Միանգամից 2 Հանձնաժողովների կազմը տակնուվրա անելը տնտեսական հեղափոխության համար ռիսկային է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունը վերջին նիստում հավանություն է տվել ՏՄՊՊՀ եւ ՀԿԾՀ հանձնաժողովների վերաձեւավորման եւ օրենքներում փոփոխություններ կատարելու հարցին։ Օրինագծերը վերաբերում են հանձնաժողովների անդամների վերանշանակման ժամկետը մինչեւ հունիսի 31-ը հետաձգելուն։

Ինչու նշանակումներ չկատարվեցին սահմանված ժամկետում՝ առաջացնելով նոր բարդություն։ Մանավանդ որ երկու հանձնաժողովում էլ այս պահին առկա են թափուր տեղեր՝ 2-ը ՏՄՊՊՀ-ում, 1-ը ՀԿԾՀ-ում։ Ընդ որում ՀԿԾՀ-ում ազատ է նախագահի պաշտոնը։ Իրականում վերանշանակումները չեն արվել, քանի որ չունեն օրենքի պահանջներին համապատասխանող կադրեր։

Եթե նոր իշխանության օրոք վարսավիրները, թիկնապահները, գիշերային ակումբի մենեջերներն ու դերասանները դարձան պատգամավոր ու քաղաքապետ, զբաղեցրին պաշտոններ, ապա այս դեպքում իշխանությունը հանդիպել է պատի։ Այստեղ պրոֆեսիոնալներ, փորձառու կադրեր են պետք, որը չունեն։

Երկու հանձնաժողովների համար էլ թեժ կուլիսային պայքար է ընթացել։ Օպտիմալացված նախարարությունների պաշտոնակատարները փորձել են տնտեսական բլոկի կադրային հարցերը ռուլիտ անող Տիգրան Ավինյանի միջոցով այս հանձնաժողովներում պաշտոն ստանալ, բայց մերձկառավարական մեր աղբյուրները վկայում են հավակնորդների կենսագրությունները թերի են. մեկն իրավաբանական կամ տնտեսագիտական կրթությում չունի, երրորդը շատ հեռու է տնտեսական մրցակցության կամ հանրային ծառայությունների ոլորտից։

Ավելորդ է խոսել օրենքով նախատեսված՝ ոլորտում 10 տարվա աշխատանքային ստաժի մասին։ Միանգամից երկու տնտեսական հանձնաժողովների կազմը տակնուվրա անելը տնտեսական հեղափոխության այս փուլում ռիսկային է։ Այն կարող է պարալիզացնել դրանց գործունեությունը։ Սա արդեն հարցի ոչ թե իրավական այլ գործնական կողմն է, որի մասին կառավարության նիստի ժսմանակ արտահայտվող չեղավ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս