Բաժիններ՝

Արտակ Զեյնալյանը կասկածի տա՞կ է դնում ԱԱԾ-ի կողմից հրապարակված տեսանյութում առկա փաստերը

«Կարծում եմ՝ այդ ամենի գնահատականը կտա ծառայողական քննությունը։ Մտածեք խնդրեմ, արդյո՞ք քրեակատարողական հիմնարկներում բան չի փոխվել։ Ես կարող եմ հրապարակել քրեակատարողական հիմնարկներում արգելված իրերի հայտնաբերման մասով հարուցված քրեական ու վարչական գործերը, որը կարող եք համեմատության մեջ դնել նախկին իշխանությունների և նախկին բանտապետների ժամանակ եղած ցուցանիշների հետ։ Եվ, եթե համեմատության մեջ դնեք, կարծում եմ՝ կհանգեք այն եզրակացության, որ քրեակատարողական հիմնարկներում բան փոխվել է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով Ազգային անվտանգության ծառայության կողմից «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում  կատարված ուսումնասիրության արդյունքների հրապարակմանը։

Լրագրողների հարցին՝ այսինքն՝ նախարարը կասկածի տա՞կ է դնում ԱԱԾ-ի կողմից հրապարակված տեսանյութում առկա փաստերը, Արտակ Զեյնալյանը պատասխանեց, որ իրականացվում է նախաքննություն, որը կպարզի՝ այդ ամենը համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ։

«Քրեակատարողական հիմնարկներում չկա այնպիսի խուց, որը չի խուզարկվում, չկա այնպիսի դատապարտյալ, ով նախկինի նման արտոնյալ է, և նրանից չեն առգրավվում արգելված իրեր։ Նախկին բարքերը, ըստ որի՝ քրեակատարողական  հիմնարկում ընթացիկ վերանորոգումներ կատարելու համար գումար ստացվում էր «նայողից»՝  վերացված են, նրանց այդ առավելությունը վերացված է։ Մահճակալների համար վճարներ չկան, ներսում առձեռն գումարներ չեն շրջանառվում»,- ասաց Արտակ Զեյնալյանը։

Արդարադատության նախարարը նաև տեղեկացրեց, որ այսօր Հայաստանի քրեակատարողական հիմնարկների թվով հինգ դատապարտյալ իրականացնում է հացադուլ, ինչը նախորդ տարիների համեմատ ցածր ցուցանիշ է։

«Նրանք բողոքում են ոչ թե պայմաններից, այլ իրենց քրեական գործերից, ինչը մեր իրավասություններից դուրս է»,- եզրափակեց Ա. Զեյնալյանը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս