Վենեսուելան 9 տոննա ոսկի է վաճառել 400 մլն դոլար գումարով. Bloomberg
Վենեսուելայի իշխանություններն 9 տոննա ոսկի են վաճառել 400 մլն դոլար գումարով, չնայած այն ճնշմանը, որն ԱՄՆ-ը գործադրում էր պոտենցիալ գնորդների վրա: Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Նրանց խոսքով՝ թանկարժեք մետաղը կարող Էին ձեռք բերել ընկերություններ Թուրքիայից եւ Արաբական Միացյալ Էմիրություններից (ԱՄԷ): Ոսկու վաճառքը, գործակալության համաձայն՝ նշանակում է, որ նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարությունը գտել է միջոցը, թե ինչպես շրջանցի Վենեսուելայի նկատմամբ ԱՄՆ-ի վարչակազմի սահմանած պատժամիջոցները:
Հանրապետության Կենտրոնական բանկի ոսկեարժութային պահուստներն այժմ կազմում են 8,6 միլիարդ դոլար, նշել է գործակալությունը:
Հունվարի 31-ին Reuters գործակալությունը հայտնել էր, որ Վենեսուելայի Կենտրոնական բանկը մտադիր է մոտ ժամանակներս 15 տոննա ոսկի ուղարկել Արաբական Միացյալ Էմիրություններ, որպեսզի այն վաճառի արտարժույթի պաշարները լրացնելու համար: 2018 թվականի նոյեմբերի 1-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է սահմանել պատժամիջոցներ, որոնք կոչված են արգելափակելու Վենեսուելայի գործառնություններն իր ոսկու պաշարով:
Ինչպես ասված է հրամանագրում, որը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, Վաշինգտոնը մտադիր է Մադուրոյի կառավարությանը խանգարել «հափշտակելու» երկրի «հարստությունները», հաղորդել է ՏԱՍՍ-ը: