Պարի միջոցով հայ մարդուն վերադարձնել հայ լինելու հպարտությունը. նշվում է Պարի միջազգային օրը
Ռազմապարերի միջոցով հնարավոր է հայ մարդուն վերադարձնել հայ լինելու հպարտությունը: Այս մասին Պարի միջազգային օրը` ապրիլի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Կարին» ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը:
Հոգեբան Սամվել Խուդոյանն էլ հավելեց, որ պարը լարվածությունից, բացասական լիցքերից ձերբազատվելու հոյակապ միջոց է:
«Կարին»-ը գործում է 18 տարի, և համույթի պարող տղաների միջև երբեք խնդիրներ չեն ծագել, քանի որ պարը հոգևոր թերապիա է: Երբ տղաները ուս-ուսի, թիկունք-թիկունքի պարում են, նույն համասեռ հոգևոր դաշտն է ստեղծվում, և նրանց միջև հակասությունները գրեթե բացառվում են: Ներքին մաղձից, լարվածությունից ազատվելու համար բավական է պարել»,-նշեց Գագիկ Գինոսյանը:
Նա ընդգծեց, որը պարը ինքնանպատակ ու վերջնակետ չէ, այն միջոց է, որ հայ քաղաքացին դաստիարակվի հայ ինքնության բանաձևով` ճանաչելով ինքն իրեն և դառնալով հայրենատեր: «Րաֆֆին ասում էր, որ հնարավոր չէ սիրել հայրենիքն առանց այն ճանաչելու»,-գրողի խոսքերը մեջ բերեց Գինոսյանը և հավելեց, որ իրենք չեն սովորեցնում պարզապես պարել, այլ փորձում են պարի միջոցով հայ մարդուն վերադարձնել հայ լինելու հպարտությունը:
Խոսելով ռազմական ուսումնական հաստատությունների կրթական ծրագրերում ռազմապարեր ներառելու մասին` Գինոսյանն ասաց, որ արդեն զրուցել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի հետ: Ճշտվել է դասացուցակը, և մի քանի օրից համալսարանում սկսվելու են ռազմահայրենասիրական պարեր դասավանդելու գործընթացը:
«Եթե միայն գործնական դասեր լինեն, պարը կվերածվի ռիթմիկ մարմնամարզության: Հնարավոր չէ ռազմական, հարսանեկան կամ թաղման պարը նույն ոգով, նույն հոգեբանությամբ պարել: Եթե մենք կարողանանք այնպես անել, որ մեր զինվորը, մեր սպան պարեն կռվելու պես, ապա նրանց համար կռիվը պարելու պես թեթև կդառնա»,-շեշտեց համույթի գեղարվեստական ղեկավարը:
Սամվել Խուդոյանի կարծիքով` պարը հաճելի ֆիզիկական ակտիվություն է, որն անհրաժեշտ է բանակում: «Խմբային պարը համախմբվածություն է ձևավորում. խմբի անդամները սկսում են իրար զգալ: Իրար հետ պարող մարդիկ ջերմանում ու սերտանում են միմյանց հետ, իսկ ռազմահայրենասիրական պարը հայրենասիրական դաստիարակության հզոր խթան է»,-հավաստիացրեց նա:
Թատրոնի միջազգային ինստիտուտի և Պարի միջազգային կոմիտեի նախաձեռնությամբ 1982 թվականից ի վեր ապրիլի 29-ը նշվում է որպես Պարի միջազգային օր՝ ի պատիվ ժամանակակից բալետի հիմնադիր, ֆրանսիացի պարուսույց Ժան Ժորժ Նովերի ծննդյան օրվա:
1995 թվականից Պարի միջազգային օրը նշվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձր հովանու ներքո: