«Հոկտեմբերի 2-ին Փաշինյանը ժողովրդին բերեց հակաօրինական քայլի, դուրս եկավ լիազորությունների շրջանակից». ՀՅԴ-ական նախկին պատգամավոր
«Հոկտեմբերի 2-ին Նիկոլ Փաշինյանը ժողովրդի մի ստվար զանգվածի իսկապես բերեց ԱԺ շենքի մոտ և ներկայացրեց, որ՝ տեսե՛ք, Ազգային ժողովի պատգամավորները պատրաստվում են ընդունել մի հակասահմանադրական օրենք, որով նրանք հնարավորություն չեն տալու անցկացնել արտահերթ ընտրություններ: Ես այդ ամենը կարող էի հասկանալ, եթե Նիկոլ Փաշինյանին դիտարկեի՝ որպես ուղղակի Հայաստանի քաղաքացի, որպես ակտիվիստ և ՀՀ հպարտ քաղաքացի, ով պահանջ էր ներկայացնում պատգամավորներին: Բայց եթե դիտարկենք այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 2-ին արդեն երկրի վարչապետ էր, ապա նա պարտավոր էր գործել իր լիազորությունների շրջանակներում, իսկ նա ժողովրդին բերեց հակաօրինական քայլի, դուրս եկավ լիազորությունների շրջանակից, չարաշահեց իր նկատմամբ հանրության վստահությունը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ-ական նախկին պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը:
«Մեկ կոչով կարողացավ ստվար զանգված հավաքել ու մանիպուլյատիվ քայլերով ներկայացրեց սխալ մի մեկնաբանություն՝ ԱԺ-ն պատրաստվում է ընդունել մի օրենք, որը հնարավորություն չի տալու անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Իրականությունը բոլորովին այլ էր, այնտեղ ոչ մի հակասահմանադրական ձևակերպում չկար: Ինչ վերաբերում է դաշնակցական նախարարներին, մարզպետներին, նախքան Փաշինյանի կողմից նրանց աշխատանքից ազատելը, արդեն մենք հետ էինք կանչել նրանց: Իմանալով այդ փաստը՝ վարչապետը, քանի դեռ հանրությունը տեղեկացված չէ, առաջ ընկավ»,- հավելեց ՀՅԴ նախկին պատգամավորը:
Հարցին՝ դատի՞ են տալու նոր իշխանություններին, որ իրենց մեղադրել են հակասահմանադրական քայլ կատարելու մեջ, Արմենուհի Կյուրեղյանը պատասխանեց.
«Ինձ թվում է՝ այսօրվա իշխանություններին առաջիկայում դատի տալու ուրիշ ճանապարհներ էլ կան, ուրիշ ուժեր էլ կլինեն, ուրիշ քայլերի համար էլ կլինեն, այնպես որ՝ սպասենք»:
ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախկին նախագահ Էլինար Վարդանյանն էլ նշեց.
«ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություն անելը որևէ կերպ չէր հակասում Սահմանադրությանը, և բերված հիմավորումները, թե Սահմանադրությամբ նախատեսված ժամկետների խեղաթյուրում է տեղի ունենում օրենքով՝ տեղին չէին, և Սահմանադրական դատարանը ֆիքսեց, որ ԱԺ-ն ներկայացնում է ամբողջ ժողովրդին, և եթե ինչ-ինչ պատճառներով՝ արտակարգ իրավիճակների պայմաններում կամ որևէ խոչընդոտի պատճառով, նիստ չի գումարվում, ժամկետը չպետք է գործի, ինչը չէր հակասում Սահմանադրությանը»:
Արմինե Կյուրեղյանն էլ հավելեց.
«Կարծում էինք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է լինեին ժամանակին, ոչ թե ափալ-թափալ: Պետք է մի քանի գործողություններ կատարվեին, որոնցից հետո լինեին ընտրություններ: Կավարտվեին դեկտեմբերին, թող այդ ժամանակ էլ լինեին: Դա Ընտրական նոր օրենսգրքի ընդունումն էր, ուժային կառույցների հանձնումը վարչապետի ենթակայությունից՝ ԱԺ-ին, և ողջամիտ ժամանակի տրամադրում, որպեսզի հանրությունը, կուսակցությունները մարսեին: Անհերքելի էր, որ «Իմ քայլը» ունենալու է 70-ից ավելի ձայն, բայց ինչքանո՞վ էր դա համապատասխանում ժողովրդավարական երկիր կառուցելու մեր քայլերին»:
Անի Կարապետյան