Բռնե՞լ, թե՞ չբռնել

Եթե Շեքսպիրն ապրեր մեր օրերում (ինչը, ցավոք, հնարավոր չէ), ամենայն հավանականությամբ, կլիներ այս իշխանության անդամ, և իր հայտնի ստեղծագործության մենախոսության մեջ «Լինել, թե՞ չլինել» դերբայի փոխարեն՝ կօգտագործեր առավել արդիական ու սկանդալային «Բռնել, թե՞ չբռնել» դերբայը: Որովհետև, բարեբախտաբար, «Լինել, թե չլինել» դեռևս փիլիսոփայական հարց է, բայց այ, «Բռնե՞լ, թե՞ չբռնել»-ը գրեթե մեկ տարի դարձել է իշխանական հարց, որի պատասխանը հիմնականում լինում է դրական:

Եթե տարբերակ կա ինչ-որ մեկին բռնելու, ապա, իշխանությունների տրամաբանությամբ՝ իհարկե, բռնել, դրանից էլ լավ առի՞թ օրվա դատարկ լրահոսը հետաքրքրացնելու համար, չէ՞ որ Փաշինյանին վարչապետ դարձրած ժողովուրդը ոչ այլ ինչ է, քան սովորական ամբոխ: Իսկ ի՞նչ է պետք ամբոխին՝ ընդամենը զբաղմունք։

Դե, իսկ ԱԱԾ-ի ու ՊԵԿ-ի մասկի-շոուներից էլ լավ զբաղմո՞ւնք. վերցնում ես պոպ-կորնը, նստում հեռուստացույցի դիմաց, ու տես, թե ամբոխը որքան է ուրախանում սրան-նրան տեղի ու անտեղի բռնելու համար:

Իսկապես, ո՞րն է ճիշտ՝ բռնե՞լը, թե՞ չբռնելը: Իհարկե, ճիշտը բռնելն է, որ հանկարծ չփախչի: Բայց մի՞թե փախչում է. կարծես թե՝ չէ, նույնիսկ ասուլիս է տալիս, բողոքի ակցիա է անում, կոչ է անում քննարկման գալ, այդ դեպքում ինչո՞ւ բռնել: Այս պոետիկ ենթատեքստից հետո, երբ գալիս ենք իրական կյանք, տեսնում ենք, որ իրավիճակն ավելի վատ է, քան շեքսպիրյան նովելներում, երբ նույնիսկ չեն էլ հարցնում՝ բռնել, թե չբռնել, միանգամից բռնում են, կապ չունի՝ կա՞ հանցանք, թե՞ չկա, պե՞տք է բռնել, թե՞ ոչ:

Գալով արդեն կոնկրետ օրինակին, «Սպայկա» գյուղմթերք մթերող և արտահանող ընկերությանը մեղադրում են շուրջ 7 մլրդ դրամի հարկ չվճարելու մեջ: Հասկանալի է, միգուցե և իրավացի պահանջ է, միգուցե՝ ոչ, ցույց կտա ժամանակը: Բայց ակամայից հարց է առաջանում. ինչո՞ւ եք ձերբակալել ընկերության սեփականատիրոջը և տնօրենին, այդ մարդը ի՞նչ հանցանք է գործել, և, ի վերջո, միգուցե իրականում փոխտնօրե՞նն է մեղավոր, կամ, ասենք, գլխավոր հաշվապա՞հը: Քրեական գործը հարուցել եք, սպասեք՝ ամեն ինչ բացահայտվի։ Ի՞նչ նոր տենդենց է՝ նախաքննության փուլը դեռ չսկսած՝ արդեն մեղադրական եզրակացություն ու դատապարտյալ է համարվում մարդը: Այդ երբվանի՞ց է Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) քննչական վարչությանը նման գործառույթ վերապահված:

Ընդհանրապես, ցանկացած հանցագործի ձերբակալելը արդարացված է միայն երկու դեպքում: Առաջինը, եթե ձերբակալմամբ կանխում ենք հանցագործությունը կամ դրա հնարավոր կրկնությունը, և երկրորդ, եթե տվյալ քաղաքացին կարող է խանգարել գործի քննությանը:

Եթե հավատանք իշխանության ամենօրյա ելույթներին, ապա այսօր ՊԵԿ-ը վերափոխվել ու սրբացել է, և հիմա բացառված է հարկերը թաքցնել, այսինքն, ըստ իշխանությունների՝ բացառվում է, որ «Սպայկա» ընկերությունը, ի դեմս տնօրենի, կկրկնի դեռևս չապացուցված հանցանքները: Այսինքն՝ այս մասով կալանավորումը հաստատ արդարացված չէ:

Ինչ վերաբերում է 2-րդ դեպքին, այն է՝ քննությանը խանգարելը, ապա, եթե ՊԵԿ-ի հիմքերն այդքան ամուր են եղել, որ գնացել են կալանավորման, ուրեմն գործը մի քանի տոննա կշռող փաթեթներով ՊԵԿ-ում պատրաստ է, և «Սպայկայի» սեփականատեր-տնօրեն Դավիթ Ղազարյանն էլ, ինչպես ասում են՝ միլիոն տոկոս մեղավոր է: Այսինքն՝ ամեն ինչ հիմնավոր է, ու մնացածը տեխնիկական հարց է, և ուրեմն Դավիթ Ղազարյանն այլևս ինչպե՞ս պետք է խանգարի քննությանը, հատկապես, երբ ամեն ինչ բացահայտված է:

Բացի այդ, չմոռանանք նաև, որ այդ դեպքում տեղի ունեցածը վարչական իրավախախտում է, որի համար, ինչպես ասում են՝ դատ չի հասնում, իշխանությունը առավելագույնը կարող է Արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարումն (ԴԱՀԿ) ապահովող ծառայության միջոցով ամբողջ գումարը ետ ստանալ և մուտքագրել պետբյուջե: Նույնիսկ, եթե դրա համար կարիք լինի առգրավել գործարանը, վաճառել բեռնատարները, ընկերության ամբողջ գույքը, և այլն:

Այդ լիազորությունն ունի պետությունը, կիրառեք դրանք, եթե կարիքը կա, բայց այդ մարդուն ինչո՞ւ եք կալանավորել: Սա մոտավորապես նույնն է, որ Ճանապարհային ոստիկանության տեսուչը խախտում անելուց բռնացնի վարորդին, նույն շեքսպիրյան ոճով հարցնի՝ «Բռնել, թե՞ չբռնել», և մի քանի տարով ձերբակալի վարորդին…

Եվ ամենավերջում՝ մի քիչ էլ սթափության չափաբաբաժին: Գործող իշխանությունը և Պետական եկամուտների կոմիտեն կարո՞ղ են պատասխանել, թե ինչո՞վ է «Սպայկայի» սեփականատեր-տնօրեն Դավիթ Ղազարյանը պակաս այն հազարավոր անբաններից, ովքեր իրենց վարչական տուգանքները չէին մուծել, բայց թավշյա վարչապետը ներեց նրանց 12 միլիարդ դրամի հասած տուգանքները:

Կալանավորված Դ. Ղազարյանն այս տարիներին անբանների փոխարեն՝ միլիոնավոր տոննաների գյուղմթերք է արտահանել, հազարավոր աշխատատեղեր է ստեղծել, իսկ անբանները միայն խախտել են օրենքը, ու սրիկայաբար դրա դիմաց չեն վճարել, ավելին, թքել են օրենքի ու պետության վրա, և ասել, որ չկա այս պետությանը վճարելիք ոչինչ։ Ինչո՞ւ եք այդ անբաների 12 միլիարդը ներում, իսկ Դ. Ղազարյան գործարարին 7 միլիարդի համար կալանավորում: Ո՞ւր էր ՊԵԿ քննչական վարչությունը, ինչո՞ւ այդ տուգանքները չմուծած քաղաքացիների ետևից չէր գնում, ինչո՞ւ նրանց չէր կալանավորում, ինչո՞ւ նույն կերպ նրանց տներն ու ավտոմեքենաների դարակները չէր ստուգում, որպեսզի պարզեր՝ արդյո՞ք կապերով փող կա թաքցրած։ Պարզապես անբանները թքած ունեն օրենքի վրա էլ, պետության վրա էլ:

Նիկոլ Փաշինյանը, հասկանալի է, շոու է անում, իր խնդիրներն է լուծում՝ փորձելով հասարակության մեջ սրընթաց ընկնող իր վարկանիշը մի կերպ պահել, բայց ինչո՞ւ են լռում ոլորտի պրոֆեսիոնալները, որոնք շատ լավ գիտեն՝ բռնել-չբռնելով հարց չի լուծվում, ընդհակառակը, դրանից միայն նոր հարցեր են առաջանում, ու այդ հարցերի պատասխանները վաղը դարձյալ այդ պրոֆեսիոնալներն են տալու։

Խնդիրը «Սպայկան» կամ Դավիթ Ղազարյանի անձը չէ, խնդիրն այն է, որ աշխատող, աշխատատեղեր ստեղծող խոշոր ընկերության հետ կարող են նման կերպ վարվել։ Եթե խնդիրներ կան (իսկ դրանք, այո, կան), ապա պետք է հնարավորություն տրվի շտկելու համար։ Հակառակ դեպքում այս ամբողջ պատմությունն այլ երանգներ է ստանում, որոնք կամաց-կամաց բացահայտում են այս իշխանությունների իրական նպատակները։

Մաքսիմ Մուսինյան

Տեսանյութեր

Լրահոս