Բաժիններ՝

Արցախի խաղաղ զարգացմանը նվիրված «Վերադարձ» վավերագրական ֆիլմը կբարձրանա մեծ էկրան

Արցախի ժողովրդի խաղաղ ու ստեղծագործ կյանքի մասին պատմող ռուս լրագրող Սվետլանա Կուլչիցկայայի հեղինակած «Վերադարձ» ֆիլմը կբարձրանա հայաստանյան մեծ էկրան։ Ֆիլմն, ըստ ստեղծագործական խմբի, առանձին անհատների միջոցով ներկայացված է արցախյան առօրյան, մարդկային ոգու վեհությունը և հայրենիքում արարելու ծարավն ու ձգտումը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», ֆիլմի սցենարը գրել է ռուս հեռուստալրագրող Սվետլանա Կուլչիցկայան՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի պատվերով:

1992-1994 թթ. պատերազմի տարիներին Սվետլանա Կուլչիցկայան Արցախում էր, և արցախցիների հետ հավասար վերապրելով պատերազմի բոլոր դժվարություններն ու զրկանքները՝ նկարահանել է երեք ֆիլմ` «Ապրեք» («Живите», 1992թ.), «Գնդակոծությունից հետո» («После обстрела», 1992թ.), «Խաղաղության գինը» («Цена покоя», 1994թ.): Հենց այս ֆիլմերի հերոսների ճակատագրին է նվիրված «Վերադարձ» նոր վավերագրական ֆիլմը:

«Ֆիլմի գաղափարախոսությունը կառուցվում է մեկ գլխավոր մտքի շուրջ. միայն խաղաղ կյանքը կարող է ապահովել մարդու ստեղծագործ ապագան և դարձնել հայրենի հողը ծաղկուն այգի: Արցախը արդեն 27 տարի անընդմեջ հենց դա է ապացուցում համաշխարհային հանրությանը»,- նշվում է ստեղծագործական խմբ հաղորդագրությունում:

90-ականների պատերազմը վերապրած մարդկանց, նրանց երեխաների ու թոռների ճակատագրերը ներկայացնելու միջոցով ֆիլմը լիարժեք պատկերում է Արցախի ներկայիս կյանքը: Ներկայացվում են այն հնարավորությունները, որ ստեղծել է խաղաղությունը՝ չնայած ադրբեջանական կողմի ագրեսիվ ցանկություններին և ռազմական գործողություններին, որոնցով հակառակորդը փորձում է խաթարել հանրապետության կենսագործունեությունը, ինչն այստեղ ապրող մարդկանց կյանքն ավելի դրամատիկ է դարձնում:

2019 թ. ապրիլի 30-ին, ժամը 15։00-ին «Մոսկվա» կինոթատրոնի երկրորդ հարկում տեղի կունենա «Վերադարձ» վավերագրական ֆիլմին նվիրված ասուլիսը, իսկ ժամը 19:00-ին «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում կկայանա «Վերադարձ» ֆիլմի շնորհանդեսը։ Մուտքն ազատ է բոլոր ցանկացողների համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս