Բաժիններ՝

«Բյուջեն թերակատարվել է, մուտքերը քիչ են ապահովվել նախորդ տարվա համեմատ, սա քաղաքի համար խնդիրներ է առաջացնելու». Դավիթ Խաժակյանը՝ քաղաքապետարանի ձախողումների մասին

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն այսօր ավագանու հերթական նիստի ընթացքում դիմելով քաղաքապետ Հայկ Մարությանին՝ ասաց, որ արդեն վեց ամիս է, ինչ բարձրացրել են Արցախի 4-րդ նրբանցքի 8-և 10, Արզումանյան 10 և 17, ինչպես նաև՝ Նազարբեկյան 48 հասցեների հետ կապված խնդիրները, սակայն վեց ամիս շարունակ քաղաքապետարանն ասում է, որ հարցը շուտով կլուծվի։

«Այդ շենքերը ռեալ իրենց խնդիրներն ունեն, վթարային վիճակում են, անընդհատ մեջբերում եք, թե բնակիչները համաձայնության չեն գալիս։ Իսկ ձեզ ո՞վ էր ասում, որ բոլորը պետք է համաձայնեին և ձեր ներկայացրած ծրագիրը միանգամից ընդունեին։ Մենք ակնկալում ենք քաղաքային իշխանություններից, տվյալ դեպքում՝ գործադիրից՝ արդյունք, և այդ արդյունքն ակնկալում են բնակիչները։ Միայն այն, որ բնակիչները համաձայն չեն այդ լուծմանը, չի նշանակում, որ մենք պետք է նրանց թողնենք փլատակների տակ, խոսքը 4-րդ կարգի վթարային շենքերի մասին է»,- ասաց Դավիթ Խաժակյանը։

Նրա խոսքով՝ երբ փորձում են ամեն ինչ շատ և միանգամից ստանալ, խնդիրներ են առաջանում, և այդ գինը տեսան Կառավարության նիստում, երբ 40 րոպե քննարկվում էր մի հարց, որ բացառապես գտնվում է քաղաքային իշխանության տիրույթում. խոսքն աղբահանության մասին է։

«Վեց ամիս անց արձանագրում եմ, որ աղբահանության խնդրի լուծման հարցում դուք ձախողել եք, հարգելի գործընկերներ, և սա է պատճառը, որ Կառավարությունը միջամտեց այս խնդրին, որովհետև քաղաքը կենդանի օրգանիզմ է և պահանջում է հրատապ լուծումներ։ Ձախողել եք մի հարցում, որի մասին խոսելու եմ առաջին անգամ, համոզված եմ, որ շատերի համար սա անակնկալ կլինի։

Կարդացեք նաև

Հիշում եք՝ ամիսներ առաջ մի շարք համայնքային դրույքաչափեր բարձրացվեցին ձեր քվեարկությամբ, հիմնավորումն այն է, որ պետք է մեծացնեն բյուջետային մուտքերը, որպեսզի քաղաքի հնարավորությունները մեծացնեն։ Քաղաքապետարանը թերհավաքագրել է համայնքի եկամուտներն առաջին եռամսյակի համար, և, որ ավելի ապշեցուցիչ է՝ առաջին եռամսյակի ընթացքում հավաքագրել է շուրջ 50 մլն դրամ պակաս՝ նախորդ տարվա համեմատ։

Հասկանո՞ւմ եք, մենք բարձրացնում ենք տուրքերը, որ մարդկանցից ավելի շատ գումարներ հավաքենք, բայց վերջում պարզվում է, որ նախորդ տարվա համեմատ՝ ավելի քիչ ենք գումար հավաքել։ Եթե հավաքագրման տեմպերն այսպես շարունակվեն, ապա մենք չենք կարողանա  բյուջեն պատշաճ կատարել։ Այստեղ ամենատհաճն այն է, որ իրական ցուցանիշները քողարկելու նպատակով քաղաքապետն ընդունել է ամոթալի որոշում՝ ակնկալվող դրամական մուտքը 145 մլն դրամով նվազեցնելու վերաբերյալ, որպեսզի վերջում ամփոփում կատարելիս՝ հայտարարի, որ 100 տոկոսով կատարել է։

Բյուջեն թերակատարվել է, մուտքերը քիչ են ապահովվել նախորդ տարվա համեմատ, սա քաղաքի համար խնդիրներ է առաջացնելու, որի հետևանքով չեն լուծվելու մի շարք խնդիրներ»,- շեշտեց Դավիթ Խաժակյանը։

Արձագանքելով՝ Հայկ Մարությանն ասաց, որ Դ. Խաժակյանի հետ համաձայն չէ։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս