Բաժիններ՝

«Ոստիկանությունում պարեկային ծառայություն է հիմնվում». Ոստիկանություն

Ոստիկանության համակարգում կադրային փոխատեղումների և կադրային կրճատումների մասին են խոսում: Ծառայողների շրջանում, ըստ 168.am-ի աղբյուրի, անհանգստություն ունեն հատկապես Ճանապարհային ոստիկանության (ՃՈ) աշխատակիցները:

Շրջանառվող տեղեկատվության համաձայն՝ խոսքն էական քանակի ծառայողների կրճատման մասին է, և ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն այդ նախաձեռնությամբ փորձում է միանալ հեղափոխական կառավարության ձեռնարկած լայնածավալ կրճատումների սցենարին: Հայտնի է, որ Կառավարության ձեռնարկած կառուցվածքային փոփոխությունները, ըստ էության, միջոց են՝ պետության ամենամեծ գործատուին՝ կառավարության ղեկավարին, աշխատավարձերի պատասխանատվությունից բեռնաթափվելու համար, և այս քողարկված քաղաքականությունը մոտիվացվում է 17 նախարարությունները միմյանց ձուլելու և դրանցից 12-ը ստանալու սխեմայով:

Սակայն ՃՈ-ի մասով հայտնի փաստ է նաև այն, որ ՃՈ-ն իր արտաբյուջեով միշտ համարվել է ոստիկանական ողջ համակարգի դոնոր կառույցը: Այստեղի հսկայական արտաբյուջեն, որ տարիներ շարունակ չէր հրապարակվում, գործող համակարգի տրամաբանության ժանրի կանոններով ապահովում էր համակարգի կարկառուն դեմքերի «կլորիկ» պարգևավճարները:

Իսկ թե ինչո՞ւ է այսօր ՃՈ-ն կանգնել կադրային կրճատման առաջ, և, ընդհանուր առմամբ, որքանո՞վ է կառավարության հետ նույնանում հեղափոխության հետևանքով ոստիկանապետ նշանակված Վալերիյ Օսիպյանի կրճատման քայլերի տրամաբանությունը, փորձեցինք պարզել համակարգից:

Մեր հարցմանն ի պատասխան՝ Ոստիկանությունից փոխանցեցին հետևյալը.

«Ձեր նշած` ՃՈ-ի կրճատումները կառավարության կառուցվածքային փոփոխությունների կամ կրճատումների ենթատեքստի հետ ոչ մի կապ չունեն: Իրականում Ոստիկանությունում լրիվ նոր ծառայություն է հիմնվում, պարեկային ծառայություն, և դրանից բխող կադրային փոխատեղումների կամ կադրային ռեզերվ ուղարկվող աշխատուժի քանակի, աշխատանքների ծավալի մասին առայժմ որոշակիացրած տեղեկատվություն չկա:

Ծրագրի վերջնարդյունքի մասին վաղ է խոսել, միգուցե նաև այդ շրջանում ավելանան կադրեր, միգուցե փոփոխությունների համատեքստում կրճատումների անհրաժեշտություն լինի, այս ամենը գնահատելու համար ժամանակ է հարկավոր»:

Սյուզի Բադոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս