«Փաշինյանի ֆեյքերը տասնյակ-հազարների են հասնում, մենք բացահայտել ենք մոտ 6000 կեղծ օգտահաշիվ». Նարեկ Սամսոնյան

Նիկոլ Փաշինյանն ապրիլի 4-ի կառավարության նիստում Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենին հանձնարարեց պայքարել սոցցանցերում և լրատվամիջոցներում տարածվող ֆեյք՝ կեղծ լուրերի դեմ։ «Սոցիալական ցանցերում կան հեղափոխության դրոշներով հանդես եկող ֆեյքեր, որոնք բռնությունների կոչեր են անում նախկին իշխանության ներկայացուցիչների հասցեին՝ ցույց տալու համար, թե դա իրոք մեր հեղափոխական շրջանակների հետ կապ ունի։ Էս կարգի մանիպուլյացիաները պետք է շատ կոշտ հակահարված ստանան, և ես կարծում եմ, որ ՀՀ օրենսդրությունը նման հնարավորություն տալիս է»,- ասել էր Փաշինյանը:

Այսօր լրագրողների հետ զրույցում «Քաղաքացիական գիտակցություն» հ/կ նախագահ Նարեկ Սամսոնյանն ասաց՝ ՀՀ վարչապետն անցնում է բոլոր կարմիր գծերը:

«Մենք տեսնում ենք, որ ոչ թե Ալիևն է դառնում ժողովրդավար, այլ Նիկոլ Փաշինյանն է դառնում Ալիև: Ադրբեջանում ոչ միայն ֆեյքերը, այլև ֆեյսբուքյան ցանկացած  հրապարակում ենթակա է նման գրաքննություն: Փաշինյանն ասում է՝ ֆեյքերը նախկին հանցավոր իշխանության կողմից  հանցավոր վարվող էջեր են: Եթե ընդդիմությունն ասում է, որ երկրում գոյություն ունեն հանցավոր պաշտոնյաներ, դա շատ նորմալ է, բայց երբ իշխանության ղեկավարը, որի հիմնական առաքելություններից մեկը հանցավոր տարրերին մեկուսացնելն ու պատժելն է, ասում է, որ Հայաստանում դեռ կան հանցավոր տարրեր, հետևաբար, ցանկացած մարդ, ով տարածում է ինֆորմացիա, որն իրենց հաճո չէ, պետք է պատժվի: Շատ վտանգավոր բան է անում վարչապետը:

Փաշինյանը փաստացի ուժի կիրառման սպառնալիք է  հնչեցնում արդեն ոչ միայն քաղաքական, այլև ներքաղաքական համատեքստում:  Ասում է՝ եթե տարածում են մանիպուլյացիոն տեղեկատվություն, իրենց ծնոտի վրա պետք է զգան կառավարության հակազդեցությունը: Կներեք, բայց քուչի բառապաշարը վատ խմբագրի «լեվլից» առաջ չի տարել նրան: Ուժի սպառնալիքով փորձում է լռեցնել մարդկանց, ովքեր կարող են անգամ ֆեյք  էջ ունենալ:

Նիկոլ Փաշինյանի ֆեյքերը տասնյակ-հազարների են հասնում: Մենք բացահայտել ենք մոտ 6000 կեղծ օգտահաշիվ: Կան ֆեյքեր, որոնց սատարող գրառումները  դուրս ենք հանել: Գրում են՝ սատարենք վարչապետին. այս մանիպուլյացիան անում են Հովհաննես Մովսիսյանն ու Արթուր Հովհաննիսյանը՝ հայտնի ՊՈԱԿ-ից»,- նկատեց Նարեկ Սամսոնյանը:

Հավելենք, որ ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը երեկ ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ ֆեյքերի դեմ պայքարելու է «շատ զգույշ», «շատ մտածված»

«Ֆեյք կլինի թե սովորական անձ, եթե գրառումների մեջ չկա հանցակազմ, այդտեղ իրավապահ մարմինները որևէ գործողություն իրականացնելու առիթ չունեն։ Եթե կա հանցակազմ, ԱԱԾ-ն և մյուս իրավապահ մարմինները պարտավոր են արձագանքել և իրականացնել համապատասխան միջոցներ, որպեսզի կանխեն ու բացահայտեն այդ հանցագործությունը»,- ասել էր Վանեցյանը։

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս