«Դիմումը թափանցիկությունն ապահովելու համար է». Քոչարյանի փաստաբանները գործի մանրամասներ են ներկայացնում
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն այսօր՝ ապրիլի 29–ին, դիմում է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ խնդրելով Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին ներկա դարձնել գործը դատավորին մակագրելու գործընթացին։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական թիմի անդամ Արամ Օրբելյանը:
Նշենք, որ գործը քննող դատավորը որոշվելու է էլեկտրոնային մակագրության միջոցով, սակայն Քոչարյանի պաշտպանները նկատում են, որ մակագրության գործընթացը, հնարավոր է, լինի ոչ թափանցիկ։
«ԶԼՄ-ներում կան մի շարք հրապարակումներ, ոչ մեր գործի մասով, այլ առհասարակ, որ չնայած կա էլեկտրոնային մակագրության համակարգ, կա նաև տեխնիկական հնարավորություն մակագրության գործընթացին միջամտելու»,- ասաց Օրբելյանը՝ տեղեկացնելով, որ այս դիմումը թափանցիկությունն ապահովելու համար է։
168.am-ը խոսեց նաև փաստաբան Հայկ Ալումյանի հետ, ով տեղեկացրեց, որ դիմումի պատասխանը դեռ չկա։ «Ենթադրվում է, որ մինչև մակագրության պրոցեսի սկսելը պիտի էդ հարցի լուծումը տան»,- հավելեց նա։
Այդպիսով, ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանական թիմը խնդրում է դատարանին՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին ներկա դարձնել վերջինիս քրեական գործի մակագրության ողջ գործընթացին։
Հիշեցնենք, որ այսօր վերահսկող դատախազը հաստատել է 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քննված քրեական գործից անջատված մասով՝ ըստ մեղադրանքի՝ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի, Արմեն Գևորգյանի, մեղադրական եզրակացությունը: Քրեական գործն այդ մասով ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Զարուհի Դիլանյան