Բաժիններ՝

«Արսենալը» պետք է շրջանցի արտագնա խաղերի անեծքը. Եվրոպա լիգա

Եվրոպա լիգայի ¼ եզրափակչում իտալական «Նապոլին» կփորձի հաղթել Լոնդոնի «Արսենալին», որը շատ վատ է գալիս արտագնա հանդիպումներում: Լոնդոնցիներն առաջին խաղում հաղթել են՝ մրցակցի դարպասն ուղարկելով 2 գնդակ:

«Նապոլի»

Դիմակայության ֆավորիտն ի սկզբանե իտալական ակումբն էր, սակայն առաջին խաղում պարտությունը փոխեց պատկերը:

Հանդիպման առաջին կեսում որոշվեց առաջին հանդիպման ճակատագիրը: Նախ` «Նապոլին» բաց թողեց 15-րդ րոպեին, երբ Ռեմսին դարձավ գոլի հեղինակ, իսկ տասը րոպե անց Կալիդու Կուլիբալին գնդակն ուղարկեց սեփական դարպասը:

Կարդացեք նաև

Խաղի մնացած հատվածում իտալացիները, չնայած նրան, որ  ավելի շատ էին տիրապետում գնդակին (58%-42%),  չկարողացան նույնիսկ մեկ գոլ խփել: Ընդհանուր առմամբ, իտալացիները շատ քիչ են հարվածել դարպասին: 8 հարվածից միայն 2-ն է եղել ուղղված դարպասին:  Լոնդոնցիներն արել են 17 հարված, որոնցից 7-ը եղել են ուղղված դեպի դարպասը:

Պետք է նշել, որ Եվրոպայի գավաթի ընթացիկ մրցաշրջանում «Նապոլին» տանը շատ լավ է խաղում: Չեմպիոնների լիգայում իտալացիները հաղթեցին «Լիվերպուլին» (1:0) և «Ցրվենա Զվեզդային» (3:1), իսկ ՊՍԺ-ի հետ ոչ-ոքի խաղացին (1:1): Եվրոպա լիգա տեղափոխվելուց հետո նրանք հաղթեցին երկու խաղերում` ընդդեմ «Ցյուրիխի» (2:0) և «Զալցբուրգի» (3:0):

Վնասվածքների պատճառով թիմին չեն կարողանա օգնել Ռաուլ Ալբիոլը և Ամադու Դիավարան:

«Արսենալ»

Լոնդոնյան ակումբը կրկին վստահ հանդիպում անցկացրեց սեփական հարկի տակ: Հասկանալով, որ մրցակցի հարկի տակ բարդ  է լինելու, Ունայի Էմերիի սաները փորձում էին շատ գոլեր խփել: Ստացվեց խփել 2 գնդակ, որը պատասխան խաղից առաջ առավելություն է տալիս «զինագործներին»:

Ընդհանուր առմամբ, մրցակիցների դաշտում «Արսենալը» լավագույն խաղը չի ցուցադրում: Թիմը մրցակցի հարկի տակ չի կարողանում գործել առաջին համարով: Լոնդոնցիները վերջին 13 արտագնա խաղերում հաղթել են միայն երեք անգամ: Եվ միայն «Ուոթֆորդին» (1:0) կարելի է համարել համեմատաբար ուժեղ մրցակից: Լոնդոնցիները հաղթել կարողացել են նաև աութսայդեր «Հադերսֆիլդին» (2:1) և «Բլեքփուլին» (3:0)՝ Անգլիայի գավաթում:

«Արսենալը» բավականին հանգիստ դուրս եկավ խմբից, չպարտվեց ոչ մի խաղում, և ոչ մի մրցակից այդպես էլ չկարողացավ մրցակցություն ստեղծել Ունայի Էմերիի թիմի համար: Միայն «Սպորտինգն» էր, որ պայքարեց և կարողացավ խլել միավորներ լոնդոնյան թիմից՝ գոլազուրկ ոչ-ոքիի միջոցով:

Բայց արդեն խմբային փուլից հետո խնդիրները սկսվեցին: Լոնդոնյան թիմի հաջորդ մրցակիցը ԲԱՏԷ-ն էր, ով առաջին խաղում կարողացավ անակնկալ հաղթանակ տոնել: Սակայն երկրորդ խաղում լոնդոնյան ակումբը կարողացավ լավ խաղ ցուցադրել և հաղթել 3:0 հաշվով:

Եվրոպա լիգայի նախորդ փուլում «զինագործները» նույնպես դժվարություններ ունեին: Նրանք 1:3 հաշվով պարտվեցին «Ռենին», բայց կարողացան ռևանշ վերցնել տանը՝ մրցակցի դարպասն ուղարկելով երեք անպատասխան գնդակ:

Ունայի Էմերին այս խաղում չի կարող հույս դնել Ռոբ Հոլդինգի, Դենի Ուելբեքի և Հեկտոր Բելերինի վրա, ովքեր շարունակում են ապաքինվել վնասվածքներից հետո:

Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 23:00-ին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս