
Արտակ Զեյնալյանը ՄԹ դեսպանի հետ քննարկել է պրոբացիայի ծառայության վերաբերյալ հարցեր

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին:
Ինչպես հայտնում են նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարար Զեյնալյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին Արդարադատության նախարարության մի շարք ծրագրերի իրականացմանն աջակցելու և արդյունավետությամբ փոխգործակցելու համար:
Դեսպան Ֆարնուորթը ևս դրական է գնահատել համատեղ իրականացված աշխատանքներն ու իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու ոլորտի բարեփոխմանն ուղղված հետագա մի շարք ծրագրերին:
Հանդիպման ընթացքում «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գայանե Հովակիմյանը ներկայացրել է Միացյալ Թագավորության կառավարության աջակցությամբ 2018 թվականին մեկնարկած համատեղ ծրագրի արդյունքները:
Ծրագրի նպատակն էր օժանդակել պատշաճ իրականացնելու Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող Գործողությունների ծրագիրը` հասարակությանը կրթելու և շահագրգիռ մարմիններին ընտանեկան բռնությանն առնչվող խնդիրների վերաբերյալ վերապատրաստելու նպատակով: Գայանե Հովակիմյանը տեղեկացրել է, որ դրա շրջանակում մշակվել է հանրային ծառայողների և սոցիալական աշխատողների վերապատրաստումների դասընթացների ծրագիր, հանրային հաղորդակցության ռազմավարություն և ուղեցույց, որոնք հրապարակվել են նաև Արդարադատության նախարարության կայքում: