Բաժիններ՝

«Յուվենթուս»-«Այաքս». արդյո՞ք իմաստ ունի սպասել սենսացիայի

Առաջին խաղում «Յուվենթուսը» և «Այաքսը» ոչ-ոքի խաղացին, կկարողանա՞  «ծեր սենյորան» հաղթել ընդհանուր դիմակայությունում:

«Յուվենթուս»

«Յուվենթուսը» ոչ հեշտությամբ, բայց ոչ էլ առանձնակի դժվարություններ ունենալով՝ առաջ է գնում Չեմպիոնների լիգայում:

Եթե Սերիա Ա-ում Մասիմիլիանո Ալեգրիի թիմը կայուն և անպարտելի էր մինչև վերջերս, Չեմպիոնների լիգայում «Ծեր սենյորան» այնքան էլ  հարթ ճանապարհ չունեցավ՝ սկսած խմբային փուլից: Սակայն, գլխավորն այն է, որ Իտալիայի չեմպիոնը դեռևս պայքարում է:

Կարդացեք նաև

Ամստերդամում թուրինյան ակումբը չկարողացավ հաղթանակ գրանցել, խաղն ավարտվեց 1:1 հաշվով, ինչը, սակայն, ավելի մեծ հնարավորություններ է տալիս Ալեգրիի սաներին:

Այս խաղից առաջ թուրինյան ակումբը կարող էր դառնալ Իտալիայի չեմպիոն, սակայն Ալեգրիի թիմը չկարողացավ հաղթել ՍՊԱԼ-ին (1:2) և հետաձգեց պաշտոնապես չեմպիոն հռչակվելը մինչև հաջորդ հանգստյան օրեր: Խաղից հետո Մասիմիլիանո Ալեգրին ստիպված էր ներողություն խնդրել երկրպագուներից:

Այս խաղում թիմին դժվար թե կարողանան օգնել Էմրե Չանը, Ջորջո Կելինին և Մարտին Կասերեսը:

«Այաքս»

«Այաքսը» ¼ եզրափակչի առաջին խաղում ցույց չտվեց այն ամենը, ինչին ի վիճակի էր: Էրիկ Տան Հագայի թիմը շատ զգույշ էր իր դաշտում՝ ավարտելով խաղը 1:1 հաշվով:

Հիմա հոլանդական ակումբը պետք է գոլ խփի Թուրինում, ինչը հեշտ չէ՝ հաշվի առնելով թուրինցիների հզոր խաղը սեփական դաշտում:

Հանգստյան օրերին «Այաքսը» հեշտ հաղթանակ տարավ «Էքսելսիրի» նկատմամբ: Խաղն ավարտվեց 6:2 հաշվով, որի ընթացքում Կլաս-Յան Հունթելարը 3 գոլ հեղինակեց: Այս հաղթանակից հետո  «Այաքսը» մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում է և երկրորդ տեղը գրավող ՊՍՎ-ին գերազանցում է միայն լրացուցիչ ցուցանիշներով:

Այս խաղին չի մասնակցի Նիկոլաս Տալիաֆիկոն, ով որակազրկված է: Կարել Էյնտինգը  վնասվածք ունի:

Վիճակագրություն

«Յուվենթուսը» սեփական հարկի տակ երեք անգամ ընդունել է «Այաքսին» և ոչ մի անգամ չի պարտվել՝ 2 հաղթանակ և 1 ոչ-ոքի:

«Յուվենթուսը» 13 տնային խաղերում գրանցել է 12 հաղթանակ: Մեկ հանդիպում ավարտվել է ոչ-ոքի արդյունքով:

«Բավարիայի» հետ նույն խմբում լինելով՝ «Այաքսը» ոչ մի պարտություն չի կրել, և դա շատ բան է ասում: Հոլանդիայի առաջնությունում թիմն ունի միայն 4 պարտություն, ինչը նշանակում է, որ հոլանդական ակումբը ոչ միայն կարող է խաղալ բարձրակարգ մրցակիցների հետ, այլև ունի ստաբիլություն:

Չեմպիոնների լիգայի ամենաերիտասարդ ավագ Մաթիաս դը Լիգտը և արդեն «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Ֆրանկի դե Յոնգը, Դուշան Թադիչը և Դեյլի Բլինդը, ովքեր անգլիական ֆուտբոլից հետո կյանք են վերադարձել, կարողանում են շատ լավ գնդակ վերահսկել և դրա վրա կառուցել թիմի խաղը: Իսկ Դավիթ Ներեսը և Հաքիմ Զիեշն անընդհատ գոլեր են խփում: Իրականում, այս թիմում գոլեր են խփում գրեթե բոլորը, անգամ՝ պաշտպանները:

Տպավորություն է, որ հիմա հենց այն ժամանակն է, երբ «Այաքսը» կարող է սենսացիայի հեղինակ դառնալ:

Անդրեա Անելին «Յուվենթուսը» դարձնում է իսկական սուպերակումբ և բրենդ, իսկ Մասիմիլանո Ալեգրին էլ մարզիչ է, ով սիրում է արդյունքների հասնել և աշխատում է հենց այդ ուղղությամբ: Այդ իսկ պատճառով, կարելի է ասել, որ այս դիմակայությունը լինելու է պայքար երկու արդյունքի հետևից գնացող ակումբների և մարզիչների միջև, որտեղ ֆավորիտի կարգավիճակում է այս պահին Եվրոպայում ամենաուժեղ ակումբներից մեկը՝ «Յուվենթուսը»:

«Յուվենթուսը» լավ արդյունքի հասավ Ամստերդամում և այս խաղում ունի լավ հնարավորություններ, քանի որ շատ լավ է հանդես գալիս սեփական հարկի տակ: Հոլանդական ակումբը պետք է աշխատի գոլ խփել և պաշտպանվել՝ հաշվի առնելով թուրինցիների հարձակողական ներուժը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս