Եվրահանձնաժողովը եվրոպական դրամաշնորհ կտրամադրի Նոտր Դամի վերականգնմանը
Եվրամիությունը կմասնակցի Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման աշխատանքների ֆինանսավորմանը, որը լրջորեն տուժել է ապրիլի 15-ի երեկոյան բռնկած հրդեհի հետեւանքով: Ապրիլի 16-ին այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Եվրահանձնաժողովի (ԵՀ) մամուլի ծառայությունում:
«Եվրահանձնաժողովը Եվրոպայի հիմնադրամներից հատուկ դրամաշնորհ կտրամադրի Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար, որը Եվրոպայի եւ աշխարհի մշակութային սեփականության բաղկացուցիչ մասն է: Հենց որ հայտնի դառնան վնասի չափը եւ վերականգնողական աշխատանքների գնահատման արժեքը, Եվրահանձնաժողովը որոշում կընդունի ֆինանսավորման չափի մասին»,- հայտնել են մամուլի ծառայությունում:
Ապրիլի 15-ին ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը, Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, Եվրախորհրդարանի ղեկավար Անտոնիո Տայանին այդ հրդեհը որակել են «ողբերգություն ամբողջ մարդկության ժառանգության համար» եւ խոստացել են ապահովել Եվրամիության լիակատար համերաշխությունը Ֆրանսիայի հետ: