«Մարդիկ, ովքեր ունեն 4 երեխա, ի՞նչ պետք է անեն». «Վարորդի ընկեր» հ/կ համահիմնադիրը՝ «քարսիթի» օգտագործման մասին
Ապրիլի 11-ին Կառավարությունը որոշեց՝ այսուհետ մինչև 7 տարեկան երեխաների տեղափոխման համար պարտադիր կլինի «քարսիթի» օգտագործումը, իսկ 7-12 տարեկանների համար՝ ամրագոտին:
Կետ 159-ում ասվում է, որ մինչև 7 տարեկան երեխաների փոխադրումը թեթև մարդատար ավտոմոբիլում և բեռնատար ավտոմոբիլի խցիկում, որոնց կառուցվածքով նախատեսված է անվտանգության գոտիներ կամ անվտանգության գոտիներ և մանկական պահող համակարգ, պետք է իրականացվի երեխայի քաշին և հասակին համապատասխանող մանկական պահող համակարգերի (սարքերի) օգտագործման միջոցով:
159.1 կետի համաձայն՝ 7-ից մինչև 12 տարեկան երեխաների փոխադրումը թեթև մարդատար ավտոմոբիլում և բեռնատար ավտոմոբիլի խցիկում, որոնց կառուցվածքով նախատեսված է անվտանգության գոտիներ կամ անվտանգության գոտիներ և մանկական պահող համակարգ, պետք է իրականացվի երեխայի քաշին և հասակին համապատասխանող մանկական պահող համակարգերի (սարքերի) օգտագործման միջոցով կամ անվտանգության ամրագոտիների օգտագործման միջոցով, իսկ թեթև մարդատար ավտոմոբիլի առջևի նստատեղում՝ միայն երեխայի քաշին և հասակին համապատասխանող մանկական պահող համակարգերի (սարքերի) օգտագործման միջոցով:
159.2 կետում էլ ասվում է, որ թեթև մարդատար ավտոմոբիլում և բեռնատար ավտոմոբիլի խցիկում մանկական պահող համակարգերի (սարքերի) տեղադրումն ու դրանցում երեխաներին տեղավորումը պետք է իրականացվեն նշված համակարգերի (սարքերի) շահագործման հրահանգներին (կանոններին) համապատասխան:
159.3. կետով արգելվում է մինչև 12 տարեկան երեխաներին փոխադրել մոտոցիկլի հետևի նստատեղին, ինչպես նաև բեռնատար ավտոմոբիլի թափքում (բացառությամբ ֆուրգոն թափքով ավտոմոբիլի):
«Վարորդի ընկեր» հ/կ համահիմնադիր Դավիթ Պեդանյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց հետ քննարկումներ չեն եղել, իսկ շատ հարցեր այդպես էլ պատասխաններ չեն ստացել:
«Հայաստանում մեքենայի հետևի դռների ապակիների մգեցվածությունը թույլատրելի է, ուստի հնարավոր չէ, որ ճանապարհային ոստիկանը, առանց մեքենան կանգնեցնելու, տեսնի՝ մեքենայում երեխա կա՞, նա «քարսիթո՞վ» է, թե՞ ոչ, հետևաբար՝ չի կարող վերահսկել: Մյուս խնդիրն էլ այն է, թե մարդիկ, ովքեր ունեն 4 երեխա, ի՞նչ պետք է անեն, մի քանի անգամ գնան-գա՞ն»,- նշեց Դավիթ Պեդանյանը:
«Օրենքը կիրառելու համար պետք է կարողանանք որոշակի վերահսկողություն սահմանել: Հուսանք՝ մինչև Ազգային ժողովում քննարկումներ սկսելը՝ այս կարևոր հարցերին ուշադրություն կդարձնեն»,- հավելեց «Վարորդի ընկեր» հ/կ համահիմնադիրը:
Նրա խոսքով՝ այլ երկրներում մարդիկ մեքենա գնելուց հետո, անկախ նրանից՝ երեխա ունե՞ն, թե՞ ոչ, մեկ «քարսիթ» են գնում, և հիմնականում շեշտը դրված է ոչ թե՝ տարիքի, այլ՝ երեխայի քաշի ու հասակի վրա: Իսկ Հայաստանում դեռ շատ աշխատանք պետք է տարվի, որպեսզի մարդիկ գիտակցեն «քարսիթի» կարևորությունը»:
Նշենք, որ «քարսիթի» գները տատանվում են 7500-215.000-ի սահմաններում:
Անի Կարապետյան