«Էդուարդ Աղաջանյանի կողմից պաշտոնական դիրքի չարաշահում է թույլ տրվել». Հայկ Այվազյան

Քիչ առաջ Կառավարության արդեն նախկին պաշտոնյա Հայկ Այվազյանը որոշակի գնահատականներ է տվել իր ազատման հրամանի հիմքերին և հայտարարել է, որ Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի կողմից ձեռնարկված քայլերը՝ իրեն՝ Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պաշտոնից վարչապետի ստորագրությունը ստանալու համար, պաշտոնական դիրքի չարաշահում է համարում:

Նա իր հայտարարության մեջ նա մասնավորապես գրել է.

«Իմ՝ պետական կառավարման համակարգում աշխատանքի 9,5 տարիների ընթացքում գործելաոճը եղել է․

1․ Լավագույն Հայաստանի կերտման տենչանքը,

2․ Օրինականությունը,

3․ Կոռուպցիայի դեմ պայքարը,

4․ Պահանջատիրությունը,

5․ Պրոֆեսիոնալիզն ու պատասխանատվությունը։

Այո՛, միգուցե պարոն աշխղեկին չի համապատասխանել սրանցից և ոչ մեկը։

Քանի որ քաղաքացու օրվան նվիրված միջոցառմանը վերոնշյալ պաշտոնյան խոսեց իմ մասին և հնչեցրեց գնահատականներ, անհրաժեշտ եմ համարում անդրադառնալ դրան։

Եվ այսպես, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնողի պաշտոնական մեկնաբանության մեջ հնչած մտքերը հետևյալն էին՝

1․ Հայկ Այվազյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից ՀՀ վարչապետի կամայական որոշմամբ,

2․ Հայկ Այվազյանի գործելաոճը չի բավարարել վարչապետին,

3․ մեր գործելաոճի տրամաբանությունը չի համապատասխանել պարոն Այվազյանի գործելաոճին,

4․ եթե գոհ լինեինք պարոն Այվազյանի գործունեությունից, նա կզբաղեցներ իր պաշտոնը,

5․ աշխատակազմի ղեկավարի հանձնարարականն է նաև պատճառ դարձել Հայկ Այվազյանի պաշտոնանկությանը։

Հիմա՝ ըստ հերթականության՝

1․ Հայկ Այվազյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից ՀՀ վարչապետի կամայական որոշմամբ:

Կամայականությունները տեղ չունեն Հայաստանի Հանրապետությունում, անգամ վարչապետի կողմից (վստահ եմ, վարչապետն էլ դեմ է կամայականությունների դրսևորմանը)։ Իմ գնահատմամբ, որոշումը հրամցված է եղել վարչապետին և հանդիսացել է իրավիճակի ոչ ազնիվ և միակողմանի ներկայացման արդյունք։

2․ Հայկ Այվազյանի գործելաոճը չի բավարարել վարչապետին:

Բացարձակ սուտ․ մինչ ազատման պահը մեկ անգամ եմ քննարկում ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, շատ կարճ ներկայացրել 9 տարի տևած տեսչական բարեփոխումների ընթացքում կատարված աշխատանքները, դրանց արդյունքները և մեր անելիքները։ Հստակեցրել եմ մեր կողմից մշակվող քաղաքականությունների ուղղությունները և միանշանակ աջակցություն ստացել վարչապետից։

3․ Մեր գործելաոճի տրամաբանությունը չի համապատասխանել պարոն Այվազյանի գործելաոճին:

Այստեղ անկյունաքարային է «մեր» արտահայտությունը։ Հուսով եմ՝ պաշտոնյան ի նկատի չի ունեցել ամբողջ պետական կառավարման համակարգը կամ իշխող քաղաքական էլիտան․ նա նման լիազորութուններ չունի։ Իսկ ինչ վերաբերում է աշխատակազմի գործելաոճին, չեմ ժխտում, անգործունակությունն ու խառնակչության գործելակերպը մերժում եմ ամբողջ էությամբ։

4․ Եթե գոհ լինեինք պարոն Այվազյանի գործունեությունից, նա կզբաղեցներ իր պաշտոնը:

Այս մեկնաբանությունն առհասարակ համարում եմ ոչ պրոֆեսիոնալ և օրինականության շրջանակներից դուրս։
Կառաջարկեմ մասնավորեցնել «դժգոհների» շրջանակը, ինչպես նաև պատճառների ուղղությունները, որպեսզի պատշաճ ուշադրության արժանացնեմ հայտարարության այդ հատվածը։

5․ Աշխատակազմի ղեկավարի հանձնարարականն է նաև պատճառ դարձել Հայկ Այվազյանի պաշտոնանկությանը:

Սա ամենահետաքրքիր մասն է։ Դեռ որ կսահմանափակվեմ շատ կարճ մեկնաբանությամբ․ տվյալ պաշտոնյայի կողմից իջեցված հանձնարարականը համարում եմ պաշտոնական դիրքի չարաշահում կամ առնվազն ոչ պրոֆեսիոնալ վարքագիծ և կառաջարկեմ հրապարակայնացնել թե՛ հանձնարարականը, և թե՛ դրա պատասխանը։

Ասելիք շատ կա, սակայն այս պահին անհրաժեշտ եմ համարում սահմանափակվել այսքանով։

Շնորհակալություն։

Հարգանքով՝ Հայկ Այվազյան»:

Տեսանյութեր

Լրահոս