«Տուժածներ և վնասներ չկան». Բաղանիսի գյուղապետը՝ հակառակորդի կրակոցների մասին

Ռազմական փորձագետ Աշոտ Ասատրյանն այսօր ֆեսյբուքյան իր էջում գրել էր, որ ադրբեջանական կողմը մոտ 40 րոպե կրակի տակ է պահել Բաղանիս-Այգեպար ճանապարհահատվածը. «Հատուկ խաղաղասերների համար։ Թշնամին ինչպես սրիկա կա, այդպես էլ մնացել է։ Ադրբեջանական բանակի զինծառայողները մոտ 40 րոպե կրակի տակ են պահել Այգեպար-Բաղանիս ճանապարհը։  Տուժածներ չկան:

Ճանապարհը կրակոցների ժամանակ ժամանակավորապես փակվել էր։

Դե եկեք, եկեք գնանք 40 րոպե տևած կրակոցների տակ կանգնենք ու թշնամուն բացատրենք, որ մենք բարի ենք, պուպուշ ենք, մեզ մի կրակեք, քանի որ մենք խաղաղասեր ենք։ Երևանում որևէ էլիտար շենքում վարձած գրասենյակից, իհարկե, հեշտ է նման հայտարարություններ անել։ Իրավիճակը փոխվում է, երբ քեզ դնում ես այդ հատվածում բնակվող գյուղացիների տեղը։ Այդ ժամանակ մի քիչ բարդ է խոսել օրենքներից ու խաղաղասիրությունից, քանի որ կոնկրետ կյանքի ու մահվան կռիվ է գնում, ու պետք է թշնամուն ամեն գնով լռեցնել, որ որևէ հայ մարդ չտուժի դրանց ձեռքից»,- գրել էր Աշոտ Ասատրյանը։

168.am-ի հետ զրույցում Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանն ասաց, որ կրակոցների հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Կարդացեք նաև

«Կրակոցները գյուղի ուղղությամբ չեն եղել, կրակը եղել է գյուղի վարչական տարածքի ուղղությամբ՝ Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհի Բաղանիսից Ոսկեպար հատվածում։ Փառք Աստծո, որ տուժածներ և վնասներ չկան»,- ասաց Ն. Սահակյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ թշնամին նախորդ տարվա սեպտեմբերից մինչև օրս չէր կրակել։

Թե ինչո՞ւ է ակտվացել հակառակորդը, Բաղանիսի գյուղապետն ասաց, որ այդ հարցը համապատասխան մարմինների մեկնաբանության առարկան է։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս