Կոլումբիայի օդանավակայանում հազարից ավելի կրիա են առգրավել. EFE
Բոգոտայի միջազգային օդանավակայանում ավելի քան 1,3 հազար կրիա է բռնագրավվել, որոնց մաքսանենգները պատրաստվում էին անօրինականորեն վաճառքի տանել արտասահման: Այդ մասին հայտնել է EFE գործակալությունը՝ վկայակոչելով մայրաքաղաքի քաղաքապետարանի ներկայացուցիչներին:
«Կրիաները պահվում էին վատ պայմաններում, դրանք գտնվում էին պլաստիկե փաթեթներում, որոնք դժվարացնում էին օդի թափանցումը: Դրա հետեւանքով 28 սողուն սատկել է, իսկ մնացածները տեղափոխվել են Վայրի ֆլորայի եւ ֆաունայի կենտրոն»,-պատմել է Բոգոտայի շրջակա միջավայրի պահպանության քարտուղար Օսկար Լոպեսը: Նա հավելել է, որ վերականգնում անցնելուց հետո դրանք կվերադարձվեն բնակության բնական միջավայր:
Բռնագրավված կրիաները, որոնք պատկանում են Chelus fimbriatus (Ծոպերիզավոր կրիա) տեսակին, ինչպես Կոլումբիայում, այնպես էլ ամբողջ աշխարհում մեծ պահանջարկ են վայելում իրենց արտասովոր արտաքնի շնորհիվ: Այս կենդանիները գրավում են հավաքորդների առանձնահատուկ ուշադրությունը, շատերը դրանք պահում են որպես ընտանի կենդանիների, հաղորդել է ՏԱՍՍ-ը: