«Սա խոսքի ազատությունը գնդակահարելու նոր քաղաքական տեխնոլոգիա է, որը ներդրվել է այս իշխանության օրոք, որպեսզի վախենանք խոսել». Գևորգ Պետրոսյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 4-ի կառավարության նիստում Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենին հանձնարարեց պայքարել սոցցանցերում և լրատվամիջոցներում տարածվող ֆեյք՝ կեղծ լուրերի դեմ։
«Սոցիալական ցանցերում կան հեղափոխության դրոշներով հանդես եկող ֆեյքեր, որոնք բռնությունների կոչեր են անում նախկին իշխանության ներկայացուցիչների հասցեին՝ ցույց տալու համար, թե դա իրոք մեր հեղափոխական շրջանակների հետ կապ ունի։ Էս կարգի մանիպուլյացիաները պետք է շատ կոշտ հակահարված ստանան, և ես կարծում եմ, որ ՀՀ օրենսդրությունը նման հնարավորություն տալիս է»,- ասել էր Փաշինյանը:
«Ամենակարևորը՝ սա խոսքի ազատությունն օրորոցում խեղդելու նոր տեխնոլոգիա է, բայց եթե իրականում ուզում է կարգավորել, ապա ես ողջունում եմ Փաշինյանի նախաձեռնությունը, բայց հորդորում եմ, որ օբյեկտիվությունը պահվի: Հիմա կարող է գնան, իրենց հայհոյողներին պատասխանատվության ենթարկեն, ու վերջ, ուրիշներին ի շահ իրենց հայհոյողներն էլ պետք է պատժվեն»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
«Պարզապես չհասկացա, թե այդ հանձնարարությունն ինչո՞ւ տրվեց ԱԱԾ-ին: Իմ խորին համոզմամբ՝ նրանք ավելի կարևոր գործեր ունեն, դա ավելի շատ ոստիկանության խնդիրն է, ու նրանք պետք է լծվեն գործին: Այս երևույթից պետք է ազատվենք: Ես անգամ հրապարակային հայհոյանքի համար նախագիծ կարող եմ ներկայացնել Ազգային ժողով: Երբ մենք այս կամ այն թեմայով ԱԺ-ում ելույթ ենք ունենում, սկսում ենք անհանգստանալ ոչ միայն նրա համար, թե ինչ իրավաքաղաքական գնահատական է տրվելու մեր ելույթներին, այլ՝ թե այս օրը երեկոյան ինչքա՞ն հայհոյանք ենք «շալակելու»…
Սա խոսքի ազատությունը գնդակահարելու նոր քաղաքական տեխնոլոգիա է, որը ներդրվել է այս իշխանության օրոք, որպեսզի վախենանք խոսել: Չեմ ասում, թե նախկին իշխանության ժամանակ այդ ֆեյքերը, համացանցային խուլիգանները չկային, բայց այսպիսի ահռելի չափերի ու կազմակերպված չէին: Տպավորություն է, որ մի քանի հարյուր հոգի կազմակերպված սպասում են սրա կամ նրա ելույթին: Նշանակություն չունի՝ դու ինչի՞ց ես խոսում, իրականում ելույթդ որքանո՞վ է պետականանպաստ, իրենք պատրաստ կանգնած են, ու սրա վերջը պետք է տրվի: Ես ուրախ կլինեմ, եթե քննարկում լինի համացանցում, ոչ թե հայհոյանք: Հրապարակային վիրավորանքը պետք է դիտել՝ որպես քրեական արարք: Մեկ-երկու հոգու տուգանելը կզսպի մյուսներին»,- հավելեց պատգամավորը:
Անի Կարապետյան