Ինչու է Փաշինյանը հրաժարվում է Ռուսաստանի համար էկզոտիկ հայտարարություններից

Օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծավալուն հարցազրույց է տվել ռուսական «Նեզավիսիմայա գազետա» թերթին, որում նրա արտահայտած որոշ պնդումներ բազմաշերտ քննադատությունների պատճառ են դարձել։

Նախ նշենք, որ լրագրող Յուրի Սիմոնյանին տված հարցազրույցում ՀՀ վարչապետը խոսել է իշխանափոխությունից հետո Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների, հարևան երկրների, ԼՂ հակամարտության կարգավորման, ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխության հարցում արտաքին դերակատարների բացակայության և Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին: Նա ընդգծել է, որ Ռուսաստանի հետ ՀՀ հարաբերություններում ոչինչ չի փոխվել:

«Եթե ինչ-որ բան էլ փոխվել է, ապա միայն՝ դրականորեն: Ինչպես ես խոստացել էի, մեր հարաբերություններում չկան մութ անկյուններ, մեր դիրքորոշումը նաև աշխատանքային զրույցներում չի տարբերվում հանրային զրույցներից, և դա շատ լավ հնարավորություն է՝ մեր հարաբերությունները բարձրացնելու նոր մակարդակի վրա: Իհարկե, Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է և դաշնակիցը: Բայց պետք է նաև հաշվի առնել, որ մենք ունենք ներքաղաքական օրակարգ, որը, բնականաբար, չի համընկնում ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Բելառուսի, ո՛չ Ղազախստանի, ո՛չ Ֆրանսիայի և ո՛չ ԱՄՆ-ի ներքաղաքական օրակարգի հետ»,- նշել է Փաշինյանը՝ շարունակելով, որ կան նաև նրբություններ՝ ԵՄ-ՀՀ հարաբերություններն ակտիվացել են, որից տեղյակ են ՌԴ գործընկերները։

Պնդմանը, որ ՀՀ ոչ մի կառավարություն ԱՄՆ-ի կողմից այնպես չի քննադատվել, ինչպես ներկայիս Կառավարությունը, Փաշինյանն արձագանքել է՝ ասելով, որ Հայաստանի ոչ մի կառավարություն այնպես չի քննադատել ԱՄՆ-ին, որքան ինքը։ Քննադատությունների հիմնական ալիքն ուղղված էր Փաշինյանի այս երկու անդրադարձներին՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ հետհեղափոխական հարաբերությունների բնույթին։

Նկատելի է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով վարչապետության առաջին ամիսներին առիթը բաց չէր թողնում հայ-ռուսական միջադեպերի պարագայում խոսել ինքնիշխանության պահպանումից, սուվերենությունից, էականորեն փոխել է իր հռետորաբանությունը հայ-ռուսական հարաբերությունների մասին խոսելիս։

Հաշվի առնելով նաև հայ-ռուսական գազային բանակցությունների երկարաձգումը և սահմանին գազի գնի բարձրացումը, ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի թեկնածության հարցում Ռուսաստանի աջակցության բացակայությունը, ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հայտնի քննադատությունը ՀՀ-ում նախկին պաշտոնյաների հետապնդումների մասին, ՌԴ նախագահի ՀՀ կատարելիք այցի շուրջ անորոշությունը, շատ վերլուծաբանների առիթ է տալիս պնդելու, որ հայ-ռուսական հարաբերություններն այնքան էլ պարզ չեն, որքան թվում է։ Միևնույն ժամանակ Վաշինգտոնին ուղղված ՀՀ քննադատությունների մասին Փաշինյանի մեկնաբանություններից հետո կարծիքներ են հնչում, որ պաշտոնական Երևանը փորձում է սրանով սիրաշահել Մոսկվային, ինչը բացասական հետևանքներ կունենա Արևմուտքի հետ հարաբերությունների վրա։

Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ ՀՀ ներկայիս կառավարության օրոք նախաձեռնվեց և Սիրիա ուղարկվեց հումանիտար նախաձեռնություն Ռուսաստանի հետ համատեղ, ինչը բացասականորեն գրավեց Արևմուտքի ուշադրությունը։

«168 Ժամը» փորձագետների հետ քննարկել է, թե ինչ է փոխվել հայ-ռուսական հարաբերություններում ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխությունից հետո։

Մեզ հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ ըստ էության հայ-ռուսական ռազմավարական գործընկերության բնույթի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդումները ճիշտ են, այդ հարաբերությունները սկզբունքորեն չեն փոխվել։ Սակայն, ըստ նրա, եղել են որոշ տարաձայնություններ, փոխըմբռնման պակաս որոշ հարցերում, որը ժամանակի ընթացքում հետևանքներ չի ունենալու հայ-ռուսական ավելի լայն հարաբերությունների վրա, քանի որ Հայաստանի նոր իշխանությունները սկսում են հասկանալ և ճանաչել այն տարածաշրջանը, որում աշխարհագրորեն տեղակայված է Հայաստանը։

«Հեղափոխությունից հետո նկատվում էին փոփոխություններ կողմերում, կային որոշ տրամադրություններ, նոր նրբերանգներ։ Մոսկվան Փաշինյանի իշխանության ղեկը ստանձնելն ընդունեց՝ որպես էկզոտիկա։ Մոսկվան վստահ էր, որ Սարգսյանը, որը վստահեցնում էր, որ վերահսկում է իրավիճակը երկրում, դուրս կգա նաև սահմանադրական բարեփոխումներից հետո երկրում ստեղծված անցումային իրավիճակից, սակայն, ինչպես ցույց տվեցին զարգացումները, նա չկարողացավ դա անել։ Այդ ամենին Ռուսաստանն անհանգստությամբ և հետաքրքրությամբ էր հետևում։ Էկզոտիկ էին սկզբում նաև հայակենտրոնության մասին Փաշինյանի մեկնաբանությունները։

ՀՀ իշխանությունները ներկայումս ավելի ադեկվատ հայտարարություններ են անում, հիանալի սկսում են հասկանալ Ռուսաստանի դերը տարածաշրջանում և հայ-ռուսական հարաբերությունների իրական բնույթը, սկսում են հարմարվել իրավիճակին, ուստի Փաշինյանի հայտարարություններն այս դիտանկյունից է պետք մեկնաբանել»,- ասաց Տարասովը։

Վերջինս նաև ասաց, որ ՀՀ-ում հեղափոխությունից հետո ենթադրություններ կային, որ ՀՀ-ում տեղի է ունեցել գունավոր հեղափոխություն, իսկ դա չի կարող տեղի ունենալ՝ առանց արտաքին ուժերի և ոչ կառավարական կազմակերպությունների միջամտության։ «Նման դեպքերում այդ ուժերն ինչ-որ պահի մտնում են, կոպիտ ձևակերպումներով, «խաղի» մեջ, սպասվում էր, որ Արևմուտքը պետք է դա աներ, սակայն նրանք իրավիճակին հետևողի դերը ստանձնեցին, չմտան հայաստանյան ներքաղաքական «խաղի» մեջ՝ դրանով իսկ չեզոքացնելով այդ մասին կարծիքները»,- ասաց Տարասովը։

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ում բռնկված խնդիրներին, ապա դրանք արհեստականորեն ստեղծվեցին հենց Երևանի կողմից, ուստի Երևանն ինքը պետք է դուրս գա այդ իրավիճակից։ Նրա պնդմամբ, այդ իրավիճակի հեղինակը ո՛չ Մոսկվան է, ո՛չ էլ ՀԱՊԿ մյուս անդամ երկրները, ուստի նրանք չունեն պատասխանատվություն հարթելու այդ խնդիրը ի օգուտ Երևանի։

Իսկ գազի գների հարցում, Ստանիսլավ Տարասովի խոսքով, կան ստեղծագործական տարաձայնություններ։ «Ես վստահ եմ, որ այս հարցում Երևանը կշարունակի օգտվել արտոնություններից, պարզապես պայմանավորված շուկայով՝ տեղի են ունենում վերանայումներ»,- ասաց Տարասովը։

Ի տարբերություն Ս. Տարասովի՝ ռուս վերլուծաբան Իգոր Կորոտչենկոն գտնում է, որ ստեղծված խնդիրներն ամենևին էլ «արհեստական» և «ստեղծագործական» բնույթ չեն կրում։ Ըստ նրա, ՀԱՊԿ-ի հարցում եղավ Երևանի սխալը, որը համապատասխան ընթացք ունեցավ, նկատվում է, որ ՀՀ նոր իշխանությունները փորձում են նստել «2 աթոռի» վրա, թարմացնել հարաբերությունները՝ ինչպես Եվրամիության, այնպես էլ՝ Միացյալ Նահանգների հետ, այդ պատճառով գազի գնի հարցում Ռուսաստանը փորձել է քաղաքականություն փոխել։ Նա վստահեցնում է՝ այդ բանակցություններում միանշանակ խոսում է ոչ թե տնտեսական, այլ քաղաքական գործոնը։

«Հեղափոխությունից հետո Ռուսաստանում եղել են մտահոգություններ, հայ-ռուսական հարաբերություններում սառնություն կա, հենց այդ պատճառով եղավ հումանիտար առաքելությունը դեպի Սիրիա, քանի որ ՀՀ իշխանությունները շատ լավ էին հասկանում, որ պետք չէ խորացնել խնդիրները։ Ներկայումս ևս, ամենայն հավանականությամբ, կա այդ գիտակցումը, քանի որ ՀՀ-ն հասկանում է, որ կարող է շատ արտոնություններ կորցնել ՌԴ-ի հետ հարաբերություններում խնդիրների պատճառով։ Կարող է լինել ցանկություն՝ վարել երկու աթոռի վրա նստելու քաղաքականություն՝ հասկանալով, որ առանց Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների հնարավոր չէ, ուստի քաղաքական իրատեսականություն է փորձում ցուցաբերել։

Բայց սա ժամանակի ընթացքում կարող է է՛լ ավելի տեսանելի դառնալ։ Ռուսաստանը տեսնում է բազմավեկտոր քաղաքականություն, որի դեպքում չեն կարող շարունակվել արտոնություններ ՌԴ-ի կողմից։ Սակայն, ինչպես երևում է, ՀՀ իշխանությունները սկսել են առնչվել իրողություններին»,- ասաց նա։

Իսկ թե Վաշինգտոնի վերաբերյալ հայտարարություններն ինչպես կանդրադառնան հայ-ամերիկյան հարաբերությունների վրա հարցին Կորոտչենկոն պատասխանեց, որ ոչ մի կերպ չեն անդրադառնա, քանի որ Միացյալ Նահանգները կտրված է տարածաշրջանից, և բոլորն են տեսել, թե ինչ արդյունքների է հանգեցրել Արևմուտքի դրական կարծիքը, ներգրավվածությունն այս կամ այն երկրի կյանքում։ «Հայաստանը պետք է ելնի իր շահերից»,- ասաց նա։

Թեմայի վերաբերյալ առաջիկայում կներկայացնենք նաև ամերիկացի և եվրոպացի փորձագետների կարծիքները։

Տեսանյութեր

Լրահոս