Շրի Լանկայի նախագահն ապրիլի 23-ից արտակարգ դրության ռեժիմ կսահմանի երկրում. Reuters
Շրի Լանկայի նախագահ Մայթրիփալա Սիրիսենան ապրիլի 22-ին հայտարարել է մի շարք ահաբեկչական գործողություններից հետո երկրի տարածքում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու որոշման մասին: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկրի ղեկավարի դիվանատունը:
Գործակալության տվյալներով՝ ռեժիմը սահմանվում է ապրիլի 23-ից: Նշվում է, որ համապատասխան նորմատիվ ակտերը, որոնք վերաբերում են նոր ահաբեկչական գործողությունների կանխմանը եւ արտակարգ դրության ռեժիմին, կհրապարակվեն կեսգիշերին մոտ: Սպասվում է, որ նախագահը նաեւ օտարերկրյա օգնություն կխնդրի մի շարք հարձակումների հետաքննության գործում:
Մինչ այդ, ինչպես գրում է Daily Mirror թերթը՝ վկայակոչելով նախագահի մամուլի ծառայությունը, երկրի Ազգային անվտանգության խորհրդում որոշում է ընդունվել ընդլայնել ուժային կառույցների լիազորությունները՝ հասարակական անվտանգությունն ապահովելու համար: Ավելի վաղ Adaderana նորությունների պորտալը հայտնել է, որ Շրի Լանկայի զինված ուժերը հայտարարել են շուրջ հազար զինծառայողներ Կոլոմբո ուղարկելու մասին՝ տեղի ունեցած պայթյունների կապակցությամբ իրավակարգի ապահովման համար:
Երկրի կառավարությունը տեղի ոստիկանության կենտրոնակայանում եւ պաշտպանության նախարարության շենքում կբացի օպերատիվ հակազդման եւ հատուկ գործողությունների նախապատրաստման կենտրոններ: Շրի Լանկայի իշխանություններն ապրիլի 22-ին «Թաուհիդ ջամաաթ» իսլամական արմատական խմբավարմանը մեղադրել են կիրակի օրվա կաթոլիկական զատկի ժամանակ մի շարք ահաբեկչական գործողությունների կատարման մեջ, հաղորդել է Bloomberg-ը:
Ահաբեկչությանը խմբավորման մեղսակցության մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարար Ռաջիթա Սենարատնեն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: