Ո՞վ է հաջորդը. Գործարար հանրությանը լուրջ փորձություն է սպասվում
Այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե հրահանգել է գործ հարուցել իր բարեկամներից մեկի նկատմամբ, սկսեցին խոսակցություններ պտտվել, որ դրանով վարչապետը նախապատրաստում է ձերբակալությունների հերթական փուլը։ Ու դա երկար սպասեցնել չտվեց։ Հաշված օրեր հետո ձերբակալվեց «Սպայկա« ընկերության սեփականատերը։ Նա մեղադրվեց տարիներ առաջ իրականացված գործունեության արդյունքում հարկային պարտավորությունները թաքցնելու մեջ։
Խոսքն այս փուլում 7 մլրդ դրամի մասին է, որը, ըստ վարչապետի, դեռ սկիզբն է։ Կանխատեսվում է, որ այդ գումարը կարող է հասնել 14, 25 կամ 30 մլրդ դրամի։
Եթե իրականանա այս կանխատեսումը, ապա այդ ընկերությունը հազիվ թե կարողանա խուսափել սնանկացումից։ Գուցե պետությունն այս ամենի արդյունքում լրացուցիչ հարկային մուտքեր ստանա պետական բյուջե, բայց դրա հետևանքները շատ ավելի տխուր են լինելու։ Ու ոչ միայն «Սպայկայի» և այստեղ զբաղված շուրջ 2000 աշխատակիցների, այլև ընդհանրապես տնտեսության ու տնտեսական միջավայրի համար։
Ընկերությունն արդեն հայտարարել է բազմաթիվ համայնքներում մթերումներ իրականացնելու անհնարինության մասին։ Ու ինչքան էլ վարչապետը ասի, թե լավ էլ աշխատելու են, դա ոչինչ չի նշանակում։
Բայց սա հետևանքների միայն փոքր մասն է։ Եթե ոչ հիմա, ապա հետագայում, անշուշտ, հայտնվելու են նոր ընկերություններ, որոնք զբաղեցնելու են «Սպայկայի» տեղը։ Թեև հասկանալի է, որ դրա համար ժամանակ կպահանջվի։ Թե որքա՞ն կորուստներ կկրի գյուղացին այդ ընթացքում, առայժմ վաղ է հաշվել։
Այն, որ պետությունից գողացած փողերը պետք է վերադարձնել, այլ կարծիք լինել չի կարող։ Բայց կարելի է, չէ՞, դա անել տնտեսությանը չվնասելու ճանապարհով։ Չգիտես՝ ինչու, կառավարությունը գնում է հակառակ ուղղությամբ. քանդում է եղածը` առանց մտածելու նորը ստեղծելու մասին։
Իհարկե, խնդիրն ամենևին էլ միայն «Սպայկան» չէ, որն այսօր կանգնած է տնտեսական գործունեությունը դադարեցնելու կամ նախատեսված ներդրումային ու գործարար ծրագրերը սառեցնելու վտանգի առջև։ Խնդիրն այն է, որ նույն ձևով կառավարությունը կարող է հարվածի տակ վերցնել բոլոր նրանց, ում կհամարի ոչ յուրային։ Պատահական չէ, որ գործարար հանրությունը խիստ անհանգստացած է վերջին դեպքերի կապակցությամբ։ Իսկ այդ անհանգստությունն անտեղի չէ։ Ցանկացած պահի նույն ճակատագիրը կարող է սպառնալ յուրաքանչյուրին։
Այնպես չէ, որ հարկային նախկին պարտավորությունների հետ կապված խնդիրներ չեն կարող լինել մյուսների մոտ։ Դա եղել է համակարգային խնդիր, որին այս կամ այն կերպ առնչվել են գրեթե բոլորը։
Ու հիմա, երբ կառավարությունը գնում է նման քայլի, պետք է գիտակցի նաև հնարավոր բացասական հետևանքները։ Եթե կա նպատակ՝ բացահայտել նախկինում թաքցված պարտավորությունները, ապա դա չպետք է լինի ընտրողաբար։ Իսկ ինչո՞ւ չվերցնել խոշոր հարկատուների ցանկը և սկսել առաջին համարից ու այդպես գնալ մինչև վերջ։ Կասկած չկա, որ ցանկության դեպքում բոլորի մոտ էլ ինչ-որ բան կբացահայտվի։ Թե՞ դա նպատակահարմար չէ, որովհետև այդ ցանկում քիչ չեն նաև յուրայիները։
Զարմանալի չէ, որ, ինչպես Պետեկամուտների կոմիտեն, այնպես էլ վարչապետը վերջին շրջանում մոռացել են երբեմնի օլիգարխ և Հայաստանի թիվ մեկ անպարտաճանաչ հարկատուի համբավ ունեցող հայտնի գործարարին։ Խոսքը Սամվել Ալեքսանյանի մասին է, որի անօրինական գործունեությանը մեկ անգամ չէ, որ Նիկոլ Փաշինյանը ժամանակին անդրադարձել է։
Հիմա դա վարչապետն այլևս չի հիշում, որովհետև Սամվել Ալեքսանյանն արդեն յուրային է և սպասարկում է նոր իշխանությունների շահերը։ Ծիծաղելի է, երբ հայտարարվում է, թե իբր նա հարմարվել է նոր իրողություններին և այլևս հարկերը չի թաքցնում։ Ընդունենք, թե հիմա չի թաքցնում, իսկ նախկինո՞ւմ։ Դե թող գնան ու ստուգեն, թե նույն Սամվել Ալեքսանյանն ինչքա՞ն հարկ է թաքցրել պետությունից մինչև իշխանափոխությունը։
Իսկ գուցե գործարարների մոտ հարկային նախկին պարտավորությունների կատարման վերաբերյալ ստուգումները պետք էր սկսել Հայաստանի թիվ մեկ հարկատուի՞ց, թե՞ հեղափոխության օրերին քայլ արած գործարարներին այդ վտանգը չի սպառնում։ Այնպես, ինչպես, ասենք` Գագիկ Ծառուկյանին, որին հարկային մարմինները շատ արագ հիշում են այն ժամանակ, երբ իշխանության ծիրից դուրս ինչ-որ քայլեր է փորձում անել։
Եթե սա է մոտեցումը, ապա դժվար չէ պատկերացնել, թե ինչ է լինելու, երբ սկսի գործել անցումային արդարության կամ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտը։
Այս ամենից սեփականության վերաբաշխման հոտ է գալիս։ Եթե նույնիսկ նման խնդիր դրված չէ, միևնույն է՝ ամեն ինչ տանում է դրան։
Որքան էլ կարող է արդարացված լինել թաքցված գումարները բացահայտելու ձգտումը, դա պետք է արվի այնպես, որպեսզի տնտեսությունն ու հասարակությունը հնարավորինս քիչ վնասներ կրեն դրանից։ Ի վերջո, ցանկացած գործարարի սնանկացումից տուժում է ոչ միայն ինքը։
Եվ, որ շատ կարևոր է, այս ամենը բոլորովին էլ չի բխում երկրի գործարար մթնոլորտի շահերից։ Հազիվ թե կարելի է կարծել, որ նման պայմաններում կարող են Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացվել։ Ընդ որում, խոսքը ոչ միայն արտաքին, այլև ներքին ներդրումներին է վերաբերում։
Այդ ո՞ր գործարարը կգնա ներդրումներ անելու, երբ գիտի, որ վաղն իրենից պատասխան են պահանջելու ոչ միայն ներդրումների, այլև տարիներ առաջ իրականացված գործունեության հետևանքով հարկային պարտավորությունները պատշաճ չկատարելու համար։ Ու չի բացառվում, որ նույնիսկ հայտնվի ճաղերի հետևում, այնպես, ինչպես «Սպայկայի» սեփականատերը։
Սա լուրջ ահազանգ է գործարարության համար։ Հատկապես որ, ցանկության դեպքում գրեթե ցանկացած գործարարի մոտ կարող են նման երևույթներ բացահայտվել։ Չի բացառվում, որ այդպես շարունակվելու դեպքում շուտով առնչվենք նաև բիզնեսի փախուստի հետ։
Հազիվ թե սա որևէ մեկին, այդ թվում՝ կառավարությանը, կարող է ձեռնտու լինել։ Ուստի, եթե կա հարկերի վճարման հետ կապված խնդիր, և իրականում կա, ապա դա պետք է փորձել լուծել ոչ թե բիզնեսը վնասելու կամ ոչնչացնելու, այլ փոխհամաձայնության տարբերակներ գտնելու ճանապարհով։ Մի բան, ինչից կշահի պետական բյուջեն, չի տուժի նաև բիզնեսն ու տնտեսությունը։
Թե ո՞ր ճանապարհով կգնա կառավարությունը, ցույց կտա ժամանակը։ Ամեն դեպքում միանշանակ է, որ երկրին ու տնտեսությանը ոչ թե նոր ցնցումներ են պետք, այլ կայունություն և հանգստություն։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ