«Երբևէ լսե՞լ եք, որ մարդասպանը և ապագա զոհն իրար հետ բանակցեն՝ կոմպրոմիս գտնելու համար». Լարիսա Ալավերդյան

«Քաղաքական սխալների շարանն անընդհատ կրկնում ենք: Ինչո՞ւ մենք նաև ադրբեջանական ցեղասպանական քաղաքականության մասին չենք խոսում: Չէ՞ որ դա է  Արցախի՝ միջազգային մակարդակով հարցի լուծման բանալին, իսկ  փոխզիջումներ փնտրելը խայտառակություն է: Դուք լսե՞լ եք, որ մեկն ու մեկը երբևիցե առաջարկի  նացիստներին և հրեաներին կոմպրոմիս գտնել: Կամ, լսե՞լ եք, որ մարդասպանը և ապագա զոհն իրար հետ բանակցեն՝ կոմպրոմիս գտնելու համար: Գրող, հրապարակախոս Անդրեյ Նույկինը ժամանակին գրել է՝  արդյոք հնարավո՞ր է կոմպրոմիս գտնել կացնի և  մարդու վզի միջև»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՄԻՊ նախկին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:

«Արցախի հարցը լուծված է: Հայաստանն էլ պետք է պահպանի ու պաշտպանի պատասխանը, որն արցախահայությունը տվել է համայն հայության հետ: Այսինքն, մեր խնդիրը ոչ մեզ խաղաղության պատրաստելն է, ոչ էլ փոխզիջումներ փնտրելը: Չկա Արցախի հարց, կա Արցախի պատասխան, և կա Ադրբեջանի՝ որպես  տարածաշրջանում  անվտանգության սպառնալիքներով հանդես եկող, հարցը:  Ադրբեջանի հարցը պետք է բարձրացվի, խիզախություն պետք է ունենալ ու ամեն երևույթ կոչել իր անունով: Մենք շարունակում ենք խոսել Արցախի հարցի մասին՝ ադրբեջանական  մտապաշարով ու բառապաշարով: Սումգայիթյան ջարդերից հետո, երբ վերապրածները հայտնվեցին այստեղ, իրենք ասում էին՝ սա ցեղասպանություն է: Մեր տատիկ-պապիկներին արգելում էինք  խոսել ցեղասպանության, Շուշիի ջարդերի մասին: Տատիկիս եղբորն այդտեղ են դաժանաբար սպանել:

Հիմա, երբ նայում ենք, թե Արցախի հարցն առաջին նախագահի և առաջին քաղաքական վերնախավի  կողմից ինչ հուն է մտցվել, դա նահանջողական չէ, պարտվողական է, այն կոպիտ քաղաքական սխալ է, որն ավելին է, քան ուղղակի հանցագործությունը»,- հավելեց Լարիսա Ալավերդյանը:

Ինչ վերաբերում  է Երևանի պետական համալսարանի Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքին, թե «Երբ մենք մեզ համար հստակ ձևակերպենք, թե Արցախի հարցի լուծումն ինչպե՞ս ենք պատկերացնում, մնացած ձևակերպումները շատ ավելի հեշտ կդառնան: Ամենատարօրինակն այն է, որ այս թեմայի շուրջ մեզ մոտ հանրային դիսկուրս չի եղել: Երբ դուք՝ բոլորդ, ինձ ուղարկում եք բանակցելու, չեք ասում, որ՝ այ, կգնաս ու Ղարաբաղի հարցը կլուծես այսպես: Այսօր հայ հանրությունը և ժողովուրդը ՀՀ վարչապետին չի ասել՝ գնա բանակցությունների, էս էլ քեզ՝ թուղթը, կարդա, անգիր արա ու կգնաս այսպես կլուծես հարցը: Ես շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ Ղարաբաղի հարցի լուծողը ոչ մի նախագահ, ոչ մի վարչապետ, ոչ մի կառավարություն չէ: Ղարաբաղի հարցի ամբողջ սեփականատերը հայ ժողովուրդն է», Լարիսա Ալավերդյանը նկատեց.

«Թողած պարզ իրավիճակները՝ մենք ընկել ենք  սար ու ձոր: Չեմ հասկանում՝ մինչև հիմա չունե՞ն կարծիքներ: Փորձագետները ամենատարբեր առաջարկներ են արել, կարելի է, չէ՞, դրանք ուսումնասիրել: Առաջարկներից մեկն այն է՝ Հայաստանն ինչո՞ւ չի ճանաչում Արցախի կայացման օրինականությունն ու լեգիտիմությունը»:

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս