Նախարարներն այսօրվանից սկսած դուրս կգան հանդիպումների

Այսօրվանից կառավարության ներկայացուցիչները դուրս կգան կաբինետներից ՝ հանդիպելու կառուցվածքային փոփոխություների հետևանքով աշխատանքը կորցնող աշխատուժի հետ:

Կրճատման ենթակա նախարարությունների, կառույցների և ստորաբաժանումների աշխատակիցներին կհանդիպեն հենց նախարարները: Կառավարության ղեկավար Փաշինյանից է նրանց իջեցվել այդ հանձնարարականը, և ասվել է, թե ինչպես պետք է մատուցել դառն իրականությունը և ինչ մոտիվացիաներով հրամցնել ավելորդ դարձած նախարարությունների դերը, այդ թվում՝ աշխատակիցների, բացատրել գերատեսչությունը լուծարելու՝ գործադիր մարմնի ցանկությունն ու իմաստը:

Եվ այսօրվանից սկսած՝ նախարարներն իրենց կորպուսներում և ապա՝ կից ծառայություններում ու ՊՈԱԿ-ներում ինչ-որ կերպ պիտի պատմեն, թե ինչո՞ւ այս մարդիկ այլևս դարձան անպիտան, և, որ չեն տեղավորվում իրենց պատկերացումների կառավարության հեղափոխական տրամաբանության մեջ, անկախ հանգամանքից, թե որքանով է «սև թուղթ բերածը» հեռու իր ղեկավարած ոլորտից, որքանով է իր պրոֆեսիոնալիզմն առհասարակ զիջում այդ մարդկանց իմացությանը, անցած ճանապահին։ Բայց երիտպաշտոնյաները փուչիկ ինքնավստահությամբ բոլորին կհավասարեցնեն շարքային սպառողի դասին, կվերաբերվեն շարիկ գլորողների պես ու դուրս կանեն համակարգից՝ թույլ չտալու, որ եղածների մեջ բարձր գիտակցություն ու նվիրում ունեցողները շարունակեն ծառայել պետականաշինության գործին:

Այս խնդիրն է դրված գրեթե բոլոր նախարարների վրա, ոլորտների «նոր տերերը» ստիպված են պետական համակարգ կայացրած, փորձառու մասնագետներին ուշացած հանդիպումներով համոզել, որ ոլորտի չիմացությունն այլևս աղետ չէ իրենց հռչակած Նոր Հայաստանում՝ «կառուցվածքային փոփոխություն» լղոզված ձևակերպման տակ իրականում թաքցնելով պետական աշխատուժ պահելու կառավարության անզորությունը:

Հիշեցնենք, ապրիլի 18-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ձեռնարկած «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծը, որին դեմ քվեարկեցին «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները:

Կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագծով հինգ նախարարություն կկրճատվի՝ փոխարենը եղած 17-ից՝ 12 նախարարություն կպահպանվի, որոնցից առնվազն 3-ը կդառնան սուպերնախարարություններ՝ ահռելի գործառույթների ծավալով: Կկրճատվի առաջին փոխվարչապետի պաշտոնը նաև՝ կմնան երկու փոխվարչապետների պաշտոններ՝ իրենց գրասենյակներով հանդերձ:

Այսպիսով, կլինի նախարարությունների հետևյալ կազմը՝

1) Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն,

2) Առողջապահության նախարարություն,

3) Արդարադատության նախարարություն,

4) Արտակարգ իրավիճակների նախարարություն,

5) Արտաքին գործերի նախարարություն,

6) Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն,

7) Շրջակա միջավայրի նախարարություն,

8) Պաշտպանության նախարարություն,

9) Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն,

10) Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն,

11) Էկոնոմիկայի նախարարություն,

12) Ֆինանսների նախարարություն:

Սյուզի Բադոյան

Տեսանյութեր

Լրահոս