Սերբիայի հարավի՝ ալբանական զգալի բնակչությամբ երեք մունիցիպալիտետները Կոսովոյին միացնելու գաղափարը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: