ԲՀԿ-ն առաջարկում է պետական կառավարման մարմինների կողմից պատգամավորի գործունեությունը խոչընդոտելու դեպքում նշանակել տուգանք
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներն առաջարկում են պետական կառավարման մարմինների, համայնքների ղեկավարների, դիվանագիտական ծառայության մարմինների կողմից պատգամավորի օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքում տուգանք կիրառել:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրեց համահեղինակ Գևորգ Պետրոսյանը:
«Պատգամավորի համար առավել քան անհրաժեշտ է, որ նրա գործունեությունը խոչըդնոտող երևույթները դուրս բերվեն մեր իրականությունից: Առաջարկվել է Վարչական իրավախախտումների մասին օրենսգիրքում լրացում կատարել։ Դրանով սահմանվում է, որ կառավարության անդամների, ինչպես նաև կառավարության, վարչապետի, նախարարությունների ենթակա պետական կառավարման համակարգի մարմինների, ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների, համայնքների ղեկավարների և հանրային ծառայություն մատուցող մասնավոր ընկերության ղեկավարների կողմից պատգամավորի օրինական գործունեությանը խոչընդոտելն առաջացնում են տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 100-պատիկի չափով: Այդպիսի դեպքեր կարող են լինել պատգամավորին վերապահված իրավունքներն ապահովելուց հրաժարվելը, դրանք ապահովելուց խուսափելու կամ այդ իրավունքների ապահովման ուղղությամբ խելամիտ գործողությունների չձեռնարկելը և այլն»,-ներկայացրեց Պետրոսյանը:
Իսկ եթե տուգանքի նշանակումից հետո 1 տարվա ընթացքում նույն արարքն իրականացնի, ապա անձը կտուգանվի նվազագույն աշխատավարձի 300-պատիկի չափով:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Ատոմյանը հետաքրքրվեց, թե որն է օրենքի ընդունման անհրաժեշտությունը: Նա նշեց, որ ինքը դեռ ոչ մի խոչըդնոտի չի հանդիպել, որ դիմի որևէ պետական կառույցի և մերժում ստանա, հետաքրքրվեց Պետրոսյանից, թե իր պրակտիկայի ընթացքում եղե՞լ է, արդյոք, նման դեպք:
Պետրոսյանը նշեց՝ եղել են դեպքեր, որ, օրինակ, պատգամավորի հարցումն ամիսներով մնացել է անպատասխան, և որևէ իրավական լծակ չկա այդ անձանց պատասխանատվության ենթարկելու: «Սա «զսպաշապիկ» է այն պաշտոնյաներին, ում համար դեռ ընկալելի չէ, որ ՀՀ-ն խորհրդարանական պետություն է, և պատգամավորը, որը ժողովրդի քվեով լծվել է ժողովրդի խնդիրները լուծելուն, չպետք է իր օրինական գործունեությանը խոչընդոտող որևէ հանգամանքի հանդիպի»,- ասաց պատգամավորն ու շեշտեց՝ օրենքի ընդունման անհրաժեշտությունը ծնվել է նման դեպքերից:
Կառավարությունը բացասական եզրակացության էր տվել նախագծին: Նախագիծը հանձնաժողովում 4 կողմ, 6 դեմ, 3 ձեռնպահ ձայներով ևս ստացավ բացասական եզրակացություն: