Զոհրաբ Մնացականյանն ու Լուիզ Մուշիկիվաբոն անդրադարձել են Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում ՀՀ նախագահության առաջնահերթություններին
Պաշտոնական այցելությամբ Ռուանդայում գտնվող Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ապրիլի 6-ին հանդիպել է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ:
Ինչպես հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Զոհրաբ Մնացականյանը և Լուիզ Մուշիկիվաբոն հանգամանալից անդրադարձ են կատարել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում Հայաստանի նախագահության առաջնահերթություններին և դրանց իրականացման ուղղությամբ ձեռնարկվող գործնական քայլերին:
Այս համատեքստում Հայաստանի արտգործնախարարն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է բարձր տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության և նորարարության ոլորտների զարգացմամբ տնտեսության խթանումը և որպես ՖՄԿ գագաթնաժողովում նախագահության գերակա ուղղություն, ի թիվս այլոց, առանձնացրել ֆրանկոֆոն տարածաշրջանի պետությունների միջև առևտրատնտեսական բաղադրիչի խթանումը և թվային օրակարգի առաջմղումը, բարձր տեխնոլոգիաների ոլորտում առկա ներուժի արդյունավետ օգտագործումը և այդ ոլորտում հայաստանյան փորձի տեղայնացումը:
Նախարար Մնացականյանը նշել է, որ Հայաստանի իշխանությունները քաղաքական հետաքրքրություն են դրսևորում առավել ընդլայնելու աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ բազմակողմ համագործակցությունը, որի առնչությամբ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը լավ հարթակ է հանդիսանում փոխշահավետ շփումների հաստատման և զարգացման գործում:
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը և Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը մտքեր են փոխանակել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության առջև ծառացած խնդիրների, դրանց հաղթահարման ուղիների, գործունեության հետագա ծրագրերի, ֆրանկոֆոնիայի շրջանակներում տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացների, ինչպես նաև միջազգային այլ կառույցների հետ սերտ համագործակցության շուրջ: