«Բոլոր խաղերը խաղացել էին, մնացել էր մարիխուանայի օրը». Քաղաքացի
420 կամ Կանեփի տոն. այն առավել հայտնի դարձավ 1980-ականներին, երբ ապրիլի 20-ը մի շարք երկրներում ոչ պաշտոնապես սկսեց տոնվել՝ որպես «կանեփի կամ մարիխուանայի օր»։ Իսկ 2019 թվականին տոնը, որի մասին քչերը գիտեին Հայաստանում, նշվեց նույնիսկ Երևան քաղաքում։
Ազատության հրապարակում տեղի ունեցած «միջոցառման» կազմակերպիչն ԱԺ մեծամասնություն «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի հարազատ եղբայրն էր` Ալեքսանդր Բաղդասարյանը։
Պատգամավորը թեմայի առնչությամբ ասել է, որ իրեն պետք չէ նույնականացնել իր բարեկամների, նրանց մոտեցումների և տեսակետների հետ.
«Իրենք ազատ են իրենց ցանկացած որոշումը կայացնելու: Ընկերներ ունեմ, որոնք օգտագործում են, պայքարում են մի այլ կարգի, ընկերներ ունեմ, որոնք դեմ են դրան: Բայց դա մի խնդիր է, որ պետք է ուսումնասիրվի և հարցին ճիշտ պատասխան տրվի՝ արդյոք դա լա՞վ բան է, թե՞ վատ բան է»։
«Կարծում եմ՝ մարդիկ ազատ են՝ նշել այն, ինչ իրենց հետաքրքիր է: Մնացածին որևէ բան ավելացնելու չունեմ»,- ասել էր «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:
Թեև հարցախույզները չեն կարող բացահայտել խնդրի շուրջ վերաբերմունքն ամբողջությամբ, այդուհանդերձ, մեզ հանդիպած քաղաքացիների մեծ մասը դեմ էր մարիխուանայի քարոզին ու թեմայի արծարծմանն առհասարակ։
Տիկին Անահիտը 168.am-ի հետ զրույցում նկատեց, որ խնդրին առնչվել է մոտիկից. Ամուսինն է օգտագործել տարբեր թմրամիջոցներ. «Ես չեմ ուզենա՝ ոչ մի ծնող տեսնի այդ ցավը. Ուղեղներն անջատած ման գա՞ն»։
«Երեխաների դաստիարակությանն են վնաս նման քարոզները. Երեխաներն ի՞նչ պիտի սովորեն դրանցից»,- 168.am-ին ասում է Վարուժանը։
Երիտասարդը, ով չի ցանկանում ներկայանալ, նկատում է, որ միանգամից ազատություն տալն իր վտանգներն ունի. «Հայաստանում այդ մասին շատ շուտ է խոսել»։
Քաղաքացիներից մեկն էլ նկատեց. «Բոլոր խաղերը խաղացել էին, մնացել էր մարիխուանայի օրը»:
Հայաստանում մարիխուանայի օգտագործումն ու տարածումը պատժվում է քրեական օրենսգրքով: Առավելագույն պատիժը՝ 8 տարվա, նվազագույնը՝ մինչև 1 տարի ազատազրկումն է:
Վրաստանում մարիխուանայի օգտագործումն ապաքրեականացվեց 2017-ին, մինչ այդ՝ օրինականացման ուղին ընտրել էին արդեն Նիդեռլանդներում, Բելգիայում, ԱՄՆ-ի որոշ նահանգներում և մի շարք այլ երկրներում։
Զարուհի Դիլանյան