«Այս աշխատաոճը շատ բնորոշ է ավտորիտար կառավարման համակարգ ունեցող երկրներին». Քաղտեխնոլոգը՝ վարչապետի գործողությունների մասին

Ապրիլի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Նորագավիթի ավտոմաքսատուն, շրջայց կատարելիս մտել էր աշխատասենյակներից մեկը, որտեղ հայկական դրոշը հենած էր եղել պատին։ Այս ամենը զայրացրել էր վարչապետին, ուստի նա մաքսատան աշխատակցին հրամայեց դրոշը կարգի բերելուց հետո դիմում գրել և հեռանալ աշխատանքից: Նա նաև ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հանձնարական էր տվել աշխատանքից ազատել այդ սենյակի բոլոր աշխատակիցներին՝ դրոշի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար։

Նույն աշխատակցին Փաշինյանը հասցրել էր ևս մեկ նկատողություն անել՝ ասելով, որ, երբ վարչապետը գալիս է, պետք է ձգված կանգնեն:

«Ինչի՞ համար է ինքը ստեղ: Որտեղ դրոշը դրել ա՝  տենց էլ՝ աշխատանքը… ինքն ավելի բարձր է կանգնած, քան դրոշը: Նույնիսկ նստած ժամանակ ինքն ավելի բարձր ա, քան դրոշը: Էդ ա իրա ընկալումը: Ո՞նց կարա մարդն ամեն օր գա, մտնի իրա աշխատասենյակը, տենա՝ դրոշը կեղտոտ գցած ա անկյունում… Էդ մարդը ո՞նց կարա Հայաստանում ուսադիրների տակ լինի: Կազատե՛ք բոլորին, մի մարդ չմնա էդ սենյակում աշխատող, մի մարդ չմնա: Անուն-ազգանուններով կհետևեք»,- ավտոմաքսատանն ասել էր վարչապետը։ 

Թեմայի շուրջ 168.am-ը զրուցեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ։

– Պարոն Բադալյան Նորագավիթի ավտոմաքսատանը տեղի ունեցածը քաղաքական տեխնոլոգիա՞ է, ինչի՞ համար արվեց այդ ամենը։ Վարչապետը մաքսատան աշխատակցին ազատելու լիազորություններ ունի՞։

– Այստեղ հարցը պետք է դիտարկենք իրավական և քաղաքական հարթություններում։ Իրավական տեսանկյունից վարչապետն իրավունք ունի կարգադրել, որպեսզի աշխատողը դրոշի նկատմամբ ցուցաբերի հարգալից վերաբերմունք։ Այդ աշխատողի իրավունքները պաշտպանված են «Աշխատանքային օրենսգրքով», և իրավունքի պաշտպանները պետք է դիտարկեն, թե արդյո՞ք «Աշխատանքային օրենսգրքով» այնպիսի նորմ կա, ըստ որի՝ դրոշի նկատմամբ, ըստ վարչապետի՝ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար կարող են ազատվել աշխատանքից։ Որովհետև երբ տվյալ մարդն ընդունվում է որևէ պետական հիմնարկ աշխատելու, նա այնտեղ ընդունվում է աշխատանքային պայմանագրի հիման վրա, որտեղ հստակ նշված է, թե նա ինչ իրավունքներ ու պարտականություններ ունի, ինչ գործառույթներ պետք է իրականացնի տվյալ հիմնարկում և որ դեպքում կարող է աշխատանքից ազատվել։ Իրավունքի համապատասխան մասնագետները պետք է նաև հստակ ասեն, թե արդյո՞ք մարդուն պետք է անմիջապես ազատեն աշխատանքից, և ոչ թե՝ բանավոր նկատողություն անեն։

Այսինքն՝ այստեղ իրավական առումով լուրջ քննարկվող հարց կա։ Պետք է ասեն, թե արդյո՞ք դրոշը պատին կիսահենած վիճակն անարգանք է դրոշի նկատմամբ, քանի որ վարչապետը կարող է ցանկացած կերպ մեկնաբանել այդ գործողությունը և անվանել անարգանք դրոշի նկատմամբ։

Ինչ վերաբերում է քաղաքական կողմին, ապա այստեղ ավելի խորքային են պատճառները։ Մասնավորապես՝ նախորդ տարի ապրիլին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, թվում էր, թե նոր իշխանությունները, այն գործողությունները, որոնք անվանում էին հեղափոխություն, դրա համատեքստում ՀՀ զարգացման համար տարբեր բնագավառների վերաբերյալ կներկայացնեին հայեցակարգեր։

Բայց մենք տեսնում ենք, որ դա չկա, բոլորս ենք տեսնում Ազգային ժողովի, Կառավարության աշխատանքները։ Բնականաբար, այս աշխատանքները սկսում են փոխարինել PR ակցիաներով։ Բոլորի համար ավելի կարևոր էին ոչ թե՝ մաքսատան հատակին թափթփված ծխախոտի մնացորդները, այլ, թե ինչպես է կատարվում մեքենաների մաքսազերծումը, Մաքսային օրենսդրությունը, այնտեղ ինչ փոփոխություններ պետք է անել, և այլն: Սրանք ավելի կարևոր հարցեր էին, քան այն, ինչ երեկ տեղի ունեցավ մաքսատանը։

Եթե որոշակի քննարկումներ չկան, ապա պետք է եթերն ինչ-որ բանով լցնել, այն չի կարող դատարկ մնալ. «Եթեր» ասելով՝ նկատի ունեմ լրատվական դաշտը։ Քանի որ այսօրվա իշխանությունը լրատվական և քաղաքական դաշտը դրական զարգացման ծրագրերով լցնելու օրակարգ չունի, ապա այդ օրակարգին փոխարինելու են գալիս PR ակցիաները։

– Այն մեթոդները, որոնք կիրառեց վարչապետը, որքանո՞վ են ընդունելի կամ կիրառելի այլ երկրներում։

– Նման մեթոդոլոգիայով հաճախ աշխատում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որն ավանում են «ձեռքով կառավարման» մեթոդոլոգիա։ Երբ վարչապետն անձամբ գտնվելով այս կամ այն հիմնարկում՝ հանձնարարություն է տալիս գետնից մաքրել աղբի մնացորդը, տարածքը բարեկարգել… Այս աշխատաոճը շատ բնորոշ է ավտորիտար կառավարման համակարգ ունեցող երկրներին, որի լավագույն օրինակը հենց Բելառուսի օրինակն է: Ուշադրությամբ դիտարկելու դեպքում՝ կտեսնենք, որ Լուկաշենկոն 1993 թվականից մինչ օրս աշխատում է նույն ոճով: Օրինակ, նա կարող է գնալ մի ֆերմա և ասել, որ այստեղ խոզերն իրենց լավ չեն զգում, ուստի պետք է աշխատակիցներն ազատվեն աշխատանքից։ Հիմա այս նույն ոճը տեղափոխվում է Հայաստան։

– Պարոն Բադալյան, այդ քայլով ի՞նչ էր ցանկանում ցույց տալ ՀՀ վարչապետը, և դա ինչպե՞ս կարող է ընկալվել ժողովրդի կողմից։

– Դժվարանում եմ ասել, թե ժողովուրդն այդ քայլն ինչպես կընդունի, բայց վարչապետը ոչինչ չի ցանկանում ցույց տալ, նա իրականում այդպես է անում։ Դա ձևականություն չէր, դրանով նա մեսիջ չէր հղում ինչ-որ խմբերի, նա իրականում այդպես է պատկերացնում աշխատանքը, դա նրան բնորոշ վարքագիծ էր, արհեստական բաներ չկային։

Սակայն վարչապետի մոտ աստիճանաբար սկսում է ի հայտ գալ չհասկացվածության խնդիր, երբ նա ցանկանում է դրական գործ անել, սակայն շրջապատված է այնպիսի մարդկանցով, որոնք համարժեք չեն իր պատկերացրած ղեկավարմանը։ Հոգեբանական այդ պահը նրա մոտ սկսում է ավելի ու ավելի ամրապնդվել, սկսում է ի հայտ գալ անսխալականության, չհասկացվածության սինդրոմը։ Այսինքն՝ այդ արարքը դերասանություն չէր, այլ բնական արարք։

– Վարչապետի այդ քայլից հետո համացանցում բուռն քննարկումներ են ծավալվել, օգտատերերից շատերը հիշեցնում են նաև, թե ինչպես էր Նիկոլ Փաշինյանը Կանադայի վարչապետի հետ եռագույն դրոշով գուլպաներ հագնում՝ հռետորական հարց հնչեցնելով, թե արդյոք դա արարգանք չէ՞ր ՀՀ դրոշի նկատմամբ։

– Յուրաքանչյուր օգտատեր իրավունք ունի հայտնել իր տեսակետը, դա նրանց իրավունքն է, չեմ կարող ասել՝ սխալ են կամ ճիշտ։ Վարչապետը չէր մտածում, որ ազգային խորհրդանիշի գույներով գուլպաներ կրելը կարող էր վիրավորական լինել, ի վերջո, նա դրոշ չի հագել, այլ գուլպա։ Այն ժամանակ վարչապետն այդպես էր նպատակահարմար գտել, այդպես էր արել։

Ամբողջ խնդիրն էլ հենց դա է, որ չկա որևէ հստակ հայեցակարգային մոտեցում, ուղղակի պահի տակ իրականացրած սինդրոմային գործողություն էր։ Այն ժամանակ վարչապետն այդպես էր հարմար գտել, վաղը կարող է այլ բան անել, սա նրա աշխատանքի ոճն է, ինչն արդեն նկատելի է։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս