Միհրան Պողոսյանը ՌԴ-ից քաղաքական ապաստան է խնդրել. factor.am

Ռուսաստանի Դաշնությունում ձերբակալված ԴԱՀԿ ծառայության նախկին պետ  Միհրան Պողոսյանը քաղաքական ապաստան ստանալու համար հիմքեր ունի։ Այս մասին ռուսական «Ռունա» պարբերականին հայտնել է Պողոսյանի փաստաբան, Կարելիի Փաստաբանների պալատի նախագահ Միխայիլ Յամչիտսկին:

«Դիմումն արդեն պաշտոնապես ներկայացվել է, պատշաճ կերպով ձևակերպվել: Քաղաքացիական ապաստանի տրամադրման մասին որոշումն ընդունում է ՌԴ Նախագահին առընթեր հանձնաժողովը: Իմ կարծիքով՝ դրա համար հիմքեր կան: Իր հայրենիքում Միհրան Պողոսյանին քաղաքական դրդապատճառներով հետապնդում են»,- ըստ factor.am-ի՝ նշել է Միխայիլ Յամչիտսկին։

Ավելի վաղ՝ ՀՀ գլխավոր դատախազությունը նախկին բարձրաստիճան պաշտոնյայի արտահանձնման համար ռուսական կողմին փաստաթղթերի փաթեթ էր հանձնել:

Ապրիլի 13-ին Միհրան Պողոսյանին Հայաստանի Հատուկ քննչական ծառայության կողմից մեղադրանք էր առաջադրվել՝ վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակման ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար, ինչն առաջացրել էր ծանր հետևանքներ:

Ավելի ուշ՝ Պողոսյանի նկատմամբ ազգային և միջազգային հետախուզում էր  հայտարարվել, իսկ ապրիլի 19-ին Պետրոզավոդսկում նրան ձերբակալել էին։

Տեսանյութեր

Լրահոս