Լինեթ Քեշիշյանը հաջողությամբ համատեղում է բիզնեսն ու ճամփորդությունը. Forbes
Հեղինակավոր Forbes պարբերականն անդրադարձել է Լոս Անջելեսում բնակվող ամերիկահայ վարսահարդար-ոճաբան Լինեթ Քեշիշյանի գործունեությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պարբերականի հետ զրույցում Քեշիշյանը իրեն ներկայացրել է որպես «ինքնազբաղ ամերիկահայ գործարար:
Նշվում է, որ Լինեթ Քեշիշյանը հաճախակի ճամփորդում է, արդեն հասցրել է լինել 58 երկրներում: Նա հաճախակի է ճամփորդում նշանավոր հաճախորդների, նորաձևության առաջատար գործակալությունների և այլոց հետ աշխատելու համար:
Լինեթ Քեշիշյանը ուսմանը զուգահեռ որպես վարսահարդար-ոճաբան է աշխատել: Նա խորհրդատվության ոլորտում մագիստրոսի գիտական աստիճան է ստացել: Նշվում է, որ նա երկար ժամանակ կանգնած է եղել միմյանցից տարբեր գիտության և գեղեցկության ինդուստրիայի ոլորտների միջև երկընտրանքի առաջ մինչև այն պահը, երբ հասկացել է, որ ցանկանում է ճամփորդել որքան հնարավոր է հեռու ու տեսնել այնքան բան, որքան հնարավոր է:
«Ես որոշեցի կենտրոնանալ բացառապես իմ սեփական բիզնեսն ու բրենդը ստեղծելու վրա, որպեսզի ժամանակացույցս ճկուն լինի, որպեսզի ճամփորդեմ, երբ ցանկանամ»,- ասել է նա:
Քեշիշյանը բացահայտել է, որ ճամփորդությունները կարող են վնասակար լինել մազերի համար և կարողացել է համատեղել Կալիֆորնիայում աշխատելու ընթացքում ձեռք բերած հմտությունները ու ճանապարհորդելու ընթացքում աշխատելու տաղանդը:
Լինեթ Քեշիշյանը պատմում է, որ ճանապարհորդությունները լուրջ գիտելիքներ են տալիս տարբեր մակարդակներում: «Ես հանդիպել եմ տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող անթիվ կին և տղամարդ գործարարների հետ և ցանկացած փոխգործակցությունից ես ինչ-որ բան սովորել եմ: Ես միշտ ոճաբան ընկերներիս, գործարարներին, ընկերներիս և ընտանիքիս ասում եմ, որպեսզի ճամփորդեն, եթե իսկապես ցանկանում են շատ բան իմանալ կյանքի մասին»,- ասել է Քեշիշյանը:
Պարբերականն ընդգծում է, որ Լինեթ Քեշիշյանը մեկ օրում չի դարձել գործարար: Նա իր բիզնեսը կառուցել է բազմաթիվ անքուն գիշերներ անցկացնելով, իր բրենդի և բիզնեսի մարքեթինգով զբաղվելու, ինչպես նաև հաճախորդների հետ փոխհարաբերությունները կառավարելու միջոցով: «Ես գեղեցկության խոշոր ու հայտնի սրահ չունեի, հետևաբար մարքեթինգն ու գովազդը իրականացրել եմ օրվա մեջ 12-14 ժամ ոտքի վրա անցկացնելով, բայց ես շարունակում էի, որովհետև այնքան էի սիրում այդ ամենը, որ դա իմ համար պարզապես աշխատանք չէր»,- պատմել է Քեշիշյանը:
Նա նաև ընդգծել է, որ հաջողակ գործարար դառնալու հարցում իրեն շատ է օգնել ստացած կրթությունը: