Բաժիններ՝

Հաֆթարի բանակը Տրիպոլիի վրա հարձակման երկրորդ փուլն է սկսել

Մարշալ Խալիֆա Հաֆթարի Լիբիական ազգային բանակը (ԼԱԲ) հայտարարել է, որ Տրիպոլիի վրա հարձակման երկրորդ փուլն է սկսում: Այդ մասին հայտնել է Al Wasat լիբիական պորտալը՝ վկայակոչելով ԼԱԲ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ ալ Միսմարիի հայտարարությունը:

Նա ապրիլի 22-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ «ԼԱԲ-ն ապահովել է տարածքների անվտանգությունը եւ պարզել է Ազգային համաձայնության կառավարության հիմնական ու օժանդակ դիրքերը»: ԼԱԲ-ի ներկայացուցչի խոսքով՝ Հաֆթարի բանակը Տրիպոլիի վրա հարձակման երկրորդ փուլն սկսել է հետեւակի ուժերի կիրառմամբ:

Ապրիլի 4-ին Լիբիական ազգային բանակի մարշալ Խալիֆա Հաֆթարը հրամայել է իր ուժերին հարձակում սկսել Տրիպոլիի վրա՝ այն «ահաբեկիչներից ազատելու» համար: Հաֆթարի բանակի ստորաբաժանումները հսկողություն են հաստատել Լիբիայի մայրաքաղաքից հարավ գտնվող Գարյան եւ Սուրման քաղաքների նկատմամբ:

Լիբիայի ազգային համաձայնության կառավարությանը լոյալ զինված ուժերը ապրիլի 7-ին հայտարարել են Լիբիական ազգային բանակի դեմ «Ցասման հրաբուխ» ռազմական գործողությունն սկսելու մասին Ներկայում Լիբիայում պահպանվում է երկիշխանությունը. երկրի արեւելքում, Տոբրուք քաղաքում, գտնվում է խորհրդարանը, իսկ արեւմուտքում՝ Տրիպոլի մայրաքաղաքում, հաստատված է ՄԱԿ-ի աջակցությամբ ձեւավորված եւ միջազգային հանրակցության կողմից ճանաչված ազգային համաձայնության կառավարությունը՝ Սարաջի գլխավորությամբ:

Երկրի արեւելքում հաստատված իշխանությունները գործում են Տրիպոլիից անկախ՝ հենվելով ազգային բանակի վրա, որը գլխավորում է մարշալ Խալիֆա Հաֆթարը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս