Հայ փախստականների գոյության և նրանց իրավունքների վերականգնման հարցը նպատակային դուրս են թողել ղարաբաղյան կոնֆլիկտի  միջազգային քննարկման դաշտից

«Թուրքական երկրորդ ներխուժմամբ  և բնակչության զանգվածային ջարդերից հետո Նախիջևանի հայ բնակչությունը 1920 թվականին ստիպված էր անվերադարձ թողնել իր հայրենի օջախը: 1918-20թթ. ջարդից փրկված և իրենց տուն-տեղը լքած նախիջևանցի հայերին խորհրդային կարգերի հաստատումից հետո ադրբեջանական իշխանություններն արգելեցին վերադառնալ իրենց բնօրրան, թեև նրանց տները դատարկ էին, դռները՝ փակ, հողերը՝ անմշակ: Այսօր էլ՝ թե՛ Մադրիդյան սկզբունքներում, թե՛  դրա հիմքում ընկած միջազգային ճգնաժամային խմբի ռեկոմենդացիաներում հայերի վերաբնակեցումն ազատագրված տարածքներում ընդհանրապես արգելվում է»,- Սլավոնական համալսարանի  Արևելագիտության ինստիտուտում կայացած «Ցեղասպանական քաղաքականություն. Մերձավոր Արևելք, Աֆղանստան, Անդրկովկաս» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ ասաց Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը:

«Այսօր կեղծիքը կարևոր գործիք է նաև ցեղասպանության ընթացքը շարունակական պահելու համար: Վերջին 30 տարիներին կեղծիքի հիմքի վրա հակահայ քարոզի արդյունքում ադրբեջանական հանրության հոգեվիճակը նույնն է, ինչ 1987-92 թվականներին, ինչ թուրքական հանրության հոգեվիճակը՝ 1915 թվականին: Ցեղասպանությունն ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականի հանդեպ այսօր էլ ընթացքի մեջ է: 1987-92 թվականներին Ադրբեջանում հայության դեմ տեղ գտած ցեղասպանության փաստը քողարկելու համար կեղծեցին, որ իբր կոնֆլիկտը սկիզբ է առել 1992 թվականին, ցեղասպան ռեժիմին տվել են զոհի կարգավիճակ, իսկ իր կյանքի իրավունքը իրացրած հայությանը՝ ագրեսորի կերպար:

Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների գոյության և նրանց իրավունքների վերականգնման հարցը նպատակային շրջանցել, դուրս են թողել, այսպես կոչված, ղարաբաղյան կոնֆլիկտի  միջազգային քննարկման դաշտից՝ 30 տարի շարունակ տանելով անհամաչափ քաղաքականություն: Ցեղասպանից ազատագրված տարածքներին տվել են օկուպացված կարգավիճակ, մերժել են հայ փախստականների՝ այդ տարածքներում ապրելու իրավունքը, շրջանառության մեջ են դրել հորինված պատմություններ, սկզբունքներ»,- հավելեց նա:

Մարիամ Ավագյանը նկատեց. «Փախստականների՝ կոնֆլիկտի պատճառով կրած վնասների փոխհատուցման համար ՄԻԵԴ-ում սկսված գործընթացը կրկին հենվում է կեղծ ու շինծու իրողության վրա: Այդ դատական գործընթացն անհամաչափ ու կանխորոշված է և օր առաջ պետք է կասեցվի: Չի կարող հայությունը փոխհատուցել Ադրբեջանի՝ իր իսկ քաղաքացիների հանդեպ հրահրած ցեղասպանական պատերազմի հետևանքները: 1988-94թթ ողջ վնասի հատուցումը  ցեղասպան Ադրբեջանի պարտքն է՝ թե՛ հայ, թե՛ ադրբեջանցի փախստականների հանդեպ, ինչպես Գերմանիան փոխհատուցեց Երկրորդ համաշխարհային պատերազմի համար:

1987-92թթ. Ադրբեջանում հայության դեմ տեղ գտած ցեղասպանության փաստը ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման խնդրում ունի առանցքային նշանակություն, և Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների իրավունքների վերականգնման հանգամանքն առանցքային գործոն է՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար:

Հայկական Երրորդ հանրապետությունը պետք է ճանաչի 1987-92թթ. Ադրբեջանի իշխանությունների կողմից Ադրբեջանական ԽՍՀ-ի ազգությամբ հայ քաղաքացիների հանդեպ իրականացված ոճրագործությունը՝ որպես ցեղասպանության շարունակություն, իրականացնի հետաքննություն, վեր հանի այն ուժերին, որոնք կազմակերպել, իրականացրել ու շարունակական են պահել հայության դեմ ցեղասպանությունը վերջին 30 տարիներին, տարածքները ճանաչի՝ որպես ցեղասպանից ազատագրված տարածքներ, նպաստի  տարածքների իրավատիրոջ՝ հայ փախստականների իրավունքների վերականգնմանը»:

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս