«Այսօր, երբ ամբողջ աշխարհը սգում է Փարիզի Նոտր Դամի տապալումը, ես մտածում եմ, թե հայերը Հայոց ցեղասպանության հետևանքով ինչ եկեղեցիներ են կորցրել». Ջոն Էվանս
Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհից հետո Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսն անդրադարձել է Հայոց ցեղասպանության հետևանքով հայերի կորցրած եկեղեցիներին: Նա այդ մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:
«Այսօր, երբ ամբողջ աշխարհը սգում է Փարիզի Նոտր Դամի տապալումը, ես մտածում եմ, թե հայերը Հայոց ցեղասպանության հետևանքով ինչ եկեղեցիներ են կորցրել, որոնցում եղել են բազմաթիվ մարդիկ, հոգեւորականներ»,-նշել է Ջոն Էվանսը:
Օսմանյան կայսրության իշխանության ղեկին կանգնած երիտթուրքական կուսակցության կողմից կազմակերպված ցեղասպանության հետևանքով 1915-1923 թվականներին զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Օսմանյան կայսրության նահանգների, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի հայ բնակչությունը, ոչնչացվել ունեցվածքը, մշակութային ու հոգևոր ժառանգությունը։ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր է համարվում 1915 թվականի ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում, ըստ նախօրոք պատրաստված ցուցակների, ձերբակալվեց մոտ 235 հայազգի մտավորական: