Երկտեղված հայրենիք. Նոր Հաճըն

Ծնող կորցրած մարդուն ասում են՝ զավակներովդ մխիթարվիր, զավակ կորցրած ծնողին ասում են՝ մյուս զավակներովդ մխիթարվիր կամ էլ ևս մեկ զավակ ունեցիր: Ինչպե՞ս մխիթարես այն մարդուն, ով կորցրել է հայրենիքը՝ իր տունը, ծննդավայրը, գյուղը, քաղաքը, հարազատների գերեզմանները, զրկվել նույնիսկ հարազատների շիրիմներին այցելելու հնարավորությունից, քանզի դրանք ավերվել են խլողների կողմից:

Եվ ահա Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած, աշխարհով մեկ ցրված ու նաև Արևելյան Հայաստան անցած հայերը, որ չէին հաշտվում իրենց մեծագույն կորստի հետ, փորձեցին մխիթարություն գտնել իրենց ծննդավայրերի անուններն այս փոքրիկ հողակտորում ապրեցնելով:

Արդյունքում Սովետական Հայաստանում հիմնված մի շարք նոր բնակավայրեր անվանվեցին կորուսյալ հայրենիքի քաղաքների ու գյուղերի անուններով՝ անվան դիմաց ունենալով «նոր» տարբերակիչ բառը: Այս նախաձեռնությունները, իհարկե, չփարատեցին այն անհուն ցավը, որ կարող է զգալ միայն հայրենազրկված մարդը, սակայն շատ դեպքերում «գետի այս կողմում» հաստատվածներին ու նրանց զավակներին օգնեցին դուրս գալ խորը հուսահատությունից և ուժ գտնել կյանքը շարունակելու համար:

Այդպիսի մի բնակավայր է Նոր Հաճընը (Նոր Հաճն), որ հիմնվեց հնի հերոսականանկումից 38 տարի հետո:

Հին Հաճընը Կիլիկիայի հյուսիսային դարպասն էր՝ բազմած Տավրոսի լեռնազանգվածի Քերմես եռանկյունաձև լեռան լանջերին: Հռոմեական ու Բյուզանդական կայսրությունների մաս կազմած այդ հնամենի քաղաքը ծաղկել էր Կիլիկյան հայկական թագավորության ժամանակաշրջանում: Կիլիկիայի անկումից հետո նախկին թագավորության կենտրոնական շրջաններից բազմաթիվ հայեր տեղափոխվեցին Ադանայից 160կմ հեռավորության վրա գտնվող Հաճըն: 15-րդ դարում Օսմանյան կայսրության կողմից զավթված քաղաքը շարունակում էր մնալ Լեռնային Կիլիկիայի խոշոր ու աշխույժ հայկական բնակավայրը:

Մեծ եղեռնից առաջ 30 հազար հայ ու մոտ 5 հազար էլ մուսուլման բնակչություն ունեցող Հաճընն ապրում էր բացառապես հայկական շնչով. ուներ շուկա, ջրաղացներ, կամուրջներ, վանքեր ու եկեղեցիներ, որոնցից ամենահինը 11-րդ դարում կառուցված Սբ. Հակոբի վանքն էր:

Բոլոր վանքերին ու եկեղեցիներին կից գործում էին դպրոցներ ու վարժարաններ, ամենանշանավորը Մեսրոպյան վարժարանն էր: Հաճընցին բնածին արհեստավոր էր։ Տարածված արհեստներից էին կտավագործությունը, ձեռագործությունը, գուլպայագործությունը, շալվար հյուսելու արհեստը, ներկարարությունը և այլն:

Այսպիսին էր կյանքը հայկական Հաճընում մինչ քաղաքի հայությունը կենթարկվեր 1896-ի համիդյան ջարդերին և 1909-ի երիտթուրքերի կազմակերպած կոտորածին: Իսկ 1915-ին Մեծ եղեռնի ժամանակ տարագրված հաճընահայերի զգալի մասը Դեր Զորի անապատներում թաղեց հայրենի բնօրրան վերադառնալու իր վերջին հույսը և ինքն էլ անթաղ մնաց անապատի ավազներում:

Առաջին աշխահամարտում Օսմանյան կայսրության պարտությունից հետո, երբ Կիլիկիայում հաստատվեց Ֆրանսիայի մանդատը, մոտ 8 հազար հաճընցիներ վերադարձան իրենց ծննդավայր: Նրանց, սակայն, վիճակված էր Հաճընում հանգիստ ապրել մինչև 1920-ի մարտ: Իսկ մինչև 1920-ի հոկտեմբեր նրանք ունեցան գոյամարտի այնպիսի մի հերոսապատում, որը հետո պիտի ցնցեր սերունդներին՝ խառնելով հպարտության ու անսահման վշտի զգացումները: Հայրենի բնօրրան վերադարձած 8 հազար հաճընցիներից փրկվեց միայն 365 հոգի:

ՀԱՃԸՆԻ  ՀԵՐՈՍԱՄԱՐՏ՝  ՀԱՃԸՆԱՄԱՐՏ

Մինչ վերադարձած հայերը իրենց ավերված քաղաքն էին վերաշինում քեմալականներին հաջողվեց պայմանավորվել ֆրանսիացիների հետ և վերջիններս սկսեցին դուրս գալ Կիլիկիայից: Տեղեկանալով թուրքական զորքի վերահաս հարձակման մասին՝ հաճընցիները որոշեցին դիմել ինքնապաշտպանության:

Սկսվեց Հաճընի հերոսամարտը՝ Հաճընամարտը…

Փաստաբան Կարապետ Չալյանի նախաձեռնությամբ կազմեցին ինքնապաշտպանության բարձրագույն խորհուրդ։ Պաշտպանության հրամանատար նշանակվեց զորավար Անդրանիկ Օզանյանի զինակից, սպա Սարգիս Ճեպեճյանը, տեղակալ՝ Արամ Թերզյանը (Կայծակ)։ Կազմակերպվեց 4 վաշտ, 60 հեծյալից բաղկացած էսկադրոն։ 16-50 տարեկան տղամարդկանց բաժանվեց 132 հրացան և 200 ռումբ, հետագայում ևս 300 հրացան ստացան ֆրանսիացիներից։

Գրավելով շրջակա գյուղերը և կոտորելով բնակիչներին՝ թուրքերը շարժվեցին դեպի Հաճըն։ Ապրիլի 1-ին թուրքական զորքը Քոզանօղլու Դողան բեյի հրամանատարությամբ անցավ հարձակման, քաղաքը գրեթե շրջապատվեց։ Հակառակորդի կարծիքով «Կիլիկիո հայկական միջնաբերդը` Հաճընը, հիմնովին կործանելն ու բնաջնջելը 2 ժամվա գործ է և աննշան հարձակումով մը պիտի կրնան թաղել 8.000 հայությունը»:

Բայց ծանր մարտերը շարունակվեցին մինչև հուլիսի 12-13-ը, երբ թուրքական հրամանատարությունը փորձեց բանակցությունների միջոցով ծնկի բերել հաճընցիներին, սակայն՝ ապարդյուն։ Թուրքական զորքի հրամանատար Դողան բեյը հեռացվում է պաշտոնից, քանզի խիստ դժգոհ էր Մուսթաֆա Քեմալը`«Հինգ հազար սնդուկ փամփուշտը ինչպես սպառվեց, որ ռազմամթերք եք պահանջում»,- ցասկոտ հեռագրում է թուրք հրամանատարությանը:

Նրա նոր հրամանը կտրուկ էր. «Ինչ գնով էլ լինի գրավել քաղաքը»: Անպատվություն էր կանոնավոր զորքով 8 ամիս չկարողանալ կոտրել մի բուռ սովահար հայերի դիմադրությունը: Թուրքական զորքի նոր հրամանատար Ալի Սայիմ բեյի գլխավորությամբ թշնամին նորանոր թնդանոթներով ու զինամթերքի մեծ պաշարով համալրում է իր ուժերը: Թուրքերը հոկտեմբերի 14-ին անցան նոր հարձակման, հոկտեմբերի 15 -ին գրավեցին առանց պարենի ու զինամթերքի մնացած, արտաքին աշխարհի հետ կապը կտրած Հաճընը, հրկիզեցին այն և կոտորեցին շուրջ 6000 հայերի:

Ավարտվեց Հաճընամարտը: Այո՛, պարտությամբ ավարտվեց, բայց միայն այդ անգամ…

ՆՈՐ  ՀԱՃԸՆ

Հարավային Ամերիկա հասած հաճընահայության բեկորներն անպայման ուզում էին Հաճըն անունը ապրեցնել՝ այն տալով հայկական որևէ նորաստեղծ բնակավայրի: Սփյուռքում «Հաճընի հայրենակցական ընդհանուր միության» կենտրոնական վարչությունը նախ ծրագրում էր Բեյրութում ստեղծել Նոր Հաճըն թաղամաս: Բայց և տեսակետ կար, որ աշխարհասփյուռ հաճընցիներին միավորելու նպատակով լավ կլինի Նոր Հաճընը հիմնել Մայր հայրենիքում, այլ ոչ թե օտար երկրում օտար կառավարության հովանու տակ:

Եվ ահա շատ չանցած ՀՍՍՀ Գերագույն սովետի նախագահ Շ. Առուշանյանի սեղանին դրված Էր Կիլիկիո Հաճընի մազապուրծ մի խումբ սփյուռքահայերի խնդրանք-դիմումը։ Խնդրում էին, որ Սովետական Հայաստանի որևէ տարածքում քաղաք կառուցվի, մի նոր բնակավայր հիմնվի և ի հիշատակ Կիլիկիայի Հաճըն քաղաքի` անվանակոչվի Հաճըն:

1958թ. նոյեմբերի 4-ին Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության հրամանագրով համապատասխան որոշում ընդունվեց, ըստ որի՝ Երևանից 12կմ հեռու նոր ստեղծվող բնակավայրն անվանվում է Նոր Հաճըն, իսկ ըստ 2-րդ կետի՝ սահմանվում էր, որ Նոր Հաճըն բնակավայրը դասվելու է Հայկական ՍՍՀ քաղաքատիպ ավանների շարքին:

Այսպիսով հին Հաճընի մոխիրներից վերածնվում է Նոր Հաճընը՝ անմիջապես իր նվիրական տեղը զբաղեցնելով ցաք ու ցրիվ հաճընահայության սրտերում: Նոր Հաճընը ստեղծման օրվանից սկսած ամուր կապ է պահպանում աշխարհասփյուռ հաճընցիների հետ: Աշխարհի հեռավոր ափերում բնակվող հին հաճընցիների ժառանգների նաև քաղաքի բարերար բարեկամներն են:

1973թ. Նոր Հաճընում կանգնեցվում է Հաճընի հերոսամարտի նահատակների հիշատակը հավերժացնող հուշարձան կոթողը: Իսկ 1978թ. հիմնված Հաճընի հերոսամարտի թանգարանն ուխտատեղի է դարձել հատկապես աշխարհասփյուռ հաճընցիների համար: Թանգարանային ցուցադրությունն ընդգրկում է Լեռնային Կիլիկիայի Հաճըն քաղաքի պատմությունը, հաճընցիների կյանքը մինչ եղեռնը, Հաճընի 1920թ. 8-ամսյա հերոսամարտի և Նոր Հաճընի հիմնադրման պատմությունը:

Թանգարանի ամուր կապը «Հաճընի հայրենակցական ընդհանուր միության» կենտրոնական վարչության և մասնաճյուղերի հետ նպաստում է մշակույթի բնագավառում գործնական շփումներ իրականացնելուն՝ սփյուռքի հաճնցիներին ներգրավելով կրթական ու դպրոցաշինական ծրագրերին:

Թանգարանում մտովի հին Հաճըն տեղափոխվողները, ավերի և կոտորածի սարսափը կրկին վերապրողները թանգարանից դուրս գալուց հետո արդեն կարողանում են իրենց հայրենապաշտ նախնիների հոգիների համար աղոթել հարևանությամբ կառուցված մերօրյա ճարտարապետության ամենագեղեցիկ նմուշներից մեկը հանդիսացող Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում:

Ապրում են նոր հաճընցիներն իրենց առօրյա հոգսերով, ուրախություններով ու տխրություններով, բայց ամեն ինչից զատ միշտ հիշում են իրենց քաղաքի պատմությունը, հպարտանում հին ու Նոր Հաճըններով, իրենց հայրենապաշտ նախնիներով:

Ապրում են նոր հաճընցիները՝ ապրեցնելով հին Հաճընը:

Ռաֆայել Սահակյան

Ermenihaber.am

Տեսանյութեր

Լրահոս