Բաժիններ՝

Հնդկաստանում մեկնարկել են պատմության մեջ ամենաընդգրկուն խորհրդարանական ընտրությունները

Հնդկաստանի 20 նահանգներում եւ դաշնային տարածքներում ապրիլի 11-ին քվեարկության առաջին փուլն է սկսվել Լոք սաբհայի (երկրի խորհրդարանի ստորին պալատի) ընտրություններում։

Ընդհանուր առմամբ քվեարկությանը, որը, փորձագետների կանխատեսումներով՝ կդառնա ամենաընդգրկունը համաշխարհային պատմության մեջ, կմասնակցի հանրապետության շուրջ 900 միլիոն քաղաքացի: Նախնական տվյալներով՝ դրանց անցկացումը երկրի վրա կնստի ավելի քան յոթ միլիարդ դոլար, ինչը նաեւ այս ընտրություններն «ամենաթանկն» է դարձնում պատմության մեջ:

Քվեարկությունը տեղի կունենա յոթ փուլով ապրիլի 11-ից մինեւ մայիսի 19-ն ըստ հերթականության 29 նահանգներում եւ 7 դաշնային տարածքներում: Նկատի առնելով ընտրողների վիթխարի թիվը՝ քվեաթերթիկների հաշվումն, ինչպես սպասվում է, կավարտվի սոսկ մայիսի 23-ին: Ընդհանուր առմամբ ընտրությունների կազմակերպմանը մասնակցում են 5 միլիոնից ավելի պաշտոնյաներ եւ ոստիկաններ:

Ամբողջ երկրում կգործի մեկ միլիոնից ավելի ընտրական տեղամաս: Հիմնական պայքարը կծավալվի երկու քաղաքական ուժերի՝ կառավարող «Բհարաթիա ջանաթա պարտիի» (ԲՋՊ), որը գլխավորում է գործող վարչապետ Նարենդրա Մոդին, եւ «Հնդկաստանի ազգային կոնգրեսի» (ՀԱԿ), որի գլուխ կանգնած է Ռահուլ Գանդին, որը սերում է Հնդկաստանի ամենաազդեցիկ Ներու-Գանդի քաղաքական կլանից, միջեւ:

Ընտրությունների հիմնական ինտրիգն այն է, թե ԲՋՊ-ն կկարողանա արդյոք կրկնել 2014 թվականի հաջողությունը եւ արժանանալ ընտրողերի ճնշող մեծամասնության պաշտպանությանը, իսկ Մոդին՝ անընդմեջ երկրորդ ժամկետով զբաղեցնել վարչապետի աթոռը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս