Բաժիններ՝

Փնտրվում են նորաստեղծ աշխատատեղերը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 11-ին Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստի ժամանակ իր ելույթում խոսեց Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունների մասին:

«Մեզ հաջողվել է Հայաստանից արմատախիլ անել համակարգային կոռուպցիան, վերացնել մենաշնորհային տնտեսակարգը, օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարության իրական պայմաններ ստեղծել: Մենք ամենօրյա ռեժիմով կրճատում ենք ստվերային տնտեսությունը. վերջին 10 ամսվա ընթացքում Հայաստանում ստվերից դուրս է բերվել, և ստեղծվել է ավելի քան 50 հազար աշխատատեղ, որն աշխատաշուկայի ընդհանուր թվի 10%-ն է»,- իր ելույթում ասաց Ն.Փաշինյանը:

Սակայն ընդամենը ժամեր անց նույն Ստրասբուրգում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ստեղծված աշխատատեղերի թիվը դարձել է  51 հազար:

«10 ամսվա ընթացքում Հայաստանում աշխատատեղերի թիվն ավելացել է 51 հազարով: Դա աշխատաշուկայի ընդհանուր 10 %-ն է։ Մենք, իհարկե էսօր չենք կարող վստահ ասել, թե էդ աշխատատեղերի ո՞ր մասն է զրոյից ստեղծվել, ո՞ր մասը՝ ստվերից դուրս եկել, բայց եթե նույնիսկ ամբողջն է ստվերից դուրս եկել, դա աննախադեպ հաջողություն է»,- հայտարարեց Փաշինյանը:

Ժամերի տարբերությամբ աշխատատեղերի այդ զգալի աճի հանելուկը վարչապետը չի բացահայտել: Մինչդեռ, մեր երկրում ոչ թե 1000, այլ անգամ 100 աշխատատեղն էական նշանակություն ունի։ Թե որտե՞ղ են այդ նորաստեղծ աշխատատեղերը և ինչպե՞ս 50 հազարը դարձավ 51 հազար, «168 Ժամը» փորձեց պարզաբանումներ ստանալ գործադիրի ու օրենսդիրի ներկայացուցիչներից:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Սարգսյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, թե առաջիկայում հրապարակումներ կլինեն՝ ի՞նչ ընկերություններ են բացվել, ո՞ր ոլորտներում, և քանի՞ աշխատատեղ է ստեղծվել:

Նա հրաժարվեց նորաստեղծ ընկերությունների օրինակներ նշել. «Երկրում իրավիճակ է փոխվել, իշխանական պատգամավորները պարտական չեն և չեն տիրապետում բիզնեսում տեղի ունեցող ամբողջ պրոցեսներին: Նախկինում փայ էին մտնում ու դաբրոներ էին տալիս, դրա համար գիտեին՝ որտեղ՝ ինչ կա: Հիմա նման ֆունկցիա չունեն իշխանական պատգամավորները, մենք ընդամենը համակարգում ենք դաշտը, ըստ այդմ՝ նոր տնտեսվարողներ, խաղացողներ են հայտնվում դաշտում»:

Թե ինչպե՞ս է մի քանի ժամում 1000 աշխատատեղ ավելացել, Սարգսյանի կարծիքով՝ տարբեր մեկնաբանություններ կարող են լինել՝ կախված նրանից, թե ինչ է նկատի ունեցել վարչապետը: «Կարող է՝ զանգ է ստացել ներդրումների նախարարից, ու նա ասել է՝ պարո՛ն վարչապետ, այս ընթացքում ևս հազարն ավելացել են, և արդեն ճշտված՝ վարչապետը 51 հազար է ասել»,- վարկած առաջադրեց պատգամավորը:

Իշխող ուժի պատգամավորը վստահաբար հայտարարեց, որ աշխատատեղերի աճի տեմպերը կմեծանան. «Հոյակապ է լինելու մեր երկրում»:

ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը մեզ հետ զրույցում հերքեց իշխանական պատգամավորի վարկածը՝ ինքը չի զանգել վարչապետին. «Ես չեմ եղել զանգողը: Վստահ եմ, որ Պետեկամուտների կոմիտեն (ՊԵԿ) է զեկուցել»: Ըստ նրա՝ այդ տարբերությունը նորմալ է, միշտ վերջին թվերը կարելի է, մաթեմատիկական լեզվով ասած, կլորացնել այս կամ այն կողմ: Նախարարը խորհուրդ տվեց թեթև վերաբերվել նման փոքր տարբերություններին, որովհետև երկարաժամկետ առումով դրանք քիչ նշանակություն ունեն:

Թե որտե՞ղ փնտրել նորաստեղծ աշխատատեղերը, նախարար Տ. Խաչատրյանը խորհուրդ տվեց դիմել ՊԵԿ. «Վստահաբար Պետեկամուտների կոմիտեն կտա պարզաբանում: Կառուցվածքը չեմ կարող ասել, չեմ տիրապետում թվին: Բայց հիշենք 2 բան՝ դա ֆորմալացված և նորաստեղծ աշխատատեղերի հանրագումարն է: Երբ կառավարությունն ԱԺ ներկայացրեց նախորդ տարվա գործունեության զեկույցը, այդ պահի դրությամբ նորահայտ աշխատատեղերի թիվը 37 հազար էր, մնացած 13-14 հազարը գումարվել է այս ընթացքում, և դա շատ մեծ չափով հետևանք է հարկային վարչարարության բարելավման: Թե ո՞ր մասն է ստվերից դուրս բերվել, ո՞ր մասը նոր ստեղծվել, դա գնահատման ենթակա չի»:

Տ.Խաչատրյանը մտաբերեց 2 օրինակ, երբ կազմակերպություններն ընդլայնել են աշխատակազմը՝ Վանաձորում թեթև արդյունաբերության բնագավառում գործող «Գլորիա» կարի ֆաբրիկան և նրա հետ կապակցվածները, որոնք շատ հաջողությամբ համագործակցում են եվրոպական իրենց գործընկերների հետ, և «Տավուշ տեքստիլը», որը սահմանամերձ շրջանում գործող բազմաթիվ գյուղերում և Բերդ քաղաքում ունի տեքստիլի արտադրություն: «Սրանք ոչ թե ստվերից դուրս եկածն է, այլ կամաց-կամաց իրական աճող կազմակերպություններն են: Վստահաբար, էլի կան նման օրինակներ»,- ասաց նախարարը:

Պարտադիր 1000 դրամ վճարների կայքը հաստատեց նախարարի խոսքերը: Ըստ դրա՝ Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկան անցած տարվա փետրվարին ունեցել է գրանցված 1 աշխատող, իսկ այս տարվա փետրվարին՝ 1070: «Տավուշ տեքստիլի» մասով վերջին տվյալը հունվարի դրությամբ էր, որի համաձայն՝ մեկ տարում գրանցված աշխատողների թիվը 271-ից դարձել է 531: 

ՀՀ Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը նշեց, որ աշխատատեղերի մասին տեղեկատվություն այդ պահին ձեռքի տակ չունի: Սակայն, ըստ նրա, խոսքն ավելի շատ ստվերից դուրս բերվելու մասին է:

Նախարարը նշեց, որ իր ղեկավարած ոլորտներում անցած տարվա վերջին եռամսյակում 3 նոր արտերկրյա ընկերություններ են եկել Հայաստան ու գրանցվել, օրինակ՝ DISQO, ServiceTitan ընկերությունները և այլն, նաև տեղական նորահայտ ընկերություններ կան, որ գրանցվում են. «Բազմաթիվ, տասնյակ ընկերություններ կան նոր գրանցվող: Եվ միանշանակ, նոր ստեղծվող աշխատատեղերի աճն ավելի արագ է, քան աշխատատեղերի կրճատումը»:

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արկադի Խաչատրյանն աշխատատեղերի ստեղծման վիճակագրությանը չէր տիրապետում: Իր շրջապատում ակնհայտ փոփոխություն պատգամավորը դեռ չի նկատել.

«Ես չեմ նկատել շոշափելի ավելացում իմ շրջապատում աշխատատեղերի մասով: Սակայն կառավարությունը քայլեր է կատարում ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ, մասնավորապես՝ կոռուպցիայի դեմ պայքարի և հակամենաշնորհային քաղաքականության, որպեսզի շուկաների մոնոպոլիզացիայի աստիճանը նվազի և խթանվի ազատ մրցակցությունը: Այդ քայլերը կատարվում են, և դրանք չափազանց կարևոր ու անհրաժեշտ քայլեր են, բայց՝ ոչ բավարար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս