Ո՞ր մարմինը և ի՞նչ հիմնավորմամբ թույլ չի տվել Ռոբերտ Քոչարյանի և մանկահասակ թոռնիկի տեսակցությունը

Այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված կալանավորման որոշումը բողոքարկելու վերաբերյալ  վերսկսված դատական նիստից հետո փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ այս պահի դրությամբ 2-րդ նախագահին չի կարող տեսակցել տղաներից մեկը՝ Սեդրակ Քոչարյանը, և փոքր երեխան՝ թոռը։ Մնացած հարազատները կարողանում են տեսակցել։ Մինչ այդ նման հայտարարություն էր արել նաև մյուս պաշտպանը՝ Արամ Օրբելյանը։

Մենք կապ հաստատեցինք Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) հետ՝ հասկանալու համար, թե ինչո՞ւ չի թույլատրվում մանկահասակ թոռնիկի հետ տեսակցությունը, և ինչպե՞ս կարող է փոքրիկ երեխան խաչընդոտել նախաքննությանը։

«Նման բան չկա, տեսակցությունը թույլատրված է։ Թոռնիկին տեսակցելու համար դիմել են, և թույլատրել ենք»,- 168.am-ին ասացին ՀՔԾ-ից։

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի  պետ Նոնա Նավիկյանը չկարողացավ պատասխանել մեր հարցին՝ եթե ՀՔԾ-ն թույլատվութուն տվել է, բայց պաշտպանն էլ պնդում է, որ թոռնիկին չեն թույլատրել տեսակցել Ռոբերտ Քոչարյանին, այդ դեպքում արդյո՞ք Քրեակատարողական ծառայությունը չի թույլատրել, վերջինս պատասխանեց.

«Քանի որ աշխատանքային ժամն ավարտվել է, ես էլ տեղեկության չեմ տիրապետում, խնդրում եմ, դիմեք վաղը»։

Հեռախոսային կապ հաստատեցինք «Երևան-Կենտրոն» ՔԿՀ պետ Վահե Պապոյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչո՞ւ ապրիլի 3-ին թույլ չեն տվել Ռոբերտ Քոչարյանի և նրա մանկահասակ թոռնիկի տեսակցությունը, այն դեպքում, երբ ՀՔԾ-ից ասում են, թե թույլատրել են։ Եվ, ի վերջո, ի՞նչ հիմնավորմամբ չեն թույլատրել։ Վ. Պապոյանը սկզբում հետաքրքրվեց, թե ո՞վ է «168 Ժամի» լրագրողին տվել իր բջջային հեռախոսահամարը, ապա խորհուրդ տվեց դիմել Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին։

Այս ամենից հետո կրկին կապ հաստատեցինք Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանի հետ։ Վերջինս կտրականապես հերքեց Հատուկ քննչական ծառայության մեկնաբանությունը՝ ասելով. «2019թ. ապրիլի 3-ին Ռոբերտ Քոչարյանի մանկահասակ թոռնիկին թույլ չեն տվել Քրեակատարողական հիմնարկում տեսակցել պապիկի հետ, և մինչ օրս թույլ չեն տվել, և դա փաստ է, որը կարող են հանգամանորեն ստուգել։ Այդ օրը նրանք գնացել են, սակայն թույլ չեն տվել տեսակցությունը»։

Տեսանյութեր

Լրահոս