«Հայաստանում այսօր ներդրումային միջավայր չկա». Գագիկ Մինասյան
«Հնարավոր չէ ունենալ աճող տնտեսություն, և չլինեն ներդրումներ, անհնար է։ Դա իզմ է, որը մեր Կառավարությունը չի սիրում։ Նման բան չկա որևէ երկրում և չի էլ կարող լինել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ՀՀԿ Գերագույն մարմնի անդամ Գագիկ Մինասյանը՝ անդրադառնալով ՀՀ տնտեսության վիճակին և իշխանությունների կողմից խոստացված ներդրումներին։
«Որպեսզի լինի ներդրումային բարենպաստ պայմաններ, պետք է կարողանան կայուն միջավայր ստեղծեն տնտեսվարողների համար, այդ միջավայրն այսօր չկա։ «Լիդիան Արմենիայի» օրինակը՝ նախ ասում էին, որ խնդիրը բնապահպանական է, հիմա էլ ասում են, եթե նույնիսկ բնապահպանական էլ չէ, ապա հանքի շահագործումը չի կարող լինել։
Երբ խոսում եմ ներդրումներից, նկատի ունեմ ոչ միայն արտաքին, այլև ներքին ներդրումները, քանի որ անկախ այն հանգամանքից, թե նրանք որտեղից են, կարևոր է ներդրումային միջավայրի ապահովումը՝ պետք է լինի կայուն և կանխատեսելի իրավիճակ»,- շեշտեց Գագիկ Մինասյանը:
Պատասխանելով 168.am-ի հարցին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մշտապես հայտարարել է, որ ներդրումների համար Հայաստանում հեղափոխությունից հետո ստեղծվել են բարենպաստ պայմաններ՝ կոռուպցիան նվազել է, մենաշնորհները վերացել, արդյո՞ք այս ամենը բավարար պայման են ներդրումների համար, և եթե այսօր դրանց առկայության դեպքում ներդրումներ չկան, ո՞րն է խնդիրը, Գագիկ Մինասյանը նշեց՝ ներդրումների համար մենաշնորհների վերացումը չափազանց կարևոր է, սակայն կոռուպցիայի նվազման հարցում ունի վերապահումներ։
«Նիկոլ Փաշինյանը և իր թիմի բազմաթիվ ներկայացուցիչներ միշտ ասում են՝ Հայաստանում կոռուպցիա չկա, բայց այսօր մենք տեսնում ենք, որ իրավիճակը բոլորովին այդպես չէ։ Չեմ ուզում անմեղության կանխավարկածը խախտել, գործը կգնա դատարան, որոշում կկայացվի, հետո ամեն ինչ պարզ կլինի։ Անմեղության կանխավարկածը չեմ խախտում, այդ պատճառով էլ որևէ մեկի անունը չեմ տալիս։ «Լիդիան Արմենիայի» և «Սպայկայի» դեպքերը խոսում են այն մասին, որ մեր երկրում ներդրումների համար չկա բավարար միջավայր»,- եզրափակեց Գ. Մինասյանը։
Զվարթ Խաչատրյան