Ծնող-երեխա փոխհարաբերությունների կառուցման մեջ ակտիվ կողմը հասուն մարդն է՝ ծնողը

Քրիստոնյա հոգեբանի անկյուն

«Մի՛ փոփոխիր քո հայրերի դրած հավիտենական սահմանները»:
(Առակներ ԻԲ 28)

Կարծրատիպը գիտակցության կառուցվածքի անբաժանելի տարրն է: Այն խմբի որոշակի կուտակված, ստանդարտացված փորձն է, որն ուսուցման գործընթացի և այլոց հետ շփման շնորհիվ արմատացած է անհատի մեջ, օգնում է նրան կողմնորոշվել կյանքում և որոշակի ձևով ուղղորդում է նրա վարքագիծը: Կարծրատիպը կարող է լինել ինչպես իրական, այնպես էլ կեղծ: Այն կարող է առաջացնել և՛ դրական, և՛ բացասական ապրումներ՝ արտահայտելով տվյալ սոցիալական խմբի հաստատուն վերաբերմունքը որոշակի երևույթի նկատմամբ:

Մենք ապրում ենք կարծրատիպերի աշխարհում: Հենց դրանք են զգալի չափով սահմանում բարոյական նորմերը, ձևավորում քաղաքական և աշխարհայացքային կոնցեպցիաները: Վարքագծային կարծրատիպերը շատ բազմազան են և շատ հարցերում որոշում են մեր վարքագիծը, համոզմունքները և վերաբերմունքը շրջապատի նկատմամբ: Դրանց շնորհիվ մենք հստակ գիտենք` ինչպես մեզ դրսևորել այս կամ այն դեպքում: Ճանաչողության մեխանիզմում կարծրատիպերի գոյությունը կրում է երկու՝ միմյանց հակադիր բնույթ: Մի կողմից կարծրատիպերը զգալիորեն հեշտացնում են իմացության գործընթացը՝ թույլ տալով լայնորեն օգտագործել գոյություն ունեցող գիտելիքները և կարողությունները, մյուս կողմից` հենց դրանք են սահմանափակում իրենց հակասող կամ իրենց շրջանակներից դուրս եկող նոր հասկացությունների ճանաչման հնարավորությունները:

Գոյություն ունեն կարծրատիպերի բազմազան տեսակներ: Մասնավորապես, առանձնացնում են ավտոստերեոտիպերը, որոնք արտացոլում են մարդկանց պատկերացումները հենց իրենց մասին, և հետերոստերեոտիպերը, որոնք արտացոլում են մեկ այլ ժողովրդի, սոցիալական խմբի մասին պատկերացումները: Շատ կարծրատիպեր մարդիկ ընդունում են որպես օրինակներ, որոնց պետք է համապատասխանել: Այդ պատճառով այդպիսի ամրագրված պատկերացումները բավական մեծ ազդեցություն են գործում մարդկանց վրա` խթանելով բնավորության այնպիսի գծերի ձևավորմանը, որոնք արտացոլված են կարծրատիպերում:

Կարծրատիպերի վերլուծության ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել դրանց ինչպես բացասական, այնպես էլ դրական հոգեբանական հետևանքները: Մի կողմից այլ մարդու մասին կարծրատիպից դուրս եկող դատողությունների համակարգը հաճախ գործում է որպես զգուշացում: Առաջանալով տեղեկատվության պակասի պայմաններում` կարծրատիպը հաճախ կեղծ է և խաղում է պահպանողական դեր՝ ձևավորելով սխալ պատկերացումներ տեղի ունեցող իրադարձությունների մասին, ձևափոխելով տեղի ունեցող իրադարձության կամ միջանձնային փոխհարաբերությունների բնույթի մեկնաբանման գործընթացը: Ցանկացած սոցիալական կարծրատիպ, որը ճիշտ է մի իրավիճակում, կարող է համարվել ոչ ճիշտ մեկ այլ իրավիճակում, և, հետևաբար, ոչ արդյունավետ շրջապատող սոցիալական աշխարհում անձի կողմնորոշման խնդրի լուծման համար:

Մյուս կողմից, սոցիալական կարծրատիպերի գոյությունը կարևոր դեր է խաղում կյանքում այն պարզ պատճառով, որ տեղի ունեցող իրադարձության մասին համակողմանի տեղեկատվության բացակայության դեպքում հնարավոր չէր լինի դրա համարժեք գնահատումը, կանխատեսումը:

Ծնողների վարքը կարող է հանդիսանալ ուրույն չափանիշ, որի հիման վրա երեխաները համեմատում և կառուցում են իրենց վարքագիծը: Ծնող-երեխա փոխհարաբերությունների կառուցման մեջ ակտիվ կողմը հասուն մարդն է՝ ծնողը: Նա նպատակաուղղված կազմակերպում է փոխգործակցումը, ուղղորդում է այն՝ ենթարկելով կոնկրետ նպատակի: Կարևորն այստեղ այն է, թե ինչպիսի պայմանների վրա է ուշադրությունը կենտրոնացնում ծնողը հարաբերությունները կառուցելիս: Ծնող-երեխա հարաբերությունների և երեխայի մոտ անձնային որակների ձևավորման միջև գոյություն ունի ուղիղ կապ, քանի որ ընտանեկան միջավայրը ծնողների անհատական առանձնահատկությունների, ընտանիքի բնակության պայմանների և դաստիարակության ոճերի համակցություն է:

Երեխաների վրա ազդում են ոչ միայն կանխամտածված և նպատակաուղղված դաստիարակչական ներգործությունները, այլ ավելի շատ ծնողների վարքագծի առանձնահատկությունները: Ընտանիքը երեխայի համար ստեղծում է սոցիալական վարքի որոշակի մոդելներ: Գնահատելով այն, ինչ տեղի է ունենում հասարակությունում, երեխան առաջին հերթին հենվում է մոտ հարազատների հետ շփման փորձի վրա: Հետագայում նա իր փոխհարաբերություններն այլ անձանց հետ կառուցում է՝ զգալիորեն օգտագործելով ընտանեկան հաղորդակցման մոդելները: Ընտանիքում երեխաների սկզբնական սոցիալիզացիան, հատկապես ծնող-երեխա հարաբերությունների ոլորտում, նմանատիպը չունի ռեֆերենտային խմբերի այլ տեսակներում: Եթե նույնիսկ կրթական համակարգը լիներ կատարյալ, այն չէր կարող երեխայի համար ապահովել այն հատուկ ծնողական հոգատարությունը և սերը, որը գոյություն ունի ընտանիքում:

Արմինե ՎԱՀԱՆՅԱՆ
Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» երկշաբաթաթերթ

Տեսանյութեր

Լրահոս