Վրաստանում մոլեգնում է կարմրուկի համաճարակը. ամեն օր ի հայտ են գալիս տասնյակ նոր դեպքեր
Վրաստանում մասնագետներն ամեն օր բացահայտում են կարմրուկով վարակման 15-25 նոր դեպք, ինչը տագնապալի ցուցանիշ է: Այդ մասին հայտնել է Առաջին ալիքը՝ վկայակոչելով Վրաստանի հիվանդությունների վերահսկման եւ հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեին:
Նորման համարվում է կարմրուկով հիվանդանալու տարեկան 10 դեպքը: Միայն 2019 թվականի սկզբից Վրաստանում գրանցվել է կարմրուկով հիվանդանալու ավելի քան 3 հազար դեպք: Վերջին տվյալների համաձայն, կարմրուկի դեմ պատվաստում է արվել 118 հազար մարդու, սակայն դա բավարար չէ: Այնքան ժամանակ, քանի դեռ երկրի՝ պատվաստում ստացած բնակիչների թվաքանակը չի հասել 350 հազարի, հիվանդությունը չի վերանա:
Ամենից հաճախ կարմրուկով վարակվելու դեպքեր են հայտնաբերվում Թբիլիսիում, որին հաջորդում են Իմերեթի, Սամեգրելո-Զեմո Սվանեթի, Կախեթի տարածաշրջանները:
«Հունվարից ի վեր այս տարվա ընթացքում մենք ունեցել ենք 3 հազար 172 դեպք: Դա ավելին է, քան գրանցվել է անցած ողջ տարվա ընթացքում: Այսինքն՝ համաճարակային բռնկումը դեռ շարունակվում է, եւ այն ոչինչ չի կարողանա կանգնեցնել, բացի պատվաստումից»,-հայտարարել է Գամկրելիձեն: