«Ղարաբաղյան բանակցություններում ներկայումս տեղի ունեցողը որևէ կապ չունի հակամարտության կարգավորման հետ». Սկակով

«Ներկայումս որևէ ծրագրի հիման վրա բանակցություններ չեն ընթանում»,- այսպես է արձագանքել պաշտոնական Երևանը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի պնդումներին, թե ապրիլի 15-ին Մոսկվայում կայացած Մնացականյան-Լավրով-Մամեդյարով հանդիպմանը քննարկվել են 2016թ. մոսկովյան առաջարկները։

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն իր հայտարարության մեջ նշել է, որ հանդիպման արդյունքներով հրապարակվել է դրան մասնակցող կողմերի համատեղ հայտարարությունը, որտեղ արդեն իսկ նշված են քննարկված թեմաները։ «Համատեղ հայտարարությունները հենց այն նպատակով են արվում, որ դրանցում ամփոփվեն հանդիպման բոլոր մասնակիցների միջև համաձայնեցված ձևակերպումները։ Համաձայնեցված ձևակերպումներից դուրս, դրանց հակասող հայտարարությունները չեն նպաստում փոխվստահության ամրապնդմանը, առավել ևս, եթե դրանք մտացածին են և չեն համապատասխանում իրականությանը։ Ներկայումս որևէ ծրագրի հիման վրա բանակցություններ չեն ընթանում։ Ավելին, քննարկումների բովանդակային մասը շարունակում է ընթանալ միմյանց դիրքորոշումներին ծանոթանալու, պարզաբանելու ու հստակեցնելու տիրույթում»,- հստակեցրել է Ա.Նաղդալյանը։

Սակայն, հիշեցնենք, որ ավելի վաղ՝ Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից հետո, Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել էր, որ քննարկվել են 2016 թվականի ռուսական առաջարկները, սակայն կողմերը համաձայնության չեն եկել բոլոր հարցերի շուրջ։ Իր հերթին՝ ՌԴ ԱԳ նախարարը, անդրադառնալով այս պնդմանը, չէր հերքել այն, պարզապես նշել էր, որ դրանք ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկներն են, ընդհանուր փաստաթղթեր։ Լավրովը ևս մեկ անգամ ընդգծել էր, որ չկա «Լավրովյան պլան», ինչպես պնդում են շատերը։

«168 Ժամը» Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Ալեքսանդր Սկակովի հետ քննարկել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման վերջին ամիսների բանակցային գործընթացը, վերջին պայմանավորվածությունների հեռանկարներն ու բանակցային օրակարգը։

– Պարոն Սկակով, վերջին շրջանում ԼՂ գործընթացում բավականին ակտիվ զարգացումներ են ընթանում։ ՄԽ համանախագահներն առաջին անգամ ներկայացրեցին Մադրիդյան սկզբունքները, ապա Վիեննայում մարտի 29-ին Փաշինյան-Ալիև առաջին պաշտոնական հանդիպումից հետո արձանագրվեց, որ բանակցային գործընթացում բեկումնային որևէ արդյունք չի արձանագրվել, ՀՀ ՊՆ ղեկավարը ձևակերպեց նոր բանաձև. «Նոր պատերազմ՝ նոր տարածքներ»։ Երկու շաբաթ անց կայացավ Մնացականյան-Մամեդյարով մոսկովյան հանդիպումը, կողմերը պայմանավորվեցին իրականացնել հումանիտար պրոյեկտներ, տեղեկատվություն եղավ, որ տեղի են ունեցել նաև քննարկումներ 2016թ. ռուսական փաթեթի շուրջ, որը հերքեց հայկական կողմը։ Ակնհայտ է, որ կա ակտիվ գործընթաց: Ձեր տպավորությամբ՝ ի՞նչ է տեղի ունենում, և որքանո՞վ է այն հեռանկարային հակամարտության կարգավորման տեսանկյունից։

– Ըստ իս՝ ընթանում է իներցիոն գործընթաց, քանի որ կողմերն իրենց շփման հենց սկզբից պատրաստակամություն էին հայտնել երկխոսություն սկսել հակամարտության կարգավորման նպատակով, և այդ երկխոսությունը սկսվել ու շարունակվում է։ Սակայն, իմ համոզմամբ, այս ամենը որևէ կապ չունի հակամարտության կարգավորման հետ։ Ներկայումս տեղի ունեցողն առնչվում է նրա հետ, որ գոնե հակամարտության շփման գծում իրավիճակն ավելի հանդարտ, հանգիստ լինի և ԼՂ հակամարտության գոտում պատերազմի վերսկսման սպառնալիքն ավելի պակաս լինի։

Բայց թե ինչ կլինի երկու-երեք ամսից՝ որևէ մեկը հստակ չի կարող ասել։ Ես գտնում եմ, որ այս ամենը կավարտվի, և, քանի որ բանակցային սեղանին որևէ լուրջ փաթեթ դրված չէ, ներկայիս գործընթացը չի կարող շատ երկարաձգվել, ուստի սպառնալիքներն ավելանալու են։ Ներկայումս կողմերը սպասում են, ցույց են տալիս, որ պատրաստ են կոմպրոմիսների, բայց կոմպրոմիս իրական լինել չի կարող։ Դրան կողմերը պատրաստ չեն։

– Տեղեկությունները, որ Մոսկվայում կարգավորման ռուսական առաջարկներ են քննարկվել, չի՞ նշանակում արդյոք, որ կա փաթեթ, կամ քննարկվել է ինչ-որ բան։

– Դա հայկական կողմը հերքում է, ռուսական կողմը պարբերաբար նշում է, որ չկա Լավրովի ծրագիր, դրանք ԵԱՀԿ ՄԽ առաջարկներն են, որոնք գուցե ռուսական նախաձեռնությունների ժամանակ քննարկվում են։ Հայաստանի դիրքորոշումը դիտարկելով՝ նշանակում է՝ հայկական կողմը չի ընդունում այն փաթեթը, փաթեթները, որոնք կան, կամ դրա հրապարակումը համաձայնեցված չէ, քանի որ դրանք ընթացիկ քննարկումներ են։ Կարծում եմ, որ չկան հստակ փաթեթներ, այլ կան նախկինում մշակված փաստաթղթեր, որոնց մասին խոսեցին համանախագահները։ Իսկ նման հանդիպումների ընթացքում շատ հարցեր կարող են քննարկվել, սակայն հրապարակային գործընթացն այդ ուղղությամբ այլ ընթացակարգեր է ենթադրում։ Իմ տպավորությամբ՝ չկա որևէ հստակ փաթեթ կարգավորման սեղանին, քանի որ չկա նաև կոմպրոմիսի պատրաստակամություն։

– Ըստ Ձեզ՝ ի՞նչ պայմաններում այդ կոմպրոմիսը կարող է ձևավորվել, այդ թվում՝ Ստեփանակերտին բանակցային սեղան վերադարձնելու հարցում, որը հայկական կողմի առաջնահերթ պահանջն է իրական բանակցություններ սկսելու համար։

– Երբ, օրինակ, Ադրբեջանը կհասկանա, որ այս հակամարտության ռազմական կարգավորումն անհնար է, և, որ կարելի է գնալ իրական, լուրջ զիջումների։ Երբ հայկական կողմը հասկանա, որ այն, ինչ ներկայումս ունի, չի կարողանա ամբողջությամբ պահպանել և ստիպված է լինելու գնալ որոշակի զիջումների։ Ներկայումս կողմերը չունեն այդ ընկալումը։ Պարզապես ցույց են տալիս երկխոսելու պատրաստակամություն, քանի որ ավելի վաղ հրապարակայնորեն խոսել էին այդ մասին։

– Այս դիրքորոշումների պարագայում ի՞նչ է սպասվում կարգավորման գործընթացին։

– Ապագայում կա պատերազմի վերսկսման հեռանկար, ներկայումս չկա, քանի որ կա այլ գործընթաց, որը, ինչպես ասացի, ներկայումս հանդարտ է պահում շփման գիծը, սակայն այդ գործընթացը կարող է կանգ առնել։ Այդ դեպքում մեծանալու է պատերազմի վերսկսման վտանգը, քանի որ չկա կոմպրոմիսի ցանկություն։

– Մի շարք փորձագետներ, այդ թվում՝ ռուսաստանցի, դրական են գնահատում հումանիտար պրոյեկտներ իրականացնելու կողմերի պայմանավորվածությունը՝ պնդելով, որ դա դրական կանդրադառնա հետագայում իրական բանակցությունների մեկնարկի համար։ Դուք ի՞նչ եք կարծում այս պայմանավորվածությունների մասին։ Սրանք կարո՞ղ են նախադրյալներ ստեղծել հետագա բանակցությունների համար։

– Քանի դեռ հումանիտար պրոյեկտներն ընթացքի մեջ են, կողմերի ներկայիս դիրքորոշումների պարագայում շփման գծում իրավիճակը կլինի հանդարտ, սակայն սա ժամանակավոր երևույթ է և ցանկացած պահի կարող է դադարեցվել, սկսել առճակատման այլ ալիք ու այլ մակարդակ։ Կարծում եմ՝ սա նաև կանխատեսելի է կողմերի համար, որի պատճառով ժամանակ առ ժամանակ հռետորաբանություն է փոխվում։

– Պարոն Սկակով, հանդիպումը Մոսկվայում կայացավ ռուսական կողմի նախաձեռնությամբ, թեև հանդիպմանը եռակողմ ձևաչափից հետո մասնակցեցին նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահները։ Ի՞նչ շահեր է հետապնդում Մոսկվան ներկայումս այս պրոցեսում։

– Մոսկվայի շահը պատերազմի սպառնալիքի նվազեցումն է, դրա բացառումը, կառուցողական գործընթացի առաջմղումը։ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ներկայությունն իր հերթին՝ ցուցիչ է, որ համանախագահները գործում են համաձայնեցված։

Տեսանյութեր

Լրահոս