Նախարար Բաթոյանը ՊՎԾ գործի բացահայտումը համակարգային կոռուպցիա չի համարում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, որպես հեղափոխական թիմի ներկայացուցիչ, դժվարանում է 10 բալանոց սանդղակում գնահատել՝ իր թիմի առաջնորդ Փաշինյանի կառավարության աշխատանքը քանի միավոր արդյունք է տվել՝ մեկ տարի անց: Նույն հարցադրմանը՝ շարքային քաղաքացու դիրքերից, պատասխան չունի, ասում է` պաշտոն տվեցին՝ գնահատել չհասցրի:

«Հեղափոխությունից հետո՝ ընդամեը մեկ ամիս անց, գործադիրում պաշտոնի նշանակվեցի, շարքային քաղաքացու ընկալումներ չհասցրի ունենալ, իսկ փոխնախարարի դիրքերից, իբրև պատասխանատու անձ՝ կդժվարանամ գնահատել՝ որքանո՞վ բավարարվեց սպասումներս հեղափոխությունից հետո»,- ասում է նա:

– Տիկին Բաթոյան, քաղաքացիների մի մասը նշում է Ձեր հռչակած Քաղաքացու օրը, մյուս մասը՝ ոչ: Սա Ձեզ վիրավորո՞ւմ է, թե՞ ոչ:

– Մարդիկ ազատ են իրենց ընտրության մեջ՝ նշե՞լ, թե՞ ոչ:

– Իսկ վերաբերմունքի իմաստո՞վ, անցած տարի այս օրերին ծափ էին տալիս ձեզ բոլորը, այսօր ոչ բոլորն են միանում ձեզ, ձեր հռչակած օրվան ու դրա խորհրդին, սա ինչի՞ մասին է խոսում:

– Ես էլ շատ տոներ չեմ սիրում և չեմ տոնում շատերի պես, անգամ դուրս չեմ գալիս տնից:

Համենայնդեպս, անցած տարի նույն այս օրերի հախուռն տրամադրությունները տեսնո՞ւմ եք այսօր, նրանք նույն ջերմությա՞մբ են ընկալում ձեզ, անցած տարի ձեզ էր միացել ողջ ազգաբնակչությունը:

– Ես այսօր շատ մարդկանց եմ տեսել, որոնք իսկապես վայելում են տոնական օրը: Ես հիմա մի վայրում եմ, որտեղ գուցե ամեն օր է մարդաշատ, բայց այսքան տոնական տրամադրություն չէի զգացել երբեք:

Հեղափոխության հաղթանակը տոնողներն այսօրվա արդյունքներով պասիվ չե՞ն արդյոք:

– Իրավիճակն այլ էր, այո՛, անցած տարի դրսում պարում էին, սեղաններ էին գցում, մարդիկ իսկապես հախուռն ուրախանում էին, բայց տարբեր են զգացողությունները: Մարդիկ այդ ժամանակ ուրիշ բանի համար էին դուրս եկել, այլ բան էին սպասում, այլ էր նպատակը նաև, այսօր այլ բանի համար էին դուրս գալու:

Եվ բնական է՝ նախորդ տարվա համեմատ էմոցիաները տարբեր են լրիվ: Մարդիկ անցած տարի փողոցներ դուրս եկան, ու դա տոնախմբության վերածվեց: Իսկ այսօր Քաղաքացու օրն է, խորհուրդը կա տոնի մեջ: Ճիշտ է՝ մեկնաբանվեց, թե մեր հաղթանակի օրն ենք նշում, բայց՝ ոչ, դա քաղաքացու օրն է՝ անկախ ազգությունից ու կրոնական պատկանելությունից: Խոսքը քաղաքացու մասին է, այլ ոչ թե «Իմ քայլը» դաշինքի կամ վարչապետի հիմնած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության: Սրանք միայն միջոցներ են եղել՝ հեղափոխության միջոցով քաղաքացիական գիտակցության, քաղաքացու ինքնաճանաչողության համար:

Իսկ նույն այս սթափված կամ ինքնաճանաչողության հասած քաղաքացիական գիտակցությունն ինչո՞ւ է այսօր այսքան պասիվ արձագանքում իր վերածննդին, սա Ձեզ ի՞նչ է հուշում:

– Ես այդպես չեմ կարծում ամեն դեպքում, օրվա դեռ կեսն է անցել, սպասենք օրվա ավարտին (հարցազրույցը տեղի է ունեցել ապրիլի 27-ին՝ Քաղաքացու օրը:- Ս.Բ.): Առաջին տարին է, որ նշում ենք, ուզում եմ դեռ տեսնել, թե մարդիկ ինչպես են արձագանքում իրենց օրվան:

– Ինչո՞ւ եք խուսափում նաև հակառակ կողմից դիտարկել, միգուցե այս պասիվությունը գնահատականն է հեղափոխության տված արդյունքի: Սա չե՞ք համարում քաղաքացու վերաբերմունքն օրվա իշխանության կատարած աշխատանքների նկատմամբ:

– Սա վերաբերմունք կամ գնահատական մեր աշխատանքին չեմ համարում: Միջոցառումները բազմազան են, բազմաբնույթ, և ողջ օրը մարզերում էլ միջոցառումներ կան նախատեսված, կարծում եմ՝ ակտիվ մասնակից կլինեն, ինչո՞ւ ոչ: Անցած տարվա էմոցիաները, միևնույն է՝ համեմատելի չեն, որովհետև նաև պատճառները նույնը չեն:

– Առանցքային ի՞նչ ձեռքբերումներ կթվարկեք, տիկին Բաթոյան:

– Ես իմ վրա բարեփոխումների դրական ազդեցությունը զգացի, ինչպես որ մեր երկրի շատ քաղաքացիներ, դա մթնոլորտն էր ընդհանուր առմամբ, մարդիկ վստահ են, որ, օրինակ, իշխանությունը չի խաբում իրենց, իրականում մեծ վստահություն կա իշխանության նկատմամբ:

Մարդիկ ազատ են իրենց կամարտահայտման մեջ, և դա արտահայտվեց համապետական  ընտրություններին, վստահ են, որ իրենց ձայնն այլևս որոշիչ է ընտրություներում, իրենք վստահ են, որ այլևս համակարգային կոռուպցիա չկա:

– Պետական վերահոսկողական ծառայության պետի մակարդակով կոռուպցիոն սխեմայի աղմկոտ բացահայտումը չէ՞ր խոսում հակառակի մասին, տիկին Բաթոյան, սա տիպիկ համակարգային կոռուպցիա չէ՞ր:

– Դավիթն իմ ընկերն է նաև, բաց անմեղության կանխավարկած գոյություն ունի, ես դեռ գնահատականներ չեմ ուզում տալ այս գործին, մինչև որ դատաքննության արդյունքները չհրապարակվեն:

– Ամեն դեպքում խոսում եք իշխանության վայելած վստահության մասին, այս բացահայտումը հարված չէ՞ր իշխանությանը թիկունքից: Չէ՞ որ հեղափոության սիմվոլներից մեկն է հայտնվել թիրախում և հեղափոխությունից ընդամենը մեկ տարի անց: Կարծում եք՝ այս աղմկոտ բացահայտումից հետո շարունակո՞ւմ է իշխանությունը Ձեր նշած մեծ վստահությունը վայելել:

– Ես չեմ ուզում մեկնաբանել ԱԱԾ-ի կողմից «բացահայտում» բառը, որ օգտագործվել է հաղորդագրության մեջ, սպասենք արդյունքներին: Ամեն դեպքում այս բացահայտումով մենք ցույց տվեցինք, որ իշխանությունը հակված չէ իր ներսում կոծկել, թաքցնել այսպիսի դրսևորումները, և, որ օրենքի առաջ հավասար ենք բոլորս՝ անկախ հեղափոխական լինել-չլինելուց, անկախ պաշտոնական դիրքից, ազգակցական կապերից:

Հակառակը, սա, իմ կարծիքով, նույնիսկ հակառակ էֆեկտը տվեց՝ բարձրացրեց վստահությունը:

– Այսօր կոռուպցիա կա՞ համակարգում, թե՞ ոչ:

– Այսօր համակարգային կոռուպցիա չկա, իսկ լոկալ խնդիրները բացահայտվում են, պարզապես վերահսկողությունն ուժեղացնել է հարկավոր:

– ՊՎԾ գործով բացահայտումը համակարգային կոռուպցիա չե՞ք համարում, ո՞րն է այդ դեպքում, Ձեր ընկալմամբ՝ համակարգային կոռուպցիան:

– Երբ իշխանության բուրգից այդ խնդիրը դրվում է ստորին օղակների վրա, երբ կոծկվում է գործը: Որևէ մեկն այսօր իր գործունեությունը ծավալելու համար արհեստականորեն պատերի չի հանդիպի, վերևից խոչընդոտներ չեն ստեղծվի նրանց համար:

– Դրսից բարեփոխումների մասին խոսելը հեշտ էր, այսօր գործադիրի կազմում դրանք նույնքան հե՞շտ են թվում, տիկին Բաթոյան:

– Որպես պատասխանատու պաշտոնյա՝ այսօր զգում եմ, որ շատ դժվար է փոփոխություններ անել, բարեփոխման ծրագրեր բերել, խնդիրը համակարգային է, կառուցակարգերի հետ կապված ներքին հարցեր կան, կադրային ռեսուրսի խնդիրը կա նաև ու մի շարք գործոններ, որոնք դժվար է հաղթահարել: Այդքան հեշտ չէ բարեփոխումներ իրականացնել:

Սյուզի Բադոյան

Տեսանյութեր

Լրահոս